Ո՞ՒՄ ՀԵՏ Է ԴԵՊՔԻ ՕՐԸ ԿՈՆՖԼԻԿՏ ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԸ
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԸ
Հունվարի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ դեպքի օրը Հայկազը կոնֆլիկտ է ունեցել կուրսանտներից մեկի հետ, ով, ինչպես հասկացվում է հաղորդագրությունից, գործով չի անցնում: Թե ում հետ է տեղի ունեցել կոնֆլիկտը եւ ինչի համար, փորձեցինք պարզել տուժողի իրավահաջորդների` Բարսեղյանների փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻՑ.
-Դուք տեղյակ եք` ի՞նչ կոնֆլիկտ է եղել եւ ինչի՞ համար:
- Տեղյակը` տեղյակ եմ, բայց դա նախաքննությունը կպարզի: Չեմ ուզում այս պահին նախաքննության գաղտնիք հրապարակել, քանի որ դա միանշանակ կխանգարի գործի ընդհանուր քննությանը:
- Հայտնի է, որ սենյակում, որտեղ կատարվել է դեպքը, քնում էին յոթ հոգի: Ինչո՞ւ յոթերորդ կուրսանտի մասին ոչինչ չի խոսվում:
- Էլի եմ կրկնում` Ձեր ասած բոլոր հարցերին, եթե պատասխանեմ, կստացվի, որ նախաքննության գաղտնիք եմ հրապարակում, իսկ ես չեմ պատրաստվում նախաքննության գաղտնիք հրապարակել: Չստացվի, որ ես խուսափում եմ պատասխանել Ձեր հարցերին, պարզապես, ես փորձում եմ պահպանել օրենքի կետը:
- Գործով երկու մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ինչպես իրենց փաստաբաններն են նշում, ասում են, որ իրենց գլխին սարքել են: Ըստ Ձեզ, կալանավորվածներն իրական մեղավորնե՞րն են, թե...
- Անմեղության կանխավարկածը պահելով` ես չեմ կարող ասել, որ կալանավորվածներն իսկապես կապ ունեն այդ գործի հետ, թե` ոչ: Դա նախաքննությունը կպարզի: Եվ ես չեմ էլ զարմանում կասկածյալների փաստաբանների հայտարարությունների վրա, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում է, որ քրեական գործի շրջանակներում ում մեղադրանք է առաջադրվել (այսինքն` մեղադրյալները), ընդունում են իրենց մեղքը:
Եթե անձինք մեղավոր են, միանշանակ, նախաքննության փուլում կհաստատվի: Պահպանելով անմեղության կանխավարկածը, քանի որ դեռեւս անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, ես չեմ փորձի ասել` իրենք մեղավոր են կամ անմեղ են: Եկեք այդ հարցին ընդհանրապես չանդրադառնանք: Ի վերջո, մեղադրյալը չէ, որ պետք է իր անմեղությունն ապացուցի: Այլ պետք է նախաքննության մարմինը, վարույթն իրականացնող մարմինը ապացուցի տվյալ մեղադրյալի մեղավորությունը:
- Մեղադրյալների պաշտպանները նշում են, որ իրենց պաշտպանյալներից ծեծի եւ խոշտանգման արդյունքում են ցուցմունքներ կորզել, Դուք նման տեղեկատվություն ունե՞ք:
- Չեմ կարծում, որ 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար կարող է խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզվել: Մանր գողություն կամ մանր խուլիգանություն չէ, որ խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզեն եւ անձին դատապարտեն: Սա առանձնապես ծանր հանցագործություն է, եւ նման դեպքերում խոշտանգման միջոցով ցուցմունք չեն կորզում: Համենայնդեպս իմ ունեցած տեղեկություններով, իսկ զրուցել եմ նախաքննության մարմնի հետ, նման բան չի եղել: Մնացածն ավելի հստակ կերեւա դատաքննության փուլում, որովհետեւ դրա հետ կապված էլ գործողություններ կան, որոնք պետք է կատարվեն թե՛ նախաքննության մարմնի, թե՛ համենայնդեպս, մեր կողմից:
- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին նախաքննության ընթացքը:
- Կարծում եմ, որ քրեական գործի նախաքննությունը, համենայնդեպս այս պահի դրությամբ, օբյեկտիվ է իրականացվում: Բավականին գործողություններ կատարվել են, կատարվում են ու կարծում եմ` կկատարվեն: Եթե լինեն գործողություններ, որոնք մեզ համար մատչելի չեն լինի, կամ մենք նորմալ չենք դիտարկի, իհարկե, ես ինքս, որպես ներկայացուցիչ, միջնորդություններով հանդես կգամ, կքննարկվեն միջնորդությունները եւ, բնականաբար, որոշումները կկայացվեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

