"ՀԱՄԼԵՏԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԻՐ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ"
Օրերս կյանքին վերջ տված հայտնի գործարար "Լեւոն Ամիրխանյան" ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի ընկերության փաստաբան Նիկոլայ Հակոբյանը համոզված է, որ գործարարը ինքնասպան է եղել մեծ պարտքերի պատճառով:
"99 տոկոսով համոզված եմ, որ Համլետն ինքնասպան է եղել իր մեծ պարտքերի պատճառով: Նա վերջին երկու տարիներին անընդհատ փորձում էր ելքեր գտնել` ստեղծված իրավիճակից, չէր ընկճվում, բայց վերջին շրջանում շատ էր հուսահատվել: Հավատացեքª հեշտ չէր այդքան ահռելի չափերի հասնող պարտքերը վրան հանգիստ ապրել. մեկ կամ երկու հոգու չէր պարտք, տասնյակ մարդկանց հանդեպ պարտավորվածություններ ուներ, ասում էր` մինչեւ էս պարտքերս չտամ, խիղճս չի կարա հանգիստ լինի",- մեզ հետ զրույցում ասաց գործարարի նախկին փաստաբան Նիկոլայ Հակոբյանը: Թե ինչ է լինելու ընկերության ճակատագիրը, փաստաբանն ասաց. "Ընկերություններից մեկն արդեն իսկ սնանկ է ճանաչվել, նույն ճակատագիրը սպասվում է մյուսներին":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ԹԵ ԻՆՉՆ ԷՐ 20-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում, փետրվարի 22-ին արձանագրվել է հերթական ինքնասպանությունը: Գյուղի 20-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից անասնագոմում` տանիքի հենասյունից կախված: Թե ինչն է եղել 20-ամյա երիտասարդի կյանքին վերջ տալու պատճառը, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց. - Շատ խելացի, աշխույժ երիտասարդ էր, չէր սովորում, գյուղում էր` գյուղի գործերով էր զբաղվում: Կյանքով լեցուն տղա էր, սա այն դեպքն է, որ իսկապես, բոլորիս համար անակնկալ էր կատարվածը: Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը, երբ բարձրացել է անասունների համար խոտ բերելու. խեղճ մարդը մինչ էս պահը ուշքի չի գալիս: Դեպքից առաջ էլ որեւէ արտառոց արարքով աչքի չի ընկել: