"ԴԵՊՔԻ ՕՐԸ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ"
Արխիվ 12-16"ԴԵՊՔԻ ՕՐԸ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ"
Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իր կյանքին վերջ է տվել 14-ամյա Վարուժան Միրզախանյանը: 10-րդ դասարանի աշակերտը պարանով կախվել է իրենց տանը կից անասնագոմում: Անդրադառնալով դեպքի մանրամասներին` Խանջյան գյուղի գյուղապետ ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց.-Գյուղի ամենաժպտերես, ակտիվ եւ հումորով տղաներից էր, բոլորս շոկի մեջ ենք: Նա ընտանիքի մեծ տղան էր: Իրենից փոքր քույր եւ եղբայր ունի: Քինգ բոքս էր պարապում Հոկտեմբերյանում, իսկ ծնողները հողագործությամբ են զբաղվում: Ոչ ոք դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ: Շատ սիրվող տղա էր: Էնքան լավ երեխա էր: Մեկ-մեկ ես էլ անցնում-դառնում, սիրում էի: Դպրոցից, ասում են, ուրախ տրամադրությամբ է տուն եկել, ու հանկարծ նկատել են տանը չի: Հետո հայտնաբերել են արդեն կախված վիճակում` անասնագոմում, որն ամիսներ շարունակ փակ է եղել. հայրը պատահաբար բացել են դուռը եւ հայտնաբերել որդուն` կախված: Չեք պատկերացնում, թե ինչ ողբ է հիմա իրենց ընտանիքում, դե, էլ գյուղացիներիս մասին չեմ ասում: Որ գաք տեսնեք, մի աննկարագրելի ողբերգություն է` խեղճուկրակ հայրը` շփոթված, շոկի մեջ է, մորն էլ հազիվ են կարողանում տասը րոպեն մեկ ուշքի բերել:
Խանջյանի միջնակարգ դպրոցի տնօրեն ԱՐԾՐՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը Վարուժանը չափից դուրս ուրախ է եղելª բացառելով, որ Վրուժանը ինչ-որ սոցիալական խնդիրներից ելնելով` կարող էր նման քայլի գնալ.
- Շատ խելոք հասկացող աշակերտ էր, ոչ մի խնդիր չի ունեցել, ծնողները ոչնչից երեխաներին հետ չեն պահել, կարող էª տասից հետ էին, բայց հինգից առաջ էին: Ինքն էլ սպորտսմեն տղա էր, դպրոցում ոչ մի միջադեպ չի ունեցել, բոլոր ուսուցիչներն իրեն առանձնահատուկ կերպով էին սիրում` իր համուհոտով լինելու համար: Նա, առհասարակ, բնավորությամբ շատ աշխույժ, ծիծաղկոտ տղա էր, բայց դեպքի օրը նա աչքի է ընկել չափից դուրս ուրախ տրամադրությամբ, տպավորություն էր, որ դեպքի օրը իր կյանքի ամենալավ օրերից մեկն էր, շատ-շատ ուրախ էր: Աղջիկները փետրվարի 23-ի հետ կապված` տղաներին նվեր էին տվել, տղաները ուրախությամբ ընդունել են, միասին ասել-խոսել, ծիծաղել են: Դասերին մինչեւ վերջ նստել էր, ուրախ տրամադրությամբ գնացել տուն: Թե հետո ի՞նչ է եղել, ի՞նչ է մտածել, էդպես էլ չհասկացանք: Խոսքեր չեմ գտնում, Վարուժանը չխնայեց թե՛ իրեն, թե՛ ընտանիքին, եւ թե՛ մեզ. բոլորիս գլխին սեւ բերեց:
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ շարժման կամ աղանդի հետ կապ ունեցած լիներ:
- Ես հիմա ամեն ինչի հավատում եմ, բայց զարմանալին այն է, որ էդ էրեխու մոտ ոչ մի արտառոց բան չի նկատվել` թե՛ դասերից հետո, թե՛ դպրոցում: Բայց, թե իրականում ինչ է եղել, մանավանդ դեպքի օրը, դա հանելուկ է բոլորիս համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

