ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԹՈՂԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, պատասխանելով կայքերից մեկի պաշտոնական հարցմանը, մեղմ ասած, չողջունեց ԵԽԽՎ 22 պատվիրակների` "Իրավունք" թերթի դեմ հալածանքներ սկսելու կոչը: Նա նաեւ հարցերի ձեւակերպումը որակել էր "փորք-ինչ հեգնական": Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ հարցուպատասխանից:-Դատապարտե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք դատապարտել "Իրավունք" թերթում հրապարակված, դատական գործի եւ ԵԽԽՎ պատվիրակների հայտարարության պատճառ դարձած "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակ" հոդվածում տեղ գտած մտքերը:
- Տեղեկացնեմ Ձեզ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցվորների հայցն ընդդեմ "Իրավունք" թերթի` Ձեր կողմից նշված հոդվածի կապակցությամբ: Իր որոշման հիմքում դատարանը դրել է խոսքի եւ մամուլի ազատության ժողովրդավարական սկզբունքները: Դատարանի որոշումը հայցվորների կողմից բողոքարկվել է վերադաս ատյան, եւ այն իրավասու է լուծել միմիայն վերաքննիչ դատարանը: Ավելին` արդարադատություն իրականացնելու ընթացքում անընդունելի են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են դիտվել որպես ճնշում անկախ դատական համակարգի նկատմամբ` արդարադատություն իրականացնելու փուլում:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 22 պատգամավորների տարածած հայտարարությանը, ապա դրան ի պատասխան` ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ պարզաբանել է իրավիճակը` մամուլի եւ խոսքի ժողովրդավարական կարեւորագույն սկզբունքների տեսանկյունից: Բացի այդ, Բաբուխանյանը պահանջել է ներողություն խնդրել, եւ այդ վեճը նույնպես կարող է իր լուծումը ստանալ դատական կարգով:
Նշենք նաեւ, որ մի շարք Աժ պատգամավորներ, կուսակցությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպություններ դատապարտել են ԵԽԽՎ 22 պատգամավորների հայտարարությունը` դիտելով այն որպես ճնշում մամուլի եւ խոսքի ազատության հանդեպ:
- Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր` ի՞նչ քայլեր եք ծրագրում իրականացնել "Իրավունք" թերթում մասնավորապես եւ Հայաստանի մեդիադաշտում` առհասարակ ատելության, խտրականության դրսեւորումների դեմ պայքարելու ուղղությամբ:
- Որպես ԱԺ պատգամավոր` չեմ կիսում այն գնահատականը, որ "Իրավունք" թերթում առկա են ատելության կամ խտրականության դրսեւորումներ: Պետք է նշեմ նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բազմակարծությունը (հոդված 7), մտքի ազատության իրավունքը (հոդված 26) , կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը (հոդված 27):
Հոդված 27-ում ասված է. "Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն": Նույն հոդվածում ասված է. "Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է", իսկ "Զանգվածային լրատվության մասին" օրենքի հոդված 4-ում ասված է. "Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունության ընթացքում` որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ": Նույն օրենքում ասված է նաեւ, որ "Արգելվում է որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ":

