«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՉ ՄԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՉ ՄԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ»
Խորհրդարանում այս շաբաթ ԲՀԿ-ական պատգամավորների մեծ «կրիզիս» է նկատվում: Նրանք կարծես լռության ուխտ են արել, մինչեւ կկայանա ԲՀԿ համագումարն ու դեռեւս մնացած ուժերով նրանք կորոշեն ԱԺ այլընտրանքային խմբակցության հետագա ճակատագիրը: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց խորհրդարանական միջանցքում հանդիպել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ, ով հետայսու որեւէ կապ չունի վերոնշյալ խմբակցության հետ, քանի որ ոչ միայն դուրս է եկել հարազատ խմբակցությունից, այլեւ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամակցությունից` դառնալով անկախ պատգամավոր:
«ԻՄ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔՈՎ ՉԵՄ
ԿԱՐՈՂ ԻՆՉ-ՈՐ ԽԱՂԵՐ ԽԱՂԱԼ»
-Պարոն Ախոյան, քանի դեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լռում է, ընդդիմությունը ցայտնոտի մեջ է հայտնվել ու ինքնախարազանմամբ է զբաղված, միեւնույն ժամանակ` ԲՀԿ-ին վարկաբեկելով: Ի՞նչ կասեք ԲՀԿ-ընդդիմություն ներկայիս հարաբերությունների մասին:
- Չեմ ցանկանում մեկնաբանել, եկեք չխոսեմ այս հարաբերությունների մասին, որովհետեւ ինքս դրա մեջ երբեք չեմ եղել: Եթե եղած լինեի, հիմա ինչ-որ մի բան կարող էի ասել: Ներքաղաքական որոշակի խնդիրներ գոյություն ունեն, որից ես այսօր իսկապես տեղեկացված չեմ: Այսինքն` գիտեմ այնքանով, որքանով բոլորը:
- Կանխատեսո՞ւմ էիք այս իրավիճակը, որ ո՛չ իշխանական «եռյակի» ակտիվ մասնակից դարձաք, ո՛չ էլ խառնվեցիք ներքաղաքական խմորումներին:
- Իմ կերպարով, իմ ապրած կյանքով ես չեմ կարող ինչ-որ խաղեր խաղալ: Ես, ուղղակի, գնում եմ իմ ճանապարհով եւ միշտ եմ այդպես եղել: Եվ հայտարարում եմ, որ այսօրվա ամենամեծ խորամանկությունը անկեղծությունն ու մաքրությունն է: Գիտեք, խաղ խաղացող մարդիկ, պետք է լավ հիշողություն ունենան, իսկ ես այդքան հիշողություն չունեմ, որ խաղեր խաղամ: Դրա համար էլ իմ ճանապարհով գնում եմ:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅ ՀԱՅՑՎՈՐ Է, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ
ՔԱՂԱՔԱՑԻ` ՊԱՏԱՍԽԱՆՈՂ»
-Իսկ այսօր արդեն հստակ ծրագիր ունե՞ք, թե ինչպես եք շարունակելու քաղաքական գործունեությունը:
- Գիտեք, եթե չլիներ իմ գործառույթները Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ Արեւմտահայոց ազգային համագումարը, որի հիմնադիր անդամներից եմ եւ ազգային խորհրդի անդամ ու լիազոր ներկայացուցիչը Հայաստանում, անկեղծ ասած, կմտածեի` բա ի՞նչ անեմ: Այնքան անելու բան ունեմ, այն էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 ամիս առաջ: Իմացե՛ք եւ թո՛ղ հայ ազգն իմանա` ցանկացած հայ հայցվոր է, Թուրքիայի ցանկացած քաղաքացի` պատասխանող: Այնպես որ, կարեւոր չէ, թե ով ինչ է անում: Կարեւոր է, թե ով իր հնարավորությունների ինչքան մասն է օգտագործում: Եվ կարծում եմ, որ մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ պետք է էլ ավելի ցայտուն ընդգրկված լինեն այդ բոլոր գործառույթների մեջ:
- Այսինքն` Դուք կարեւորեցիք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, քան ստեղծված ներքաղաքական իրավիճակում մնալը Ձեր խմբակցության կողքի՞ն:
- Անպայման, մի հոգի էլ թող դրանով զբաղվի, ի՞նչ է եղել:
«ԵԹԵ ՆԵՂԱՑԱԾ ԵՆ, ԹՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՆ»
-Ի դեպ, Ձեր ԲՀԿ-ական գործընկերների նեղացվածության մասին ի՞նչ կասեք:
- Նեղացա՞ծ են:
- Համենայնդեպս, որոշակի ենթատեքստերով` իրենց հայտարարությունների ու հարցազրույցների մեջ, դա պարզ երեւում է:
- Եթե նեղացած են, թող արտահայտվեն: Ոչինչ, կլինի, բա իհարկե, քայլ ենք կատարել քաղաքական: Բնականաբար, դա մի հատվածին դուր կգա, մի հատվածին դուր չի գա, մի հատված կուզենա բարձրաձայնի իր խոսքը, բայց չի ասի ու իր մեջ կպահի: Ամեն ինչ հնարավոր է, ոչ մեկից, եթե նույնիսկ արտահայտվեն, չեմ նեղանա:
- ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորներով հնարավո՞ր է` ինչ-որ քաղաքական միավորում կազմեք կամ որոշեք միանալ մեկ այլ խմբակցության:
- Միշտ կողմնակից եմ եղել, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, կոլեգիալ որոշումների: Բնականաբար, միայնակ որոշում կայացնելը շատ դժվար է: Սիրում եմ քննարկել, մի հարցին տարբեր անկյուններից նայել եւ որոշում կայացնել: Այնպես որ, ոչինչ չի բացառվում, ուղղակի, այս պահին ոչ մի կողմնորոշում չունենք: Առայժմ իմ գործերով կզբաղվեմ, մինչեւ տեսնենք` ինչ է լինում: Հենց հիմա էլ եկել եմ խորհրդարան դրա համար, լինելով ուղղափառ երկրների միջպառլամենտական հանձնաժողովի անդամ. լուրջ պատվիրակության ենք սպասում` 30 երկրներից: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` 40 պատգամավոր ենք հրավիրել, որոնք իրենց համաձանությունը տվել են, որ գալու են, նաեւ Թուրքիայից եւ այլ երկրներից:
- Այնուամենայնիվ, հակված եք դառնալ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն:
- Եթե հետեւել եք իմ վարքագծին, ապա գիտեք, որ ես միշտ կառուցող եմ` իմ հոգեբանությամբ եւ իմ մասնագիտությամբ: Վերջիվերջո, շինարար եմ: Մենք կողմնակից ենք կառուցելու, իսկ ընդդիմություն, թե իշխանություն, ես էլի եմ կրկնում եւ ուզում եմ հասկանան բոլորը, որ ե՛ւ ընդդիմությունն է մերը, ե՛ւ իշխանությունն է մերը: Եվ այն պետությունը, որը չունի ուժեղ, իսկապես գրագետ ընդդիմություն, պետության նման չէ: Պառլամենտի ինստիտուտը պետք է վերջիվերջո կայանա Հայաստանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

