ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՆԱԹԻ "ՊԱՅԹՅՈՒՆԸ"
Արխիվ 12-16ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՆԱԹԻ "ՊԱՅԹՅՈՒՆԸ"
Ինքնախոստովանության նմանվող տեսակետով էր իր վերջին հրապարակումներից մեկում հանդես եկել հեղինակավոր Forbes-ը. "Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը ղեկավարում են հիմարները": Ինչ-որ տեղ նաեւ զավեշտի է նմանվում, սակայն նույնª հիմարների թեմային էր անդրադարձել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. "Ամերիկան բաղկացած է տարբեր տեսակի մարդկանցից. երիտասարդներից եւ ծերերից, թույլերից եւ ուժեղներից, խելացիներից եւ հիմարներից: Եվ երբ նրանք, ովքեր իրոք բութ են, կանգնում եւ սկսում են ծաղրածուների նման ծռմռվել, միեւնույնն է, ես նրանց սիրում եմ. չէ՞ որ նրանք էլ են Ամերիկայի մասը եւ ճիշտն ասածª մեծ մասը": Մի խոսքով.
"Ես սիրում եմ Ամերիկան, նույնիսկ նրա հիմարներին",- միտքն ավարտում է Բարաք Հուսեյնովիչըª միայն թե մոռանալով բացատրել, թե հանուն այդ մեծ սիրո՞ է ողջ արտաքին քաղաքականությունը հանձնել Forbes-ի ասած "հիմարներին":ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՔԱՆ "ՄԱՆՐԱՑԵ՞Լ Է"
Իհարկեª կարող է հարց առաջանալ, թե` մեզ ի՞նչ, թե ովքեր են ղեկավարում ամերիկյան արտաքին քաղաքականությունը, եւ եթե վերաբերում էլ է, ապա ավելի լավ է, որ հիմարներ են. սխալներ շատ կանեն: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք արդեն մեր պապական խոսքըª փոսը քար գցած մեկ հիմարի եւ այն հանել փորձող հարյուր խելոքների մասին: Իսկ ինչ հսկայական քարեր կարող են այդ փոսը գցել Forbes-ի նշած "հիմարները". այստեղ արդեն հարյուր չէ, հազար խելոքն էլ կարող է անելանելի վիճակում հայտնվել: Մի խոսքով, հաստատ որեւէ մեկին լավ բան չի խոստանում Forbes-ի նկարագրած իրավիճակը: Մասնավորապեսª Հայաստանին, հաշվի առնելով նաեւ, որ այս օրերին նույն ամերիկյան արտաքին քաղաքականությունն սկսել է նորից համառորեն պտտվել Ղարաբաղի շուրջ:
Դեռ միայն վերջերս էր, որ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Հայաստան կատարած այցի ժամանակ ակնարկեց, թե կոչ է անում Հայաստանին, որպես մարդասիրական ժեստ, Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղում դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին: Եվ ահա նախօրեին էլ նույն թեման առաջ տարավ նաեւ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակինª դրանով իսկ հաստատելով, որ այդ հարցը Պետքարտուղարության օրակարգում է: Իհարկեª կարելի է հասկանալ, թե ինչու հանկարծ Պետքարտուղարությունը որոշեց այսքան ֆիքսվել այդ թեմայի վրա: Բայց նախ նկատենք, որ Ասկերովի եւ Գուլիեւի հարցով Բաքուն իրոք բավականին բարդ վիճակի մեջ է հայտնվել: Ստեփանակերտը այդ թեման տեղափոխելով իրավական հարթությունª փաստացի հենց այդ դիրքերից ի ցույց դրեց աշխարհին, թե` տեսեք, այս երկու ադրբեջանցիները դիվերսիոն նպատակներով մտել են մեր տարածք, անչափահասի սպանել: Դա կանխելու համար Ադրբեջանը ժամանակին պետք է կարողանար նույնª դատական հարթությունում հակազդել: Բայց դա էլ կնշանակեր իր իսկ կողմից չճանաչված ղարաբաղյան դատարանների հետ իրավական վեճի մեջ մտնել, ինչը բավականին տարօրինակ վիճակի մեջ էր դնելու Բաքվին: Ուստիեւª պաշտոնապես չխառնվեց, եւ արդյունքումª աշխարհի աչքերին դատավճռի մակարդակով մարդասպան-դիվերսանտների դրվագը գնում-գումարվում է նույն իրավական հարթությունում գտնվող կացնահարող Սաֆարովի պատմությանը: Մյուս կողմից էլª ամեն անգամ, երբ դիվանագիտական հարթակներում սկսեն խոսել, թե կոնկրետ որ կողմն է զինադադարի պայմաններում դիվերսիաներ իրականացնում հայ-ադրբեջանական շփման գծում, այդ պատմությունը միշտ էլ Բաքվին ոչ ձեռնտու իր հետաքրքիր էֆեկտը կունենա:
Լուծումը Սաֆարովի օրինակով Ասկերովին եւ Գուլիեւին ետ ստանալն ու արդեն ադրբեջանական դատարանով արդարացնելն է: Եվ ահա Բաքուն նախ փորձեց այդ հարցը լուծել Ռուսաստանի միջոցով, սակայն ՌԴ ԱԳՆ-ն գերադասեց չխառնվել: Այստեղ է, որ "մարդասիրական" կոչերով մեջ ընկան տիկին Նուլանդն ու Պետդեպարտամենտը: Այսինքն, եթե նրանց կոչով Հայաստանը հանկարծ որոշեր դիվերսանտներին վերադարձնել, ապա Պետդեպարտամենտը նախª կկարողանա հպարտանալ, թե` տեսա՞ք, ռուսները չկարողացան ազդել Եվրասիական միության անդամ Հայաստանի վրա, իսկ մենք դա արեցինք. ուրեմն ո՞վ Հայաստանում ավելի բարձր ձայն ունի: Ու միաժամանակ կարելի է Ադրբեջանին էլ ի ցույց դնել, թե` տեսեք, ռուսները չցանկացան ձեզ օգնել, իսկ մենք օգնեցինք. ուրեմն ո՞վ է ձեր իրական հարազատը:
Միայն թե խաղը բավականին պրիմիտիվ էր, որը, անկեղծ ասած, խոսում է Forbes-ի հիշատակած տեսակետի օգտին: Այն առումով, որ Հայաստանը պարզապես ուղղորդում է, թե դա իմ գործը չէ, դիմեք Ղարաբաղին: Իսկ Ղարաբաղը հենց այնպես, հանուն ինչ-որ կոչերի անգամ չի էլ մտածում այդ մասինª իր հերթին ակնարկելով, թե` պաշտոնապես դիմեք, կքննարկենք: Իսկ պաշտոնապես դիմելն էլ կնշանակի ընդունել ղարաբաղյան դատարանի իրավասությունը դիվերսանտներին դատապարտելու հարցում, այսինքն, որ ղարաբաղյան դատարան, որպես այդպիսին, կա:
Այս իրավիճակը, թերեւս, հուշում է, որ ամերիկյան դիվանագիտությունն ինքն իրեն հերթական փակուղու առաջ կանգնեցրեց: Այլ հարց, որ եթե ներկայիս բանակցային ներքին "բազարները" եկել-հասել են Ասկերովին եւ Գուլիեւին վերադարձնել-չվերադարձնելու երրորդական կարգի հարցերին, ապա դժվար չէ կռահել, թե բուն բանակցային գործընթացն ինչ "սառը" վիճակում է: Իսկ դա Բաքվի համար վտանգավոր է նաեւ այնքանով, որ կարծես թե եկել է նավթը բանակցային գործընթացում թիվ 1 "հիմնավորում" ներկայացնելու ժամանակաշրջանի վերջը:
ԲԱՔՈՒՆ ՆՈՐԻՑ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է
Այն, որ մի կողմից մեծ արագությամբ սպառվող նավթը, մյուս կողմիցª այդ սպառմանը զուգահեռ ձեւավորված ցածր համաշխարհային գները ծանր հարված էին դառնալու Ադրբեջանի համար, կանխատեսելի էր: Բայց նաեւ զգացվում է, որ այդ ֆոնին այլ խնդիրներ էլ են տեսանելի դառնում: ՈՒ առաջին հերթին զգացվում է, որ լավ տարիներին Բաքվին, այնուամենայնիվ, չհաջողվեց պահեստավորել այնպիսի ծանրակշիռ ֆինանսական պաշարներ, որոնք այս ծանր օրերին փրկօղակ կդառնային նավթային ասեղից զրկվող տնտեսության համար: Դա է հուշում ադրբեջանական մանաթը 34 տոկոսով արժեզրկելու վերջին հայտնի որոշումը: Այսինքնª անցած երկու-երեք ամիսներին մանաթի կայունությունը պահելու համար Ադրբեջանը պահուստային ֆոնդերից ծախսեց ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար: Ապաª մի օրում հրաժարվեց այդ ծախսերից, թեեւ պետք է, որ հաշվի առներ դրա հետեւանքները: Մասնավորապես, որ մանաթի գերկայունության միֆիª սեփական արժույթի նկատմամբ վստահության ազդեցությամբ ադրբեջանական մասնավոր եւ բիզնես խնայողությունները մեծ չափով պահվում էին հենց մանաթի տեսքով, եւ այն, որ այս արժեզրկման արդյունքում ադրբեջանական բիզնեսն ու հասարակությունը առնվազն 30 տոկոսով աղքատացավ, փաստ է, ինչը միանգամայն անկանխատեսելի ներքաղաքական հետեւանքներով է հղի: Առավել եւս, որ այդ փոխարժեքային "սյուրպրիզը" պարտադրում է բիզնեսին ու հանրությանըª ձեռքներին ունեցած մանաթն արագորեն վերածել դոլարի կամ եվրոյի, որն այս օրերին անկանխատեսելի ճնշումներ է գործադրում մանաթի ներկայիս փոխարժեքի վրա: Ընդ որումª փոխարժեքը "սառեցնելու" պետական փորձը ձախողման եզրին է, քանի որ սկսել է ձեւավորվել փոխարժեքային "սեւ շուկա", որտեղ էլ ձեւավորվում է պաշտոնականից էականորեն տարբերվող իրական փոխարժեքը, եւ այս օրերին ներկայացվող 34 տոկոսանոց արժեզրկումը հասցրել է էականորենª տարբեր գնահատականներով եւս 10-15 տոկոսով խորանալ:
Բայց այս պատմության մեջ կա մեզ համար շատ կարեւոր մեկ նրբերանգ: Այն, որ Ադրբեջանը, անգամ այս բոլոր տնտեսական հետեւանքներն աչքի առաջ ունենալով, պարզապես ֆինանսապես խեղճացավ` մանաթի կշիռը պահելու համար հավելյալ ներդրումներ կատարել, հուշում է, թե իրականում ինչքան ծանր վիճակում են այդքան գովաբանված նավթային եկամուտների պահուստային ֆոնդերը: Իսկ այս դեպքում Բաքուն ինչպես պետք է վարվի իր գերթանկարժեք արտաքին քաղաքական լոբբինգի կամ էլ ավելի հսկայական բանակային ծախսերի հարցում: Առավել եւս, որ արագ լուծմանª պատերազմի տարբերակը չի ստացվում: Իսկ բանակցային տարբերակն էլ հասել է ամերիկյան պետքարտուղարի տեղակալի մակարդակով երկու դիվերսանտների հարց քննարկելու մակարդակի, այսինքնª այս տեմպերով դեռ մի 20-25 տարի էլ պետք է` հաշտության համաձայնագրի մասին նախնական խոսակցություններ սկսելու համար: Ընդ որում, վիճակը ցայտնոտային է նրանով, որ մինչ նորից նավթը թանկանա, Ադրբեջանը պարզապես էլ արտահանելու պատշաճ պաշարներ չի ունենա: Վերջին հույսը գազն էր, բայց ահա այս հարցում էլ "մեծ եղբայրը"ª Թուրքիան, նախընտրեց ավելի ռեալ ռուսական գազային ծրագրերով զբաղվել:
Իհարկեª այս իրավիճակում Բաքուն ունի նաեւ իր ունեցած նավթ ու գազով եվրասիական գոտի տեղափոխվելու եւ այդ հարթության մեջ Ղարաբաղի թեման առաջ տանելու տարբերակը: Բայց այս պահին "մանաթային ցնցումն" այնքան խորությամբ է հարվածել Իլհամ Հեյդարովիչի անխորտակելիության առասպելին, որ այս ամենի մի կտրուկ շարժի դեպքում պետք է աչքի առաջ ունենալ նաեւ "գունավոր հեղափոխության" հեռանկարը: Եվ արդյունքում, Բաքուն լուրջ փակուղում է, որից, ի դեպ, Հայաստանը կարող է մեծապես օգտվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

