ԱԺ ՀԱԿ խմբակցության անհնազանդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քննարկելուց առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները խորհրդարանական քառօրյայի հենց առաջին օրը շտապեցին լքել ԱԺ դահլիճը:
Ավելին` այդ օրվանից ԲՀԿ-ական եւ ոչ մի պատգամավորի ո՛չ խոշորացույցով, ո՛չ վառվող մոմով ոչ ոք չի փնտրել ու փնտրելու դեպքում էլ չէր գտնի նիստերի դահլիճում: Ի վերջո, թե արդյոք հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները` ԲՀԿ-ականները շտապեցին անվերադարձ հեռանալ դահլիճից, որպեսզի ՀՀ նախագահի իմպիչմենտի հարցից խուսանավեն ու ստիպված կողմ կամ դեմ չքվեարկեն` այն ԱԺ օրակարգ մտցնելու համար, պարզեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը. - Չեմ կարծում, որովհետեւ նրանք հայտարարեցին, որ ոչ թե ընդհանրապես են բոյկոտում, այլ այս նիստն են բոյկոտում: Բնականաբար, իրենք ներքին խնդիրներ ունեն, ու չես ասի, թե նախանձելի իրավիճակում են այսօր: Այնպես որ, ԲՀԿ-ականները "թայմաութ" են վերցրել` երեւի ճշգրտելու իրենց հետագա գործողություննները: