ՁԱԽՈՂԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՁԱԽՈՂԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ
Հայոց խորհրդարանում բավականին երկար ժամանակ հատկացվեց այնպիսի դատարկ հարցի քննարկմանը, ինչպիսին է, այսպես կոչված, "կառավարման ճգնաժամը": Եվ ի դեպ, քննարկման նախաձեռնողներից ԲՀԿ-ն քառօրյայի հենց առաջին րոպեներից սրբվեց ԱԺ-ից` բոյկոտի պաշտոնական պատրվակով: Սակայն մյուսներն այդ բացը լրացրին բավականին աղմկարար ձեւով:
ՔԱՆԻ ՈՏՔԻՑ Է ԿԱՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Այն պահից, երբ Լեւոն Զուրաբյանը չալիկով մոտեցավ ամբիոնին եւ նշեց, որ ընդդիմությունը մի փոքր թոփալ է, խորհրդարանական թեմաներից մեկը դարձավ, թե քանի ոտքից է կաղում: Զորօրինակ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը կաղում է ոչ թե երկու, այլ` երեք ոտքից: Թե արդյոք դա ակնարկ էր, որ ընդդիմությունը չորեքթաթ է տեղաշարժվում, դժվար է ասել, սակայն ոտքերի թեմայով տիկին Նաղդալյանը նշեց, որ ԲՀԿ-ն ամեն կերպ փորձում էր պահպանել մի ոտքով իշխանություն, մի ոտքով ընդդիմություն վիճակը: Թե ինչ ստացվեց այդ ճողվածքից` բոլորիս աչքի առաջ է, սակայն իրականում երկրում առկա է ոչ թե կառավարման ճգնաժամ, այլ ընդդիմության ճգնաժամ: Ընդդիմությունն էլ չի առաջարկում ոչ որեւէ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, ոչ էլ անգամ ընդդիմադիրների այդքան սիրած "իշխանափոխության" մեխանիզմներ: Ընդամենը ամեն ինչ տեղավորվում է բավականին պարզունակ մոտեցման մեջ` դուք քըխ եք, դուք գնացեք, իսկ մենք` պուպուշներս, ուզում ենք գալ:
Իրականում այժմ ընդդիմությունը զբաղված է տապալված "առյուծի"` ԲՀԿ-ի մորթին կիսելով, թեեւ ԲՀԿ-ի թեմայով կոկորդիլոսի արցունքների գետեր էին հոսում ԱԺ նիստերի դահլիճում: Ու հիմնական կռիվը ծավալվում է ՀԱԿ-ի եւ "Ժառանգության" միջեւ: Երկուսն էլ երկարատեւ հանրահավաքների հայտեր են ներկայացրել քաղաքապետարան. ՀԱԿ-ը` մարտի 1-17-ը, "Ժառանգությունը"` փետրվարի 26-28-ը:
Ու հիմա սպասելի է մրցավազք, թե ով ավելի շատ ու ավելի ճղճղան ելույթներ կունենա: Լեւոն Զուրաբյանը ռեկորդային քանակով ելույթներ ունեցավ ԱԺ ամբիոնից, նրանից առանձնապես հետ չմնացին Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավարի գլխին բամփեցին ովքեր ասես` ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Էդմոն Մարուքյանը, ով առաջարկում էր թոշակի ուղարկել միաժամանակ իշխանությանն ու ընդիմությանը... Լ. Զուրաբյանի ելույթների ամբողջ թեզն այն էր, որ ԲՀԿ-ի հարցը լուծելուց հետո իշխանությունն ընկել է ՀԱԿ-ի հետեւից` որպես ամենահզոր ընդդիմության: Սակայն ԱԺ մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ դաժան բնորոշեց Զուրաբյանի ելույթը` որպես ՀԱԿ-ի "կարապի երգ":
Դե, "Ժառանգությունն" էլ ավելի վաղ հայտ ներկայացրեց` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում փորձելով ինքն իրեն ներկայացնել որպես միակ ընդդիմադիր եւ կարդալով "եռյակի" մահախոսականը: Ճիշտ է, առայժմ ՀԱԿ-ն ու "Ժառանագությունը" ուղղակիորեն իրար չեն անպատվում եւ բավարարվում են ընդամենը ակնարկներով, բայց նրանց բախումն անխուսափելի է: Քանզի պայքար է գնում հանուն բողոքավոր մարդկանց քվեների եւ հոգիների, եւ հանուն "քեռի Սեմի" այդքան հաճելի կանաչ թղթադրամների: Այդ երկրորդի ուղղությամբ ԼՏՊ-ն իր` ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում շոշափեց Վաշինգտոնի կողմից այդքան սիրված "հայ-թուրքական հաշտության" մեռելածին թեման, իսկ "Ժառանգությունն" էլ իր խոսնակ Դավիթ Սանասարյանի շուրթերով հավանություն տվեց ԱՄՆ Պետդեպի ցինիկ պահանջին` Ադրբեջանին հանձնելու իրենց դիվերսանտներին:
Բայց, խոշոր հաշվով, այդ երկու առաջնորդներն էլ ամբողջովին քրքրել են սեփական վարկանիշները եւ վաղուց ժամանակն է նրանց թոշակի ուղարկել:
"ՆԻԿՈԼԻ ԹՎԻ"
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Խոսքը, տվյալ դեպքում, ոչ թե Նիկոլայ թագավորի, այլ Նիկոլ Փաշինյանի մասին է: Թեեւ քոչարյանական քարոզչամեքենան հազարավոր անգամներ նրան անվանել է "Բաղրամյան 26-ի կլիենտ", իսկ ԱԺ այս քառօրյային ՀԱԿ-իստները նրան մեղադրեցին իշխանություններին ծախվելու մեջ, սակայն նա ունի այն առանձնահատկությունը, որ երբեք որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Ճիշտ է, Րաֆֆու զբաղեցրածն էլ ընդամենը մի քանի ամիս ձախողակ արտգործնախարարությունն էր, ինչի մասին շատերը մոռացել են, բայց ինչեւէ: Բայց միաժամանակ պետք է նշել, որ Նիկոլը ԼՏՊ-ի լավ աշակերտն է, ու վերջինից գերազանց է սովորել ճիշտ ժամանակին դավաճանելու արվեստը: Ժամանակին նա մեծ ասպարեզ մուտք գործեց ԼՏՊ-ի շնորհիվ, երկար ժամանակ երդվում էր Լեւոնի անունով, ՀԱԿ-ի ռեսուրսով մտավ խորհրդարան, եւ ունենալով ՀԱԿ խմբակցության մանդատը, ամենավերջին խոսքերով անպատվում է ՀԱԿ-ին: Ե՛վ ՀԱԿ-ը, ե՛ւ "Սերժ Սարգսյանի աղերսագիր գրող" Լեւոն Ակոպիչը նրա համար այլեւս դարձան "անցյալի գաղջ հուշ": Անշուշտ, այդպիսի իրավիճակում ավելի պարկեշտ կլիներ մանդատը վայր դնելը, սակայն ով-ով, Նիկոլը երբեք նման բան չի անի: Ի դեպ, ընդամենը ամիսներ առաջ նրա թերթում հայտնվեց այն, ինչը ՀՀՇ-ական իշխանության օրոք ԼՏՊ-ի հանդեպ թույլ չէին տալիս անգամ ամենաթունդ ընդդիմադիրները` թափանցիկ ակնարկ, թե ժամանակին ժողովուրդը հատկապես ում էր "քոռ" անվանում:
Սակայն ինչն է Նիկոլի ձգտումը: Նա ցանկանում է ծայրահեղ ընդդիմադիր հատվածը իրենով անել` միաժամանակ ավերակների վերածելով ՀԱԿ-ը եւ քաղաքական գերեզմանոց ուղարկելով ՀԱԿ-ի ծեր առաջնորդին: Նա ձգտում է տիրանալ ինչպես Ժիրայր Սէֆիլյանի "Հիմնադիր խորհրդարանի", այնպես էլ Զարուհի Փոստանջյանի եւ "Ժառանգության" արմատական թեւի ռեսուրսներին: Ու, բնականաբար, ձգտում ունի իրենով անել եւ ամերիկյան քաղաքական ու նյութական աջակցության հոսքերը: Սակայն այդտեղ կա լրջագույն հակառակորդ` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:
ԲՀԿ-Ի "ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԸ"
Ընդհանրապես, ԵՏՄ-ի կազմում ամերիկամետ ուղղություն բռնելը ինքնին դրական գործ համարել չի կարելի: Իսկ առավել եւս որեւէ աջակցություն` դիվերսանտների վերաբերյալ ամերիկյան պահանջին, ոչ միայն դավաճանություն է, այլեւ ձգտում` ամենանվաստացուցիչ ձեւով Հայաստանը անցկացնել ամերիկյան թրի տակով: Ի դեպ, Արցախի իշխանությունն արդեն իսկ ԱՄՆ Պետդեպի այդ պահանջը ուղարկեց ռուսական հասցեով, որով ավելի վաղ Սերժ Սարգսյանն ուղարկել էր ԼՏՊ-ի առաջարկությունները:
Սակայն վերադառնանք ԲՀԿ-ին: Պարզ է, որ կուսակցությունում կփոխվի նախագահը, պիտի որոշակիացվի քաղաքական գիծը, այդ թվում եւ արտաքին ոլորտում, ու կփոխվի նաեւ ֆինանսավորման աղբյուրը: Ըստ "Հայկական ժամանակի"` ԲՀԿ-ն առաջիկայում զրկվելու է իր քարոզչական ռեսուրսներից` ինչպես "Կենտրոն" հեռուստաընկերությունից, որը դառնալու է ԵՏՄ հեռուստաալիք, այնպես էլ` կայքերից:
Ինչ վերաբերում է կայքերին, ապա դրանք իրենց` վաղուց արդեն իշխանության հետ կամուրջն այրած անձնակազմերով դժվար թե անտեր մնան, ու հավանաբար դրանց ամբողջովին տիրություն կանի Ռոբերտ Քոչարյանը: Սպասելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը նաեւ նոր լրատվամիջոցներ կբացի, ու նաեւ վերաֆորմատավորվող ԲՀԿ-ից կձգտի տանել կադրեր` հատկապես հարազատ օսկանյանական թեւը: Ընդհանրապես, ԲՀԿ-ից այժմ արտահոսքի երկու աղբյուր կա` գործարարները ձգտում են ՀՀԿ-ի հետ շոկոլադային հարաբերությունների, իսկ արմատական տրամադրություններ ունեցողները ԲՀԿ-ն համարում են չափազանց իշխանամետ: Բայց, բնականաբար, դա կերեւա մարտ ամսին կայանալիք ԲՀԿ համագումարին:
Թե ինչքանով Ռոբերտ Սեդրակիչին կհաջողվի առաջընթաց գրանցել կուսակցաշինության եւ քարոզչության դաշտերում, եւ ինչ ներկայացվածություն դա կապահովի ԱԺ-ում 2017-ին` դեռեւս վաղ է խոսել: Բայց փաստը մնում է փաստ, որ Քոչարյանն ամենեւին էլ աղքատ մարդ չէ եւ ի զորու է ֆինանսավորել քաղաքական եւ քարոզչական նախագծեր: Սակայն այս դեպքում էլ բաց չեն թողնի առիթը` պայքարելու նույն "քեռի Սեմի" ռեսուրսների համար, ու միգուցե Վաշինգտոնը հենց այդ ուղղությամբ էլ խաղագումարը դնի, այլ ոչ թե քաղաքականաապես լրիվ "քյաֆթառացած" գործիչների եւ ուժերի, կամ էլ անհայտությունից զրո ստարտային հնարավորություններով եկող ուժերի եւ դեմքերի վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

