ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆՆ ԻՐ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ՞ ՀԱՎԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆՆ ԻՐ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ՞ ՀԱՎԱՏՈՒՄ
«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարությանը:
Հիշեցնենք` վերոնշյալ հասցեում կանաչ տարածքի վրա կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ: Քաղաքապետարանը, սակայն, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացրել էր, տարածքը ի սկզբանե կանաչապատ ու ծառածածկ չի եղել: Փոխքաղաքապետ Կամո Արեյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք քաղաքապետարանը թույլ տալով այդ շինարարությունը, չի հակասում իր որդեգրած այն մոտեցմանը, ըստ որի`պետք է պահպանել մայրաքաղաքի կանաչ տարածքները: «Սպառիչ պատասխանում եմ ` հայտարարվել է, որ բոլոր քաղաքաշինական փաստաթղթերն առկա են բոլոր հիմնավորումներով»,- ասաց Արեյանը:
Հակադարձելով փոխքաղաքապետին ասացինք, որ հրապարակվել են «Իրավունքի» կողմից լուսանկարներ, որոնք հաստատում են`տարածքը կանաչապատ ու ծառածածկ է եղել: Արեյանը նորից կրկնեց. «Ես խոսում եմ քաղաքաշինական փաստաթղթերի մասին: Լուսանկարները փաստաղթղթեր չեն»:
Այսինքն`վերոնշյալ հասցեում կանաչ տարածք չի՞ եղել: «Ոչ»,- ասաց Արեյանը, ապա նորից կրկնեց՝ քաղաքաշինական փաստաթղթերն առկա են:
Հ.Գ. Փաստորեն, Կամո Արեյանն ու քաղաքապետարանը չեն հավատում իրենց տեսածին, այլ ինչ-որ <դզած-փչած> փաստաթղթեր են կարեւորում: Պրն Արեյան, բոլորս էլ գիտենք` երբ ինչ-որ մի չինովնիկի անհրաժեշտ է տարածք կենտրոնում, հանուն այդ յուղոտ պատառի՝ ցանկացած փաստաթուղթ էլ կարելի է կազմել, «ատկատի» ջանը սաղ լինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

