ՀԱԿ-Ը ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՏԱՌԱՊԵՑ, ԲԱՅՑ ՎԵՐՋՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՋՈՒՐԸ ԳՑԵՑ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ը ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՏԱՌԱՊԵՑ, ԲԱՅՑ ՎԵՐՋՈՒՄ
ՏԱՌԱՊԱՆՔԸ ՋՈՒՐԸ ԳՑԵՑ
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են Գալուստ Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը:
Հետաքրքիրն այն է, որ այս օրենքի վերաբերյալ մինչ առաջին ընթերցումը, առաջարկներով էին հանդես եկել նաեւ ՀԱԿ-ի պատգամավորները, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ ՀԱԿ-ի չորս պատգամավոր` խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը ներկա գտնվելով նիստերի դահլիճում չեն քվեարկել օրինագծի օգտին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Դեմիրճյանը կողմ են քվեարկել: «Իրավունքը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզեց` ինչն է պատճառը, որ թե՛ ինքը, թե՛ խմբակցությունից երեք պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը: Լեւոն Զուրաբյանը մեղքը բարդեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վրա` ասելով, որ նա է ամեն ինչ շփոթել: Այլ հարցերի չպատասխանեց Զուրաբյանը` ասելով, որ հրաժարվում է մեր հարցերին պատասխանել, ինչը բնական էր, քանի որ այլ պատճառաբանություն չէր կարող մեջբերել: Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ ուղղակի չի հասցրել մասնակցել քվեարկությանը այն դեպքում, որ նա նստած էր նիստերի դահլիճում: Այդ ինչպես է, որ Ստեփան Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը կողմ են քվեարկել, դուք էլ չեք հասցնում անգամ ի օգուտ ձեզ մի կոճակ սեղմել: Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` անհնար է, որ իրենք քվեարկությանը մասնակցած չլինեն, քանի որ անձամբ ինքը օրինագծի մասին առաջարկ է ներկայացրել: «Ես կճշտեմ` ինչ է տեղի է ունեցել: Հավանաբար, տեխնիկական խնդիր է»,- ասաց պատգամավորը: Իսկ ճշտելուց հետո Արամ Մանուկյանն իրոք անակնկալի եկավ: Ավելին` ինչպես նկատեցինք, վերջինս շատ զայրացած խոսում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի հետ` հասկանալու` ինչ է տեղի ունեցել: Պարզաբանում ստանալուց հետո ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց. «Տեխնիկական սխալ է գնացել: Տրամաբանություն չկա (նկատի ունի, որ ՀԱԿ-ի չորս պատգամավոր չէին կարող չքվեարկել կողմ իրենց կողմից դրական արձագանքի արժանացած օրինագծին-խմբ.): Երկու տարի տառապում եմ ու հանկարծ նման բան: Ես ձեզ ասեմ` օրենքի հեղինակներից մեկը ես եմ, ուղղակի չեմ գրանցել: Ես եմ հարց բարձրացել Գալուստ Սահակյանի մոտ ու ԿԸՀ-ում».- փորձեց իրավիճակն այս կերպ հարթել ՀԱԿ պատգամավորը:
Պրն Մանուկյան, ցանկանում ենք ֆիքսել, որ այս պահի դրությամբ ԱԺ-ի կայքում վերոնշյալ օրինագծի պատկերը չի փոխվել` 80 կողմ, զրո դեմ` 4 ձեռնպահ: ՀԱԿ խմբակցության չորս պատգամավորներն էլ չեն քվեարկել, իսկ թե ինչու, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Քվեարկության արդյունքները` այստեղ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

