ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արդեն 12 տարի անընդմեջ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենում ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Նրա հերթական անհատական ցուցահանդեսը կբացվի մարտի 3-ին եւ բաց կլինի 10 օր`մինչեւ մարտի 13-ը: Այդ օրերի ընթացքում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ Ն. Գեւորգյանի կոլաժային նոր աշխատանքներին: Այս անգամ կներկայացվի 35 կոլաժներ:
Հեղինակի անհատական ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կոլաժներ ստեղծելուց զատ, Նելլի Գեւորգյանը մի շարք բանաստեղծությունների եւ ավելի քան 150 աքրոստիկոսների հեղինակ է:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011 թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:
Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Կենտրոնի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

