ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՅԺՄ ԷԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՅԺՄ ԷԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Հայաստանում օրեցօր սնկի պես աճող աղանդները դառնում են բազմաթիվ մարդկանց կյանքի ու ճակատագրի խեղաթյուրման պատճառ: Բազմազան աղանդների հետեւորդներ ընտրելով քարոզչության տարբեր ձեւեր` մարդկանց տանում են դեպի կործանում: Նման քարոզչություն է իրականացնում Եհովայի վկաներ կոչվող աղանդավորական շարժումը, որը վերջին շրջանում փորձում է իր համար թիրախ դարձնել նաեւ դպրոցահասակ երեխաներին: Եթե նախկինում եհովականներն իրենց գրքերով հայտնվում էին քաղաքի այս կամ այն մարդաշատ վայրում եւ դրանք բաժանում, ապա այսօր իրենց քարոզչությունն իրականացնում են դպրոցների մոտ, որպեսզի դեռահասներին եւս ներգրավեն իրենց շարքերում:
Այն գրականությունը, որը Եհովայի վկաները բաժանում են մարդկանց, ըստ "Ազգային արժեքների պահպանման ճակատ" հասարակական կազմակերպության նախագահ Սեւան Աղաջանյանի` տպագրվել է Ռուսաստանում: Այդ գրքերն այժմ Ռուսաստանում արգելվել են, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք աղանդավորական բնույթի են: Այն մարդիկ, ովքեր փորձում են խոչընդոտել վերջիններիս քարոզչությանը, իրավապահ մարմինների թեթեւ ձեռքով անմիջապես հայտնվում են ոստիկանական բաժանմունքում: Պարզ է, որ այսքանից հետո Եհովայի վկաները իրենց ավելի ապահով եւ պաշտպանված կզգան, եւ բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե վաղը նրանք իրենց գրքերը ազատ բաժանեն նաեւ դպրոցի ներսում:Զարմանալի է, բայց փաստ` այն, ինչ արգելվում եւ անընդունելի է այլ երկրներում, Հայաստանում միանգամից ընդունվում եւ դրվում է կիրառության մեջ: Հասկանալի է, շատ աղանդավորական կառույցներ ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ իրենց գործունեությամբ ծառայում են ֆինանս տրամադրող կազմակերպություններին, բայց սա դեռ չի նշանակում, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է անգործ նստեն կամ հետապնդեն աղանդավորականների քարոզչությանը դեմ արտահայտվողներին: Ինչքան էլ դպրոցի տնօրենները եւ ուսուցչական անձնակազմը երեխաներին պաշտպանեն աղանդավորական քարոզչությունից, միեւնույն է, իրավապահները պետք է սթափվեն եւ Եհովայի վկաներից պահանջեն տվյալ վայրում ակցիա իրականացնելու թույլտվություն: Հակառակ դեպքում գառան մորթի հագած գայլերն առանց արգելքների կհասնեն իրենց նպատակին, իսկ նրանց նպատակը մեկն է` ոչնչացնել այն ազգային արժեքները, որ կրում է մատաղ սերունդը:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

