«ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՀԻՎԱՆԴԻ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՀԻՎԱՆԴԻ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»
Օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հուզող հարցերին: Հնչած տասնյակից ավելի հարցերի թվում էր նաեւ վերջերս մեծ հնչեղություն ստացած Քաջարանի դեպքի վերաբերյալ հարցը, որը մեր հյուրին ուղղել էր ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Բոլորս էլ հիշում ենք Քաջարանի դեպքը. յուրաքանչյուր քաղաքացի ինչքանո՞վ կարող է համոզված լինել, որ նույն դեպքը չի կրկնվի նույն կամ մեկ այլ հիվանդանոցում:
- Նշեմ, որ Քաջարանի դեպքը ներհիվանդանոցային վարակի հետ կապված խնդիր էր: Մենք ունեցանք շատ ցավալի իրավիճակ, եւ այս պահին արձանագրվել է Հեպատիտ C-ով հիվանդ 15 դեպք, որոնք եղել են 2014 թվականին վիրահատված հիվանդներից: Դեպքը ցավալի էր նաեւ այնքանով, որ սա ինֆեկցիոն ծանր հիվանդություն է, ու ամեն դեպքի հետեւում ցավ է, տառապանք, երկարատեւ բուժում: Իհարկե, նույնիսկ զարգացած երկրներում ներհիվանդանոցային ինֆեկցիաների որոշակի տոկոս կա` միջինը 7 տոկոս է կազմում: Պետք է արվի ամեն ինչ, որ նմանատիպ իրավիճակներ չլինեն, թեպետ, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա չի ստացվում: Բայց դա չի նշանակում, որ արդարացվում է եղածը, ու չի նշանակում, որ մենք չենք ձեռնարկելու համապատասխան քայլեր: Հենց այս պահին առողջապահության նախարարի հրամանով` բոլոր մարզերի հիվանդանոցային ծառայություններում ստուգումներ են իրականացվում, իսկ Երեւան քաղաքը փուլային է արվում, քանի որ ստուգումների ծավալն ավելի մեծ է: Մեր տեսչության եւ կանխարգելման ու վերահսկման կենտրոնի մասնագետներից կազմված համապատասխան մասնագիտական խմբերն իրականացնում են ուսումնասիրություններ, եւ արդեն նախնական որոշակի ուրվագծեր կան, թե ինչ խնդիրներ կան ընդհանրապես բոլոր հիվանդանոցներում: Ունենք նաեւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման եւ վերահսկման ծրագիր` կառավարության որոշումով հաստատված: Քաջարանի դեպքը զավեշտական էր մեզ համար նաեւ նրանով, որ այն լավ վերանորոգված, վերջին տեխնոլոգիաներով հագեցած հիվանդանոց է: Սակայն փորձը ցույց տվեց, որ դա բավարար չէ որակյալ բժշկական օգնություն, սպասարկում իրականացնելու համար: Այնպես որ, բոլոր բուժաշխատողները պետք է լինեն կրթված ու հետեւեն բոլոր կանոններին ու միշտ հիշեն` բուժաշխատողի վրա պատասխանատվություն կա հիվանդի եւ իր կյանքի համար: Չէ՞ որ, ներհիվանդանոցային վարակները բաժանվում են երկու մասի. մեկի դեպքում վարակվում է նա, ով հաճախել է հիվանդանոց, մյուսի դեպքում` ով աշխատում է այդ հիվանդների հետ:
- Իսկ համապատասխան ստուգումների արդյունքում, ինչպիսի՞ տվյալներ ունեք: («Իրավունք»)
- Դեռեւս հետազոտել ենք 107 մարդու, որից 15-ի մոտ է հայտնաբերվել Հեպատիտ C: Բայց դեռ կան մարդիկ, որոնք պետք է հետազոտվեն: Նշեմ, որ վարակակիրները որեւէ ձեւով վտանգավոր չեն այս պահին, եթե մենք արյունային փոխհարաբերություններ չունենանք նրանց հետ: Ի դեպ, ԱՀԿ-ի փորձագետները ասացին, որ Հեպատիտ C-ն դարձել է խնդիր նույնիսկ Նիդերլանդների նման երկրի համար (ԱՀԿ-ի տվյալներով` ազգաբնակչության 4 տոկոսը վիրուսակիր է):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

