"ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ" ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԶԳԱՆՔ
Արխիվ 12-16"ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ" ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԶԳԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկը օրերս ներկայացրեց իր պատկերացումներն այս տարի հայաստանյան տնտեսական որոշակի ցուցանիշների եւ այդ թվումª սպասվող գնաճի մասին: Իհարկեª արդեն պարապ զբաղմունք է դարձել մեր ԿԲ-ի "մարգարեություններին" ուշադրություն դարձնելը, հաշվի առնելով թեկուզեւ այն փաստը, թե նույն կառույցի "երաշխավորմամբ"` ինչ ցուցանիշներ են դրված այս տարվա հայաստանյան բյուջեի հիմքում ¥մասնավորապես, որ պետք է ունենայինք 415 դրամի շրջանակներում դոլարի փոխարժեք¤ եւ իրական ցուցանիշները:ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ
ԹՈՂԱԾ...
Բայց մյուս կողմից էլª իր այս կանխատեսումների հետ մեկտեղ, ԿԲ-ն եւս մեկ անգամ փորձում է հետադարձ հայացք գցել անցած տարեվերջի փոխարժեքային ե՛ւ թռիչքների, ե՛ւ դրանից առաջ եկած գերթանկացումներին, եւ դրանից ելնելով էլª արդեն հետաքրքիր կլինի ուշադրություն դարձնել այս տարվա մասին կանխատեսումներին: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, երբ փոխարժեքային թռիչքներն ու դրանից բխող թանկացումները Հայաստանում արդեն գագաթնակետին էին հասնում, ԿԲ-ն միայն ակնարկում էր, թե դրամի արժեզրկումը պետք է կապել ինչ-ինչ արտաքին գործոնների հետ, եւ դրա տակ դժվար չէր տեսնել ակնարկ, թե ռուբլին նվազում է, եւ այդ միտումը փոխանցվել է Հայաստան: Եվ հիմա էլ ավելի հստակ են խոսում այդ մասին. "Պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման եւ ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ` դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսեւորումներով...":
Ավելի հասկանալի ասածª Ռուսաստանից սկսել է քիչ դոլար գալ, դա մեր ներքին շուկայում նվազեցրել է դոլարային ծավալը ու հանգեցրել դրա փոխարժեքի աճի եւ թանկացումների: Բայց չէ՞ որ ԿԲ-ն նաեւ պնդում է, թե. "ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 2014 թվականի չորրորդ եռամսյակում... հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են սպասվածից ավելի գնանկումային զարգացումներ": Չէ՞ որ "միջազգային շուկաներում" չսպասված այդ "ավելի" գնանկման արդյունքում նույն ապրանքի ներկրման համար Հայաստանից պետք է ավելի քիչ արտարժույթ դուս գար: Գումարենք դրան, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ԿԲ-ն ինտերվենցիայի տեսքով զգալի քանակությամբ արտարժույթ ¥ավելի քան 200 միլիոն դոլար, տե՛ս աղյուսակը¤ ներարկեց մեր ներքին շուկա: Սրանից զատ, մեկ գործոն էլ աչքաթող չանենք. անցած տարվա կեսից Ռուսաստանը Հայաստանին նավթամթերք է վաճառում` առանց արտահանման 30 տոկոսանոց մաքսատուրքի, ինչը եւս նկատելիորեն նվազեցնում է արտարժույթի հոսքը: Այս վերջին երեք ¥եւ ոչ միայն¤ գործոնները պետք է ավելի շատ դոլար պահեին Հայաստանում, քան Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների անկումն էր, ինչը դժվար չէ հիմնավորել: Դա էլ ենթադրում է, որ երկրի ներսում պետք է լիներ դոլարային զանգվածի աճ, ինչը պետք է բերեր դրամի փոխարժեքի աճի եւ ոչ թե նման անկումների:
Այսպիսովª առնվազն տարօրինակ է, որ այսքան համառորեն փորձում են դրամի այն գերարժեզրկման հիմնական պատճառ սարքել ռուբլու անկումը: Բայց դրամի գերարժեզրկումը փաստ է, այսինքնª եղել է նաեւ այլ գործոն կամ գործոններ, որոնք էականորեն նվազեցրել են երկրի ներսում դոլարային զանգվածըª դրանով առաջ բերելով դրա փոխարժեքի թռիչք: Եվ ահա ԿԲ-ում մեկ շատ ուշագրավ փաստ է հիշեցնում. "ԿԲ-ն... մասնավորապեսª նոյեմբերի վերջից բարձրացվել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը (8.25-իցª 21.0%), այնուհետեւ դեկտեմբերի կեսից բարձրացվել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորման (12.0-իցª 24.0%)...":
Իսկ ի՞նչ պետք է անեն բանկերը, եթե միանգամից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորման ¥այդ պահուստավորումն ունի դրամային տեսք¤ 12.0-ից հասցվում է 24.0 տոկոսի. բնականաբար, պետք է շուկայի հաշվին միանգամից կրկնապատկեին իրենց ունեցած դրամը: Այսինքնª վաճառեին կուտակած ¥այդ թվումª ԿԲ-ից ներգրավված¤ դոլարային զանգվածը: Հենց դա էր, որ մի գիշերում կարգի բերեց փոխարժեքի շուկանª միաժամանակ վկայելով, որ փոխարժեքային այդ թռիչքների հիմնական պատճառը բանկերի կողմից դոլարի արհեստական կուտակումն էր, որը ԿԲ-ն չէր տեսնում կամ չտեսնելու էր տալիս:
ԲԱՆԿԵՐԸª ԷԼԻ ՈՐՊԵՍ ԱՐԳԵԼԱԿ
Չնայածª սա նոր բան չէ: Պարզապես, այս իրավիճակի ֆոնին անցնենք այս տարվա համար ԿԲ-ի տնտեսական կանխատեսումներին: Այստեղ է, որ մի կողմից ԿԲ-ն ընդունում է, որ այս տարի. "Արտաքին պահանջարկի կողմից եւ հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում": Բայց նաեւ, որ կունենանք բավականին բարձր գնաճª "4%+1.5 տոկոսային կետ` թույլատրելի միջակայքի վերին հատվածում": Դրա հետ մեկտեղª "տնտեսական աճը 2015 թ.-ին գնահատվում է 0.4-2.0% միջակայքում"ª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ ահա, վերադառնալով փոխարժեքի աճի պատմությանը, նկատենք նաեւ, որ այդ փուլում ԿԲ-ի "արմատական" քայլերից էին նաեւ դեռ նոյեմբերի կեսերին 6.75 տոկոսի սահմաններում գտնվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի սկզբներին 10,5 տոկոսի հասցնելու քայլը: Դա, իհարկե, ներկայիս "ծանր" գնաճային միտումները մեղմելու միգուցեեւ ստիպված քայլ էր: Բայց նման գերբարձր տոկոսադրույքը մյուս կողմից էլ ուղղակի ջարդում է տնտեսական ամեն մի աճի հնարավորություն: Եվ դրա արդյունքում է, որ անգամ ամենալավատեսական սցենարով ԿԲ-ն այս տարի 2 տոկոսից ավել տնտեսական աճ չի կանխատեսում:
Այսպիսովª մնում է ֆիքսել, որ մասնավորապես հայաստանյան բանկերի անցած տարեվերջյան "դոլարային խաղերի" եւ ԿԲ-ի "կուրության" արդյունքում ողջ տարվա ընթացքում ունենալու ենք հնարավորինս բարձր գնաճ եւ հնարավորինս ցածր տնտեսական աճ: Հետո էլ իրենց վատ են զգում, երբ պնդում ենք, որ հայաստանյան բանկերը դարձել են մեր տնտեսության զարգացման հիմնական արգելակներից մեկը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

