ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ "ՊԱՏԵՐԱԶՄԸ" ԿԸՆԴԳՐԿԻ՞ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ "ՊԱՏԵՐԱԶՄԸ" ԿԸՆԴԳՐԿԻ՞ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Անցած շաբաթ օրը Թուրքիայի իրականացրած ռազմական օպերացիան արդեն հասցրել է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Խոսքը Սիրիայի տարածքում գտնվող Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի` Սուլեյման շահի դամբարանի թուրքական զինվորական պահակախմբի ու շահի մասունքները տարհանելու գործողության մասին է, որի համար Թուրքիան իր զորքերը մտցրեց Սիրիա:ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ "ԱՌԵՂԾՎԱԾԸ"
Մի շարք վերլուծաբաններ այն մտքին են, որ հազիվ թե այլ պետության տարածքում թուրքական զորքերի մասնակցությամբ օպերացիան կարելի է բացատրել միայն Սուլեյման շահի մասունքները դուրս բերելու մասին պաշտոնական բացատրությամբ: Ըստ այդ տեսակետի, թեեւ վերջին մոտ մեկ տարվա ընթացքում այդ տարածքը վերահսկվում է "Իսլամական պետություն" ¥ԻՊ¤ խմբավորման կողմից, սակայն ո՛չ դամբարանի եւ ո՛չ էլ այն պահպանող թուրք զինվորականների հանդեպ որեւէ ռեալ ագրեսիա չի եղել: Այսինքնª մասունքները տարհանելու հրատապ խնդիր չկար: Բայց ահա այդ դամբարանը դարձել էր Անկարային տարաբնույթ հարցեր ուղղելու առիթ: Օրինակª այդ ինչո՞ւ է ԻՊ-ն առանց վայրկյան անգամ մտածելու` հարձակումներ իրականացնում մյուս բոլոր, այդ թվումª իսլամական սրբավայրերի վրա, մինչդեռ իրենց իսկ բացարձակ ենթակայության գոտում գտնվող Սուլեյման շահի դամբարանը մնում է միանգամայն անձեռնմխելի: Եվ ահա այս կարգի հարցերի շարանը բերել է այն գլխավոր մտքին, թե նման "հանելուկները" պետք է բացատրել իսլամիստ-ահաբեկիչների եւ Անկարայի միջեւ եղած ստվերային կապերով: Նման կապեր, իհարկե, կան եւ, բոլորն էլ դա գիտեն: Պարզապես եթե ժամանակին Արեւմուտքը նախընտրում էր դրանք չտեսնելու տալ, ապա վերջին ժամանակներս Վաշինգտոնը մինչեւ իսկ Սպիտակ տան մակարդակով է պարբերաբար այդ մասին ակնարկներ հնչեցնում: Եվ եթե Սուլեյման շահի դամբարանն անվտանգ թողնելը դառնում է նման կապերի ապացույց, ուրեմն ինչո՞ւ այն չտեղափոխել ավելի անվտանգ գոտի: Իսկ այն, որ այդ խնդիրը լուծելու համար Թուրքիան գնաց մինչեւ իսկ այնպիսի լուրջ քայլի, ինչպիսին է երեքամյա ներքին պատերազմից հետո անգամ սուվերեն պետություն հանդիսացող Սիրիայի սահմանը տանկերով անցնելը, դա հուշում է, որ Անկարան սկսել էր դամբարանի արդեն նախկին կարգավիճակից սպասվող վտանգը լուրջ համարել:
Եվ իրոքª Անկարան իրոք կարող է արեւմտյան մինչեւ իսկ աննախադեպ ճնշումների սպասելիքներ ունենալ: Նկատի ունենք, որ մի կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ քրդերը ոչ միայն Իրաքում, այլ նաեւ Սիրիայում են սկսել բավականին լուրջ ռազմական ու քաղաքական ուժի վերածվել: Եթե սրան ավելացնում ենք նաեւ նրանց վերահսկողության տակ գտնվող էներգետիկ պաշարները, այսինքնª այդ հաշվին քրդերի ձեռք բերած ոչ պակաս լուրջ ֆինանսական ռեսուրսները, ապա կարելի է ֆիքսել, որ կամաց-կամաց հենց թուրքական քթի տակ ստեղծվում է բավականին ծանրակշիռ քրդական պետականություն, որի հավակնություններն անշուշտ, այն էլª ոչ հեռու ապագայում կտարածվեն նաեւ Թուրքիայի թրդաբնակ տարածքների ուղղությամբ: Թուրքիայի ամբողջականության համար նման մահացու վտանգավոր իրավիճակի ստեղծումը, իհարկե, ոչ միայն նկատելիորեն սառեցրեց Վաշինգտոնի հետ հարաբերությունները, այլ նաեւ Անկարային պարտադրում էր աշխարհաքաղաքական աջակցություն փնտրել այլ ուղղություններում: Եվ այս առումով, իհարկե, լավ առիթ էր Ռուսաստան-Եվրոպա հակամարտությունը, որի արդյունքում Մոսկվան հայտարարեց հայտնի "Հարավային հոսք" գազատարի նախագիծը "Թուրքական հոսքի" վերածելու ծրագրերի մասին: Իսկ այն փաստը, որ Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց Անկարային ետ պահել Մոսկվայի հետ տնտեսական գերմերձեցման այդ փորձերից, հուշում է, որ Թուրքիան կարող է պետք եղած պահին նաեւ աշխարհաքաղաքական հայացքը տեղափոխել ԱՄՆ-ից դեպի Ռուսաստանª այդ կերպ իրեն ապահովագրելով քրդական վտանգից:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔ
Այսպիսովª այն տպավորությունն է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը բավականին բարդ խաղ են սկսել Թուրքիայի համար: Ընդ որում, այս նախնական փուլում Մոսկվան թուրքերին առաջարկում է գազի մեծ ծավալներª դրանից բխող քաղաքական հետեւանքներով հանդերձ, այն դեպքում, երբ Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունը միայն վտանգավոր հետեւանքներ է խոստանում: Ու միաժամանակ, թերեւս, ԱՄՆ-ը, որպես Ռուսաստանի գազային առաջարկին այլընտրանք, նորից փորձում է Թուրքիայի համար հրապուրիչ դարձնել հարավկովկասյան էներգետիկ միջանցքի գաղափարը: Այսինքնª Հարավային Կովկասի ներառումը ընդհանուր աշխարհաքաղաքական տանիքի տակ ու կասպյան եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրների տարանցումն այս ուղղությամբ դեպի Թուրքիա: Մի խոսքով այն, ինչի մասին ԱՄՆ-ը խոսում է ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր: Հասկանալի է, այս ամենի բաղկացուցիչ մասերից է հայ-թուրքական հաշտեցումն ու Ղարաբաղի հարցը, ինչի մասին, ի դեպ, վերջերս պաշտոնապես հայտարարեցին նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն ու պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Ընդ որում, մեր տեղական արեւմտամետներն էլ իրենց հերթին չհապաղեցին ակնարկել, որ ամեն ինչ կանեն` այդ հարցերը ներհայաստանյան օրակարգում պահելու համար: Օրինակ բերենք թեկուզեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի "բաց նամակը", որտեղ նա բացի ԲՀԿ-ին "քցելուց", թերեւս նաեւ նշված խաղն էր փորձում առաջ տանել` պնդելով, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված քայլերով նախ. "Տուրք չպետք է տալ երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին", ապա. "Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն էª հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը": Իհարկեª անիմաստ է կենտրոնանալ Տեր-Պետրոսյանի "պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներ" ասվածով Ցեղասպանությունը հերթական անգամ ուրանալու փաստի վրա: Պարզապես նկատենք, որ այս կերպ սույն "քաղաքական դիակը" փորձում է իր համար վերակենդանացման հարթակ ստեղծելª ամերիկացիների աչքը խոթելով, թե. "Տեսեքª Հայաստանի գործող նախագահը հայ-թուրքական համաձայնագիրն է օրակարգից հանում, իսկ ես պատրաստ եմ ոչ միայն "տուրք չտալ" Ցեղասպանության մասին "ավանդական մոտեցումներին", այլեւ միանգամից թուրքերի հետ էլ հաշտվել, Ղարաբաղի հարցն էլ այդ հաշտեցման գաղափարից ելնելով` լուծել": Մի խոսքով. "Ես հենց նա եմ, ով ձեզ պետք է":
Իհարկե մտածել, թե ամերիկացիներն այնքան են խելքները կորցրել, որ նորից կփորձեն շեշտը դնել ԼՏՊ կոչված այս բազմակի փչացվածության նախագծի վրա, միամտություն կլիներ: Բայց ամեն դեպքում նկատենք, որ իրենց այսպես առաջ գցելովª Տեր-Պետրոսյանը նաեւ ֆիքսում է, թե Վաշինգտոնի համար որն է այս պահին ամենապահանջված ապրանքը Հայաստանում. թուրքերի հետ հաշտեցնելու հարցը:
Իհարկե այն, որ Վաշինգտոնը ամեն անգամ պտտվում եւ վերադառնում է այս բազմիցս տապալված ծրագրերին, հուշում է, որ պարզապես ավելի էֆեկտիվ քաղաքականություն չեն գտնում: Այսինքն ասել, թե այս ամենով այնպես կհրապուրեն Թուրքիային, որ վերջինս մի կողմ կթողնի ռուսական գազն ու կհիշի ադրբեջանական էներգետիկայի տրանզիտի մասին, միամտություն կլիներ: Առավել եւս, որ այս օրերին միանգամից մոտ 1/3-ով արժեզրկվեց նաեւ ադրբեջանական մանաթի փոխարժեքը, որը մինչ այդ համարվում էր գերկայուն: Իսկ այս անկումը հուշում է, որ մինչ այդ դոլարային մեծ ինտերվենցիաների միջոցով մանաթը կայուն պահող Բաքուն արդեն ունի վալյուտային ռեսուրսների պակասի լուրջ խնդիր: Իսկ դա նշանակում է, որ էներգետիկ մեգածրագրերի հետ կապված` ադրբեջանական խոստումները, մեղմ ասած, Անկարայի համար այլեւս առաջվա կշիռը չունեն:
Այսպիսովª Թուրքիային արվող ռուսականին փոխարինող էներգետիկ առաջարկ Վաշինգտոնը պարզապես չունի, ինչը մի կողմից նշանակում է, որ հայ-թուրքական հաշտեցման այս նոր փուլը քարոզչականից այն կողմ հազիվ թե անցնի: Մյուս կողմից էլ, եթե առաջարկ չկա, ապա Վաշինգտոնին մնում է միայն ճնշումների միջոցով առաջ տանել Թուրքիայի համար Ռուսաստանի հետ պայքարը: Եվ հաշվի առնելով, որ թուրքական խորհրդարանական ընտրությունները ամռան սկզբներին են, ապա թերեւս հենց դրա շուրջ էլ կկառուցվի ամերիկյան քաղաքականությունը: Ստանդարտ "գունավոր հեղափոխության", Անկարային միջազգային ահաբեկչության հովանավորի տեսքով ներկայացնելու, թե մեկ այլ տեսքով, դա արդեն ժամանակը ցույց կտա: Չնայած այդ բոլոր գործիքներն էլ կներդրվեն: Եվ այդ թվում, թերեւս, 100-ամյակի շեմին նաեւ Ցեղասպանության ճանաչման խաղաքարտը. համենայնդեպս Թուրքիայում արդեն իսկ տրտնջում են, որ որպես հակակշիռ կազմակերպված Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված միջոցառումներին մասնակցելու Անկարայի հրավերին հազիվ 5-6 պետություն է արձագանքել, այն էլª խորհրդանշական պատվիրակությունների մակարդակով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

