ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, փետրվարի 20-ին ամբողջ "եռյակից" հայտարարված, իսկ այնուհետ չեղարկված հանրահավաքին ներկայացավ միայն ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա հետ հանդիպելու եկած քաղաքացիներից մեկը մի զարմանալի բան ասաց` "Թողնելու է փախնի իր Ամերիկան, բա մե՞նք ինչ անենք": Ինչեւէ, սակայն զուտ քաղաքական իմաստով կարեւորն այն է, որ Րաֆֆին հայտարարեց "եռյակի" այլեւս գոյություն չունենալու մասին: Բայց առավել ուշագրավ է քաղաքական դաշտում վաղուց մոռացված Պահպանողական կուսակցության առաջնորդ, ավելի շատ որպես ժամանակին լույս տեսնող ընդդիմադիր "Շրջան" թերթի գլխավոր խմբագիր հայտնի Միքայել Հայրապետյանի գնահատականը` որ "եռյակը" "լուծարված էլ ծնվել էր":
Դե ինչ, ցանկացած երեւույթ, եթե ստեղծված է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով, գլխանց լուծարված էլ ծնվում է: Շարունակելով Րաֆֆի Հովհաննիսյանի թեման` նշենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ անչափ գովաբանել էր Րաֆֆիի հորը` Ռիչարդ Հովհաննիսյանին` որպես պատմաբան: Առիթն էլ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծն էր Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների Ցեղասպանության վերաբերյալ: Ըստ Ֆարմանյանի` եթե Զարուհու օրինագիծը ընթերցեր Ռիչարդ Հովհաննիսյանը, ապա որպես պատմաբան` նրան 2 կնշանակեր: Սակայն, զարմանալիորեն, պարոն Ֆարմանյանի մտքով չի անցնում, որ եթե 2 նշանակողը լինի Ռիչարդ Հովհաննիսյանը, ապա առնվազն Սփյուռքում դա լրիվ հակառակ կընկալվի, քանզի պարոն Հովհաննիսյանին Սփյուռքը գիտի որպես հայոց պատմության ամենասկանդալային կեղծարարաներից մեկին:
Երեկ ԱԺ-ում բոլորի զահլան տարել էր Լեւոն Զուրաբյանը` ԲՀԿ-ի հետապնդումների մասին իր ողբով: Եվ այդ զարմանալի ողբի առնչությամբ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հետաքրքիր դիտարկում հնչեցրեց, "Ստիպված` դեմքը փրկելու համար, փորձում եք Հռոմի պապից կաթոլիկ երեւալ, բայց դուք Հռոմի պապից կաթոլիկ չեք: 7 հոգով 9 երգ եք երգում, նույնիսկ այս քննարկման ժամանակ ձեր խմբակցության մեծամասնությունն այստեղ չէ` ձեր ներկայացրած շինծու, արհեստական օրակարգը հետաքրքիր չէ ձեր խմբակցության անդամներին: Դուք հայտնվել եք քաղաքական լուսանցքում` ձեր մեջ խոսում է ոչ թե առողջ բանականությունը, այլ` վիրավորանքը, գիտակցումը, որ այլեւս անելիք չունեք քաղաքական դաշտում": Անշուշտ, ասվածը ճշմարտություն է, սակայն արդյոք դա չափազանց դաժան չէ իր բոլոր գունագեղ երազանքները կորցրած Լյովիկ Զուրաբյանի նկատմամբ:
Իսկ սկանդալային գենդերասեր ակտիվիստուհի (կամ միգուցե ակտիվիստ) ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս հրապարակավ մեր ժողովրդին կոչ է անում իրականացնել հեղափոխություն "եղանով, մահակով, բենզինի շշերով ու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով կանգնի ու թալանչիներից նվաճի իրենից խլվածն ու ստեղծի ինքնիշխան ու ժողովրդավար պետություն` իր բոլոր ատրիբուտներով": Եվ դա դեռ քիչ է, որ հնչեցնում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ, մի բան էլ խոստովանում է, որ արյունոտ հաշվեհարդարների կողմնակից է. "Ես հոգնել եմ նվաստացած ու լուսանցքը քշված ապրելու այս վիճակից: Ես ի խորոց սրտի` ցանկանում եմ, որպեսզի հայ ժողովրդին ու Հայաստանը հարստահարած բոլոր ավազակները շարվեն պատի տակ ու գնդակահարվեն": Այստեղ առավել զարմանալի է, որ մեր իշխանությունները հանդուրժում են այդպիսի կոչեր եւ դրանց հեղինակներին չեն ենթարկում օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Լավ, ինչքան կարելի է:
Ի դեպ, այդպիսի կոչեր հնչեցնել սիրող ակտիվիստ-ակտիվիստուհիներին պետք է հուշել ամենաթարմ դեպքերը: Այսպես, Թաիլանդում երկու ուսանողներ դատապարտվեցին 5 տարի ազատազրկման այն բանի համար, որ համալսարանական բեմականացման ժամանակ վիրավորանք հասցրեցին թագավորին: Ու նրանց չփրկեց նույնիսկ այն, որ խոսքը ոչ թե գործող թագավորի մասին էր, այլ երեւակայական մի արքա` երեւակայական թագավորությունից: Իսկ ձեզանից որեւէ մեկի դուռը երբեւէ ոստիկան ծեծե՞լ է այն բանի համար, որ երկրի ղեկավարի հասցեին ինչ ասես բլթացրել եք: Լավ, դուրներդ չի գալիս Թաիլանդը, օրինակ բերեմ ձեզ շատ սիրելի ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ: Այդտեղ "Ֆեյսբուքում" մոբիլիզացիայի դեմ արտահայտություն թույլ տվողներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Դե, եթե այդքան դժգոհ եք ու այդքան Մայդան եք տենչում, գնացեք ձեր այդքան սիրելի մայդանային Ուկրաինա եւ այնտեղ ինչքան ուզում եք կոչեր արեք: Իսկ մենք ձեր հայհոյախառը եւ ագրեսիվ տեքստերից արդեն հոգնել եւ զզվել ենք:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

