Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր (ԼՏՊ-ի-խմբ.) մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների եւ համայնքների ներկայացուցիչների կողմից`
իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլեւ որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ: Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի` հնարավոր հակասությունների եւ նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող: