Երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, որին կողմ քվեարկեց ընդամենը չորս պատգամավոր, դեմ` 68, ձեռնպահ` զրո: Մինչ քվեարկության դրվելը, ՀԱԿ խմբակցությունում հրապարակային վեճ տեղի ունեցավ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը եւ պատգամավոր Փաշինյանը իրար մեղադրեցին, ըստ էության, իշխանություններին "ծախված" լինելու համար: Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ առաջադրված օրենքի նախագիծը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով հիմնավորված նախագիծ չէ եւ ժամանակավրեպ է: Նա նաեւ ասաց, որ նախագիծը անլրջացնում է հարցը, եւ դրանով իսկ Նիկոլը մեծ "նվեր" է անում Սերժ Սարգսյանին`
ակնարկելով, որ Նիկոլի կողմից այդ հարցի արծարծումը համաձայնեցված է Բաղրամյան 26-ի հետ: Սրան հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը` ասելով, որ սա պատեհ առիթ է իշխանափոխության մասին ամիսներ շարունակ հրապարակներում անընդհատ խոսողների համար, որ ցույց տան իրենց դիրքորոշումը: Արզումանյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու, սակայն ավելացրեց, որ կողմ է քվեարկում միայն հարցը օրակարգ մտցնելուն, իսկ թե ինչպես կքվեարկի բուն իմպիչմենտին, դեռ կորոշի` կողմ է, թե դեմ: Ինչ խոսք, բավականին խորամանկ դիրքորոշում` համ նալին, համ մեխին: Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին` հանել նախագիծը եւ նորից հանգամանալից քննարկել: Ի պատասխան` Նիկոլը հայտարարեց, որ երկար ժամանակ է, ինչ նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, սակայն ոչ ոք նրան որեւէ առաջարկություն չի արել: Հետեւաբար, հարցը կրկին հետաձգելու որեւէ հիմք նա չի տեսնում: Այսպիսով, սա առաջին լուրջ հրապարակային լեզվակռիվն էր ՀԱԿ խմբակցության անդամների միջեւ, իսկ թե ով է իրականում ծախված իշխանություններին, ցույց կտա ապագան: Իսկ գուցե երկու կողմերն էլ ճիշտ են իրենց մեղադրանքներում: