«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Արխիվ 12-16«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Խորհրդարանում երեկ քննարկվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հեղինակած «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Սակայն այս անգամ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին միայնակ թողեց, իսկ արդյունքում Լ. Զուրաբյանը խոսեց` երեւակայելով, որ գտնվում է ոչ թե ԱԺ նիստերի դահլիճում, այլ Ազատության հրապարակում: Այդպես էլ չանդրադառնալով վերոնշյալ հայտարարության բովանդակությանը` Լ. Զուրաբյանը սկսեց խոսել հնարավոր բոլոր ճգնաժամերի մասին, այդ թվում նշեց, թե արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ ձախողումներ ենք ունեցել` մասնավորապես շահարկելով հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելն ու ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման փոխարեն ԵՏՄ-ին անդամակցելը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.
-Կարծում եմ` ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթում կար այդ հարցի պատասխանը, եւ արտաքին քաղաքականության մեջ մենք որեւիցե անհաջողություն չունենք: Ո՞րն է անհաջողությունը, որ հետ ենք կանչել հայ-թուրքական արձանագրություննե՞րը: Ի՞նչ է, պետք է թողնեի՞նք, բոլորն էին դա պահանջում: Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը, կարծում եմ, մեր արտաքին քաղաքական հաղթանակներից մեկն է, որովհետեւ մենք ապացուցեցինք աշխարհին, որ Թուրքիան ոչ կառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ոչ մի պայմանով չի ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, այսինքն` շարունակում է Հայաստանի շրջափակումը: Այնպես որ, Հայաստանի նախագահը հետ կանչեց այդ արձանագրությունները շատ տեղին եւ ժամանակին: Եվ երկրորդ` վերջերս ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց շուրթերով հնչեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, ինչպես նախկինում: Նույնն արեց Եվրամիությունը, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ ասոցացման պայմանագիրը չստորագրեց, այլ մտավ Եվրասիական տնտեսական միություն: Ոչ միայն չեմ կարծում, որ անհաջողություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության բնագավառում, այլ գտնում եմ, որ երբեք Հայաստանի միջազգային ճանաչելիությունը այս մակարդակով չի եղել, քան այսօր: Հատկապես մեր արտաքին քաղաքականության հաջողություններից մեկը համարում եմ ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանում: Հրաշալի ելույթ էր, որով իրապես Հայաստանը իր տեսակարար կշիռը բավականին բարձրացրեց միջազգային կառույցներում: Այնպես որ, Լեւոն Զուրաբյանի բերած փաստարկներն ընդամենը բառերի շարան էր, եւ դա չի համապատասխանում իրականությանը: Եվ, ընդհանրապես, կառավարական ճգնաժամի մասին այդ փաստաթուղթը գրված է աղավաղված փաստերի վրա, որն իմ գործընկերներն իրենց ելույթներում ապացուցեցին:
- Իսկ ո՞ւմ է հարկավոր կառավարական ճգնաժամի մասին նման հայտարարություն ընդունելը:
- Դա շատ ձեռնտու է մեր հակառակորդին, եւ ամենավատը հենց դա է: Պետք է նաեւ նկատի ունենաս, թե թշնամին ինչ դիրք կգրավի նմանատիպ հարցերի վերաբերյալ: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանում մեկ գիշերվա մեջ 38-40 տոկոսով արժեզրկվեց մանաթը, բայց ադրբեջանցիների մտքով չէր անցնի, որ դա համարեն կառավարական ճգնաժամ, որովհետեւ հասկանում են գազի, նավթի գների անկումը եւ այլն: Իհարկե, այս ճգնաժամի պայմաններում կունենանք անհաջողություններ` ե՛ւ տնտեսական, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ու այս իրավիճակում կարող է ունենանք նաեւ բացթողումներ: Բայց արդյոք այդ բացթողումները համապատասխանում են նրան, որ ի լուր աշխարհի, մեր թշնամիների` ասենք, որ Հայաստանում կա կառավարական ճգնաժամ: Արդյո՞ք կարիք կար անդրադառնալ եւ ասել, թե պետական գաղտնիք չենք ուզում բացել, բայց առաջ 13,5 հազար մարդ էր զորակոչվում բանակ, հիմա չենք ասի, թե քանիսը: Այդ ի՞նչ տերմինաբանություն է: Իսկ այդ հայտարարության զեկուցողը մի կուսակցություն է ներկայացնում, որի լիդերը հանրապետության առաջին նախագահն է, եւ շատ եմ ափսոսում դրա համար: Անընդհատ մեղադրել գործող իշխանություններին` շատ հեշտ է, եւ որ ամենակարեւորն է, ինչպես մեր ընկերներից մեկը նկատեց, եթե դուք կառավարական ճգնաժամ եք ասում, ի՞նչ եք առաջարկում, ձեր ծրագիրը ո՞րն է: Միայն այն, որ Սերժ Սարգսյանը նախագահ չլինի` դո՞ւք լինեք: Սա հարցի լուծում չէ, եթե դու չունես սեփական ծրագիր` կոռուպցիայի դեմ, մնացած թերությունների դեմ, միայն ընդունակ ես քննադատելու, դա չեմ համարում, որ լուրջ քաղաքական գործընթաց է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

