"ՄԻ ՔԻՉ ԹՈՓԱԼ" ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16"ՄԻ ՔԻՉ ԹՈՓԱԼ" ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ԱԺ հերթական քառօրյային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացել էր "չալիկով" եւ ամբիոնից ցույց տալով ձեռնափայտը` հայտարարեց, որ ընդդիմությունը "մի քիչ թոփալ" է: Բայց երեւում է, որ պարոն Զուրաբյանը մի քիչ չափից ավել լավատես է, քանզի ընդդիմությունն այժմ ոչ միայն կաղ է, այլ կաղ է երկու ոտքից:
ՅՈ ԵՐԹԱՍ, ԲՀԿ
Խորհրդարանի նիստին հենց գլխանց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտում է քառօրյան: Մի կողմ դնենք այն, որ ԲՀԿ-ականները բոյկոտեցին նաեւ իրենց կողմից օրակարգ մտցրած որոշ հարցերի քննարկումը, այլ ընդամենը նշենք, որ բոյկոտը թերեւս ոչ թե բողոքի ակցիա էր, այլ այդ կուսակցությունն այժմ գաղափար չունի, թե ինչպես է շարունակելու, ինչ ուղեգիծ է որդեգրելու, ու մնում է պարզապես առայժմ չմասնակցել քաղաքական կյանքին, միաժամանակ հեռու մնալով նաեւ լրագողներից, մինչեւ հստակեցումներ ապահովելը:
Իսկ անորոշությունները շատ են: Նախ` ով պետք է դառնա ԲՀԿ առաջնորդ: Գործնականում կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը իրոք դուրս է գալու քաղաքականությունից, հետեւաբար հարցը բաց է: Պարզ չէ նաեւ, թե ինչ գաղափարական գիծ է որդեգրելու ԲՀԿ-ն, նույնիսկ պարզ չէ ԲՀԿ-ի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշումը:
Պարզ է միայն այն, որ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն չի լինի, նաեւ որեւէ կերպ չի հակադրվի սահմանադրական բարեփոխումներին, նույնիսկ բացառված չէ, որ պաշտպանի այդ բարեփոխումները:
Պարզ է նաեւ, որ ԲՀԿ-ն այլեւս չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի հենարանը, իսկ 2017-ի ընտրություններում այդ կուսակցության հավաքելիք քվեները էապես կախված են իշխանության բարեհաճությունից: Բայց միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ եւ ԲՀԿ-ի տրոհման դրդապատճառ, քանզի ՀՀ երկրորդ նախագահը անգամ անհաջողության մատնվելուց հետո ցանկություն կունենա այս կամ այն կերպ ազդել քաղաքական գործընթացների վրա, բացառված չէ նաեւ` ստանձնելով արմատական ընդդիմության հավակնություններ: Սեփական կուսակցություն ստեղծելու դեպքում, բնականաբար, տրամաբանական կլինի ԲՀԿ-ից տանել սեփական հավատարիմ կադրերին, զորօրինակ` Օսկանյանին:
ՏՐՈՀՄԱՆ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ
Ու մինչ քննարկում ենք ԲՀԿ-ի հնարավոր տրոհումը, հարկ է նշել այն քաղաքական ուժին, որը բազմանում է տրոհումով: Խոսքը ՀԱԿ-ի մասին է: Երբ ԼՏՊ-ն իր մերձավոր համախոհներով սեփականեց ՀԱԿ շարժումը, այն վերածելով կուսակցության` պարզապես անցկացնելով ՀՀՇ-ի վերանվանում, մի խումբ հին ՀՀՇ-ականներ հեռացան եւ ստեղծեցին նոր ՀՀՇ:
Իսկ հիմա ՀԱԿ խմբակցությունում դժվար է նույնիսկ երկու հոգի գտնել, որ ունենան միեւնույն քաղաքական տեսակետը: Յոթ պատգամավորով առնվազն վեց տեսակետ են արտահայտում` գումարած ներքին գզվռտոցը: Շատ հատկանշական էր, թե ինչպես միմյանց ինչ ասես անվանեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Այնուհետ, երբ Նիկոլն առաջարկեց օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ` Բաղրամյան 26-ին ծախված լինելու մեջ:
Իսկ ընդհանուր առմամբ, Լեւոն Զուրաբյանի խորհրդարանական լաչառությունը պետք է պայմանավորել ՀԱԿ-ի ձգտումով` ԲՀԿ-ի պարտությունից հետո զբաղեցնելու բավականին լայնարձակ եւ դատարկ ընդդիմադիր դաշտը: Դե, իրոք, ԲՀԿ-ի փաստացի կապիտուլյացիայից հետո ընդդիմության մասին կարելի է ասել Տերյանի խոսքով` "Դաշտ է տեղը, եւ չկա քար քարի վրա": Այդ "հիմնակառույցի" փլուզումից հետո "կցակառույցները"` ի դեմս ԼՏՊ-ի եւ Րաֆֆու, փորձում են դրա տեղը գրավել: Սուր ընդդիմադիր խոսակցություն վարելը պահանջվեց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Լեւոն Ակոպիչի "արժեքավոր մոտեցումները" 100-ամյակի հարցում ուղարկեց հայտնի ռուսական հասցեով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ընդունել ԼՏՊ-ին: Վերջինս էլ չցանկացավ բավարարվել զուտ ԲՀԿ-ին դավաճանած մատնիչի դերով, այդ պատճառով ԱԺ ամբիոնից Լ. Զուրաբյանը այդքան ողբաձայն նկարագրում էր ԲՀԿ-ին բաժին հասած "ահավոր հալածանքները":
Բնականաբար, միասնականությամբ չփայլող ՀԱԿ խմբակցությունում դեռ բազմիցս կլինեն գզվռտոցներ ու փոխադարձ մերկացումներ:
ՐԱՖՖՈՒ ԲԱԽՏԸ ՆՈՐԻՑ ԺՊՏՈ՞ՒՄ Է
Երբ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարվեց` ԲՀԿ-ին հանրությանը մատուցելով Ցռան Վերգոյի կերպարանքով, իսկ ԼՏՊ-ն հրապարակավ ներկայացավ մատնության գնի շուրջ սակարկություն անողի տգեղ դերում, Րաֆֆի Հովհաննիսյանը շտապեց ներկայանալ Ազատության հրապարակ, որպեսզի ցույց տա, թե տեսեք` բոլորը փախան, միայն ես ներկայացա այն հանրահավաքին, որ նախօրոք նշանակված էր: Ու թեեւ մի քանի տասնյակ քաղաքացիների եւ լրագրողների հետ շփումը ավելի շուտ ծիծաղ եւ խղճահարություն էր հարուցում, սակայն գոնե զուտ հասարակ տրամաբանության տեսակետից Րաֆֆին կարող է հանրությանը ներկայանալ որպես մեկը, ով անփոփոխ է մնացել: Ու նաեւ "Ժառանգության" առաջնորդի համար պատեհ առիթ էր` պաշտոնապես դամբանական կարդալու "եռյակի" գլխին, այն էլ այն տարբերակով, որ անձամբ ինքը դրանում ոչ մի մեղավորություն չունի:
Սակայն խորհրդարանում էլ միասնական հենարան Րաֆֆին չունի: Զորօրինակ` Զարուհի Փոստանջյանը կողմ քվեարկեց իմպիչմենտին, իսկ մյուս "ժառանգականները" չքվեարկեցին: Դե, իսկ "Ժառանգության" ցուցակով խորհրդարան անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը վաղուց նույն Րաֆֆուն բանի տեղ չեն դնում:
Այնուամենայնիվ, ինչ-որ չափով Րաֆֆու պարագայում կարող է եւ կրկնվել 2013-ի ֆենոմենը, երբ դաշտի դատարկության շնորհիվ կես միլիոն բողոքավոր քվե բաժին հասավ հենց իրեն: Իսկ հիմա, թեեւ Րաֆֆին ամբողջովին թույլիկ է երեւում, այնուամենայնիվ, մյուսներն էլ երեւում են այս կամ այն աստիճանի փչացած, ուստի համեմատական կարգով "Ժառանգության" մոտ շանսեր են առաջանում 2017-ին ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել սեփական ներկայությունը խորհրդարանում: Դե, էլի ստացվում է Քաջ Նազարի բախտի պես մի բան:
"ՉԱՓԱՎՈՐՆԵՐԻ" ԺԱՄԱՆԱԿԸ
Խոշոր հաշվով, ամբողջովին ֆիասկոյի ենթարկվեց եւ մարգինալացվեց արմատական, ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես գալու դաշտը, ու ԲՀԿ-ն իր վարքագծով հիմնովին զրոյացրեց այնպիսի կատեգորիան, ինչպիսին է իշխանափոխությունը: Գումարած դրան, նույն ժողովուրդը դժգոհ լինելով հանդերձ, այժմ խուսափում է տարատեսակ հեղափոխական գաղափարներից, ինչպես սատանայից, եւ օբյեկտիվորեն պայմաններ են ստեղծվել` չափավոր դիրքերից հանդես գալու համար: Այդ դիրքերից ԲՀԿ-ի հանդես գալը այժմ եղանակ չի փոխի, քանզի մեր ժողովուրդը պարտվածներին չի սիրում: "Ժառանգությունը"` Րաֆֆի Հովաննիսյանով հանդերձ, չի կարող կտրուկ շրջադարձ կատարել դեպի չափավորություն, քանզի գլխանց տարիներով կուտակել է, թեեւ "Ձախորդ Փանոս", բայց արմատական ընդդիմության նկարագիր: ԼՏՊ-ն` իր բացասական իմիջով հանդերձ, նաեւ այնքան է խոսել "ավազակապետության կազմաքանդման" մասին, որ չափավոր դիրքերի անցնելը կընկալվի որպես հերթական դավաճանություն, եւ ոչ ավելին:
Իսկ չափավորության տեսակետից հանդես գալու հնարավորություններն ավելանում են ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի մոտ: Երկու կուսակցություններն էլ ընտրությունից ընտրություն ընտրազանգվածի խրոնիկական նվազման պրոբլեմ ունեն, սակայն այժմ, երբ ընդդիմադիր դաշտն ամայացել է, նույնպես ստանում են երկրորդ շնչառության շանսը:
Իսկ ինչ վերաբերում է ծայրահեղ արմատական դիրքերին, ապա այժմ գրեթե բոլոր մայդանչիները խմբավորվում են Ժիրայր Սէֆիլյանի "Հիմնադիր խորհրդարանի" շուրջ: Միայն Նիկոլն է, որ փորձում է ընդդիմադիր դաշտի այդ հատվածը ամբողջովին քաշել իր կողմը, ձգտելով ներկայանալ որպես առաջնորդ, որը երբեւէ չի եղել իշխանության մեջ, սակայն ե՛ւ Սէֆիլյանի, ե՛ւ Փաշինյանի պարագայում ռեալ հեռանկար չի երեւում:
Այլ հարց է, եթե ծայրահեղ ընդդիմության ետնախորշը ցանկություն հայտնի գրավել Ռոբերտ Սեդրակիչը: Թեեւ նրա իմիջը բավականին բացասական է, ժողովուրդն էլ առանձնապես հակում չունի դեպի հեղափոխական գաղափար, սակայն փողը մութ տեղը լույս է տալիս եւ այլ հրաշքներ գործում: Իսկ ինչ-ինչ, սակայն ֆինանսական ռեսուրսի պակաս ՀՀ երկրորդ նախագահը հաստատ չունի: Ու թեեւ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ ընդհանուր միջավայրը` վերաբերմունքը դեպի հեղափոխություններ եւ հեղաշրջումներ գնացողների հանդեպ դառնալու է ավելի կոշտ եւ ավելի ռեպրեսիվ, այնուամենայնիվ, նենգության եւ հիշաչարության արքան կարող է եւ անակնկալներ մատուցել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

