ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ն ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ն ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
Փետրվարի հինգին «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ԲՀԿ-ի խորհրդաժողովը, դրան հաջորդած որոշ քայլեր ԲՀԿ-ի առաջնորդի ու նրա կուսակիցների կողմից անարձագանք չմնաց ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից: Վերջինս ՀՀԿ խորհրդի նիստում`փետրվարի 12-ին, հայտարարել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:
ԲՀԿ-ի «կնքահայր», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չուշացավ: Նա խնդրեց իշխանություններին, որեւէ քայլ չձեռնարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Քոչարյանի այդ հարցազրույցը վերջնականապես ցույց տվեց` ԲՀԿ-ի գործողությունների ու քայլերի ետեւում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահը:
«Ժառանգության առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ՀՀ նախկին նախագահի հարցազրույցը համոզեց «Ժառանգության» առաջնորդին, որ ԲՀԿ-ի այս ողջ ակտիվության ետեւում կանգնած է Քոչարյանը: «Տեղեկություն չունեմ»,- ասաց քաղաքական գործիչը:
- Բայց դուք կարդացե՞լ եք Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա դիմում է իշխանությանը` ոչ մի ակտիվ գործողություն չանել ԲՀԿ առաջնորդի հանդեպ:
- Ես ամեն ինչ էլ կարդում եմ, բայց ես այդ տեղեկություն չունեմ (նկատի ունի Քոչարյանի`ԲՀԿ-ի ետեւում կանգնած լինելը-խմբ.): Իսկ քո կարծիքն ի՞նչն է:
- Ես կարծում եմ` Քոչարյանը ԲՀԿ-ի ետեւում կանգնած է: Ես Ձեր կարծիքն եմ ցանկանում լսել:
- Ես նման տեղեկություն չունեմ:
- Այնուամենայնիվ, սպասելի չէ՞ր Ձեզ համար, որ ԲՀԿ-ը վերջին պահին կկանգնի իշխանության կողքին` հաշվի առնելով նրա կապերն իշխանության հետ:
- Ոնց որ հիմա ֆիֆթի-ֆիֆթի վրա, ինքը թող որոշի:
Հ.Գ. Պարոն Հովհաննիսյան, դուք իրոք չեք կարդացել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, թե դեռ չեք շտապում այրել կամուրջները ԲՀԿ-ի հետ, ով դեռ չի կողմնորոշվել իր հետագա գործողություններում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

