ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՆԴՆԵՐԸ. ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՆ ՈՒ ՂԱՆԴՆԵՐԸ. ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին տարիներին կտրուկ ավելացել է ինքնասպանությունների թիվը, ինչը խիստ մտահոգիչ է և պահանջում է հրատապ լուծումներ:
Մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների դրդապատճառները բազմաթիվ են, որոնց շարքում մեծ բաժին ունեն սոցիալական խնդիրները:
Երկրում առկա բազում սոցիալ-տնտեսական խնդիրների գոյությունն արդեն իսկ սպառնալիք է հանդիսանում մեր հասարակության կայուն զարգացման համար: Բնակչության ցածր կենասամակարդակը, դրա պատճառ հանդիսացող մի շարք ցուցանիշներ՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ մարդկանց դրդում են ոչ ստանդարտ գործողությունների՝ ընդհուպ ինքնասպանության: Բնակչության ամենախոցելի խմբերը` հաշմանդամները, ծայրահեղ աղքատները շարունակում են մնալ անպաշտպան: Կառավարության կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունները որևէ սոցիալական խնդիր չեն լուծում: Ըստ վիճակագրական տվյալների 100 հազար բնակչի հաշվով ՀՀ-ում ինքնասպանության ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է` 20 մարդ: Դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում սա արդեն սպառնում է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավեր:
Ինքնասպանությունների հաջորդ դրդապատճառը բուքմեյքերական կազմակերպություններն են, որոնք իրենց գրասենյակներն ունեն Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում: Բազմաթիվ երիտասարդներ կատարելով հսկայական խաղադրույքներ պարտվելուց հետո չեն կարողանում վճարել պարտված գումարները և դիմում են ինքնասպանության: Ոչ միայն բուքմեյքերական գրասենյակները, այլ նաև խաղատները դարձել են բազմաթիվ ընտանիքների կործանման պատճառ, մարդկանց դրդել են հանցանքների, ինքնասպանության, սակայն պետության կողմից որևէ վերահսկողություն չկա այս ուղղությամբ:
Դեռահասների շրջանում ինքնասպանության հիմնական պատճառը նաև աղանդավորական շարժումներն են, որոնք հասարակական արժեքների ու ընկալումների տարբեր մոտեցումներ ունեն: Վերջիններիս տարածումը մեր հասարակության մեջ սկսվել է 1990-ականներից:
Ըստ հոգեբանների ցանկացած ինքնասպանություն իրենից անհուսության հոգեվիճակ է ներկայացնում. երբ մարդն իր համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները չի կարողանում լուծել և մնում է մենակ: Այդ իրավիճակում ինքնասպանությունը հանդիսանում է որպես իրադրությունից դուրս գալու միակ ելք: Իսկ այս հոգեվիճակին մարդուն կարող են հասցնել բարձր տոկոսադրույքներով վարկային պարտավորությունները, գործազրկությունը, չքավորությունը, ընչազրկությունը և այն բոլոր սոցիալական խնդիրները, որոնք առկա են մեր երկրում:
ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանի 24.02.15թ.ելույթը ԱԺ-ում:

