ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԿԱՐՃ ԿԱՊԵՔ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «ԿԱՐՃ ԿԱՊԵՔ»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում առանձնահատուկ ոգեվորվածությամբ է հանդես գալիս, եւ ողջ ոգեւորվածությունը ուղղված է ԲՀԿ-ի նիստերի դահլիճը լքելուն, որը Զուրաբյանը շատ ծանր է տանում: Երբ ամբիոնի մոտից պետք է խոսեր կառավարման ճգնաժամից, սկսեց քննադատել իշխանություններին եւ խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ելույթը համարեց բոցաշունչ, որը, ըստ Սահակյանի, նախապատրաստված էր հնչեցնելու փետրվարի 20-ի հանրահավաքին: Պարոն Սահակյանը նաեւ հիշեցրեց, որ կառավարման ճգնաժամի մասին հարցը խորհրդարան է մտել պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ. «Հիմա պատգամավորների մեծ մասը` ԲՀԿ-ը, բոյկոտել է ԱԺ քառօրյայի աշխատանքները: Հետեւաբար, հարց եմ ուզում տալ Ձեզ` բարոյակա՞ն եք համարում առանց ԲՀԿ-ի հետ քննարկելու ասել բաներ, որոնք ԲՀԿ-ը երբեւէ չի ասել»:
ԱԺ նախագահը կոչ արեց խորհրդարանը չվերածել խեղկակատկության, քանի որ դա հաջողություն չի բերելու ՀԱԿ-ին: Զուրաբյանը, բնականաբար, փորձեց «տակ» չմնալ` ասելով, որ բոլոր ընդդիմադիրներին ընդհատում է ԱԺ նախագահը կամ մեկնաբանում նրանց ելույթները: Իսկ ԲՀԿ-ի ներկա չլինելը, ըստ Զուրաբյանի, պայմանավորված է նրա նկատմամբ կիրառված ճնշումներով: Ի պատասխան` ԱԺ նախագահը հակադարձեց. «Կարճ կապեք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

