«ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՄԻՋՈՑ` ՉՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16«ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՄԻՋՈՑ` ՉՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
Այս անգամ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հուզող հարցերին: Հնչած տասնյակից ավելի հարցերը վերաբերում էին առողջապահության նախարարության նոր ծրագրերին, ներդրած նոր համակարգերին, պետական պատվերի շրջանակում բուժօգնության իրականացմանը, առողջապահական սոցփաթեթներին, պատվաստումներին, եւ, իհարկե, վերջերս մեծ հնչեղություն ստացած Քաջարանի դեպքին, որտեղ հայտնաբերվել է 15 հեպատիտ C-ով հիվանդ եւ լայն քննարկման առարկա դարձած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին: Ստորեւ ներկայացնում ենք ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ բարձրացրած հարցերն ու տիկին Վարդանյանի տված պատասխանները:
- Հայաստանում ի՞նչ տարածվածություն ունեն երկաթի ավելցուկով պայմանավորված հիվանդությունները:
- Երկաթի ավելցուկով պայմանավորված հիվանդությունը բժշկական տերմինաբանությամբ կոչվում է հեմոխրոմատոզ: Երկաթի ավելցուկով պայմանավորված հիվանդություններն ունեն հստակ կլինիկական ախտանիշներ եւ արտահայտվածություն` մաշկի փոփոխությամբ: Այն առաջացնում է շաքարային դիաբետի, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ, որը կապված է երկաթի քանակի ավելացման հետ: Ինչ վերաբերում է նման հիվանդությունների տարածվածությանը, նշեմ, որ Հայաստանում հսկողության վերցված դիսպանսեր այս հիվանդությամբ չունենք: Սակայն, կապված այս իրավիճակի հետ, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը լայն արձագանք է գտել, հանձնարարականներ է տրվել արյունաբանական ինստիտուտին, որ սկսեն համապատասխան ուսումնասիրություններ: Եկեք անկեղծ լինենք, սրա մասին սկսեցին հիշել ու խոսել, երբ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծն առաջ եկավ: Ընդհանրապես ասեմ, որ սա հազվադեպ հանդիպող հիվանդությունների շարքին է պատկանում եւ, ըստ միջազգային վիճակագրության, 100 հազար ազգաբնակչության մեջ 3-4 նման դեպք է հնարավոր լինի: Բայց դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվենք` ասելով, որ Հայաստանում չկա կամ քիչ են նման հիվանդություն ունեցողները: Այստեղ հայտնաբերելիության, հիվանդության ճանաչման խնդիր է, որովհետեւ այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է:
- Ինչպե՞ս եք պատրաստվում այդ հիվանդությունների դեմ պայքարել, եթե «Ալյուրի հարստացման մասին» օրենքն ընդունվի:
- «Ալյուրի հարստացման մասին» օրենքով ալյուրի մեջ ֆոլաթթվի`երկաթի, 20-40 միլիգրամ քանակով միկրոչափաբաժին է ավելանում: Տվյալ դեպքում որեւէ կապ հիվանդության պաթոլոգիաների եւ ալյուրի միջեւ չեմ տեսնում, որովհետեւ նույն ձեւով ես կարող եմ հարց ուղղել, թե ինչպե՞ս եք վերաբերում շոկոլադի անընդհատ վաճառքին, երբ բազմաթիվ մարդիկ շաքարային դիաբետ ունեն: Այսինքն` եթե անձն արդեն հիվանդ է, ապա նա առաջինը պետք է հետեւի իր սննդակարգին, ինչպես որ շաքարային դիաբետով հիվանդներն ունեն իրենց սննդակարգը, սիրտ-անոթային հիվանդներն` իրենցը: Նույն կերպ 5 գրամից ավել աղի քանակը, նիկոտինի, 30 միլիլիտր ալկոհոլի օգտագործումը լուրջ վնաս է սիրտ-անոթային հիվանդների համար, ուրեմն` պետք է ագրելվի՞ աղի ուտելիքի, ծխախոտի, խմիչքի վաճառքը: Եվ հետո, ալյուրի հարստացման ծրագրով որոշակի տոկոսն է միայն հարստացվելու ֆոլաթթվով, երկաթով, այսինքն` քաղաքացին ունենալու է ալտերնատիվ միջոց` չհարստացված ալյուրից օգտվելու հնարավորություն: Եթե նրան բժիշկը հատուկ կնշի, որ պետք է զերծ մնալ այսպիսի սննդից, որոնք երկաթ են պարունակում, նա իր սննդակարգը կընտրի շուկայում համապատասխան ձեւով:
-«Ալյուրի հարստացման մասին» օրենքով նախատեսվում է ալյուրին ֆոլաթթու հավելել: Դա ի՞նչ ազդեցություն կունենա հազարավոր քաղցկեղով հիվանդների եւ նախաքաղցկեղային վիճակում գտնվող մարդկանց վրա, երբ քաղցկեղով հիվանդներից շատերին հակաֆոլատային դեղամիջոցներ են նշանակում:
- Այդ հավելումը ընդամենը միլիգրամների մասին է: Բայց եթե նույնիսկ քաղցկեղով հիվանդի կամ նախաքաղցկեղային վիճակում գտնվող մարդկանց բուժող բժիշկը կգտնի, որ նույնիսկ այդ քանակը նրա համար վտանգավոր է, տվյալ անձն ունի ալտերնատիվ հաց օգտագործելու հնարավորություն, որովհետեւ, այո, քաղցկեղի դեպքում կան որոշակի հակացուցումներ: Նույն կերպ մենք 60-70 հազար դիաբետով հիվանդ ունենք, ի՞նչ անենք, քաղցրը հանե՞նք ընդհանրապես: Անգամ խոսակցություններ են շրջանառվում, թե Չիլիում ալյուրի մեջ ավելացրել են ֆոլաթթու ու հետո քաղցկեղով հիվանդների քանակն ավելացել է, բայց սա արդեն անցնում ենք գիտական տիրույթ, որտեղ պետք է լուրջ գիտնականները, մասնագետները նստեն ու ուսումնասիրեն: Ցանկացած հարցի շուրջ հնարավոր է լինեն իրարամերժ կարծիքներ, իրարամերժ հետազոտություններ, պետք է հասկանալ, թե Հայաստանի Հանրապետության համար ո՞րն է առաջնային, ինչքանո՞վ է նպատակահարմար ու նժարի վրա դնել առավելությունները եւ այն խնդիրները, որոնք կարող են ինչ-որ ձեւով առաջանալ: Օրինակ, ֆոլաթթուն հրաշալի ազդեցություն է թողնում այն հղիների վրա, որոնք ծննդաբերության հետ կապված երեխայի պտղի, մանավանդ նյարդային խողովակի զարգացման խնդիրներն են ունենում: Մենք, իհարկե, ներկայացրել ենք, որ 85 տոկոսում միայն ավելացվի, իսկ 15 տոկոսը` ոչ: Բայց դա դեռ քննարկման խնդիր է: Կարծում եմ, որ դեռ ժամանակ ունենք դեռ քննարկման, ու հանրությունը պետք է ճիշտ ընկալի: Ցանկացած նոր բան միշտ դիմադրության է արժանանում, ինչքան էլ լավը լինի: Նաեւ շնորհակալություն հարցերի համար, որովհետեւ սա նշանակում է, որ մարդիկ ուշադիր են իրենց կյանքի նկատմամբ: Ամենաանհաղթահարելի բանը կյանքում անտարբերությունն է, ըստ իս, ավելի լավ է լինել դեմ, քան անտարբեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մնացած հարցերը ու տիկին Վարդանյանի պատասխանները կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

