«ՓՈՐՁՈՒՄ ԷԻ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԶԳԱԼ` ԻՆՉ Է ԶԳԱՑԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ»
Արխիվ 12-16«ՓՈՐՁՈՒՄ ԷԻ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԶԳԱԼ`
ԻՆՉ Է ԶԳԱՑԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ»
2006 թվականին Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմ-մելոդրաման մեծ էկրաններ բարձրացավ երեկ: Ֆիլմը պատմում է մի սիրո պատմություն` հիմնված իրական փաստերի վրա, որի հերոսները հանգամանքների բերումով կապված են այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվել է 113 մարդու ճակատագիր:
«Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Երեւանի
թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողուհի ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ պատմեց, որ մինչ նկարահանումները հանդիպել է իրական հերոսուհու հետ, ինչն էլ իրեն ե՛ւ օգնել, ե՛ւ բարդացրել է իր աշխատանքը ֆիլմում. «Այո, իրական հերոսուհին օգնել է սցենարի հարցում, շատ է օգնել նաեւ ինձ: Բայց հանդիպման մանրամասները ուզում եմ մնա միայն ինձ: Հուսով եմ` իրական հերոսուհու ներկայությունը իմ միջոցով կզգաք էկրաներին: Երբ մարմնավորում ես կերպար, որը հորինված է, երեւակայել եւ ստեղծել կերպարդ` իր բարդությունն ունի, իսկ երբ կերպարդ իրական է ու ապրում է կողքիդ, դա մեկ այլ բարդություն է: Փորձում էի չհորինել, այս դեպքում զգալ` ինչ է զգացել իրական հերոսուհին, փորձում էի սեփական մաշկիս վրա զգալ կորուստը: Սոչիում նկարահանումներն իրոք բարդ էին: Հոգեբանորեն բարդ էր ե՛ւ թռիչքը, ե՛ւ վայրէջքը: Կարծում եմ` ես եւ Ելենան իրար լուռ հասկանում էինք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

