99 ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ»
Արխիվ 12-1699 ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ»
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին ամրացված 99 թանգարանային առարկա հետ է վերցվել եւ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին: Հիմնականում խոսքը պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն եւ արաբերեն մի շարք ձեռագրերի մասին է, ինչպես նաեւ հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին եւ ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն ու տեղեկացնում, որ հավաքածուի մի մասը վատ վիճակում է եւ անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է իրականացնել միջնադարյան ձեռագրերի պահպանության եւ վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում:
Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:
Նույն որոշմամբ Մատենադարանի տնօրենին առաջարկվել է 2015 թվականից 2025 թվականը ներառյալ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ կնքել թանգարանային առարկաների վերականգնման պայմանագիր` սահմանելով, որ յուրաքանչյուր տարի իրականացվի համատեղ դիտանցում եւ Ե. Չարենցի անվան թանգարանում վերականգնման ենթակա առանձնապես արժեքավոր համարվող թանգարանային առարկաների քանակի ամրագրում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

