«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, ԹԵ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՋՈՒՐ Է ԼՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»
Արխիվ 12-16«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, ԹԵ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՋՈՒՐ Է ԼՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»
Փետրվարի 16-ին կայացած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը: Սակայն, ինչպես արդեն նշել է «Իրավունքը», քննարկումը, վերածվեց շոուի, քանի որ Զ. Փոստանջյանը պնդում էր, թե Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թթ. հույներից ու ասորիների բացի, ցեղասպանության են ենթարկվել նաեւ եզդիները, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամները փորձում էին բացատրել տիկնոջը, որ բավարար փաստեր չկան այդ տարիներին եզդիների ցեղասպանության մասին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ.
- Դեմ չեմ, որ եզդիների ցեղասպանությունը ճանաչվի, բայց պատմականորեն չկա փաստաթղթային բազա այդ մասին: Հույների, ասորիների, հայերի մասին կա, բայց եզդիների մասին չկա: 20-ից ավելի պետություն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ վաղը, եթե որեւէ պետության մեղադրեն, թե ի՞նչ հիմքի վրա եք ճանաչել, նրանք կասեն, որ կա փաստաթղթային բազա` սկսած 1915 թվականից մինչեւ մեր օրերը (վկայություններ, դեսպանատների զեկուցագրեր, պատմական անձերի վկայություններ, նկարահանած կադրեր եւ այլն): Իսկ եզդիների ցեղասպանության մասին, եթե կան էլ փաստաթղթեր, ապա դրանք այնքան քիչ են, որ դրա մասին ՀՀ օրենսդիր մարմինը հայտարարելու դեպքում, թուրքերը կասեն` ասում էինք չէ, որ հայերի ցեղասպանություն չի եղել, նրանք առանց հիմնավորման եզդիների մասին էլ են հայտարարում եւ ճանաչում: Չգիտեմ,` Զարուհի Փոստանջյանը գիտակցաբար, թե անգիտակցաբար, բայց ջուր է լցնում թուրքերի ջրաղացին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ: Զարմանում եմ այդ կնոջ տրամաբանության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

