ԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Լեւոն Արոնյանը հետնապահի կարգավիճակով ավարտեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած շախմատային փառատոնի դասական մրցաշարըª այս անգամ էլ չկարողացավ ցուցադրել սպասված խաղը: Հայաստանի հավաքականի առաջատարը Ցյուրիխի սուպերմրցաշարը մեկնարկեց ոչ-ոքիով. հայ գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսեց ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով ուժերը չափեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետª պարտվելով 28-րդ քայլում: Սուպերմրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Ապա նույն արդյունքը եղավ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ վերջինª 5-րդ տուրին ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ խաղերում:
Մտահոգիչն այն է, որ Արոնյանի կատարմամբ հաղթանակներ տեսնելը դարձել է իրադարձություն, մինչդեռ հայ գրոսմայստերը միշտ եղել է բոլոր կարեւոր մրցաշարերի ֆավորիտների թվում: Կայուն խաղի ցուցադրում Արոնյանի կողմից` նշանակում է ոչ-ոքիների շարան, որը կարող է հաջողության դեպքում ընդհատվել մեկ հաղթանակով: Եվ կարծես թե, այս սխեմատիկ վիճակագրությունը դարձել է հայ գրոսմայստերի համար նորմ: Եթե դեռ 2014 թվականին, Արոնյանի ելույթներից կար մտավախություն, որ գրոսմայստերը լրջորեն զիջում է դիրքերը, ապա հիմա այդ մտավախությունը դարձել է իրողություն, ինչի մասին վկայում է նաեւ ՖԻԴԵ-ի ամենամսյա վարկանիշային աղյուսակը, որտեղ հայ գորսմայստերի անունն այլեւս առաջատար հորիզոնականներում չէ:
Որքանով է անհանգստացած սեփական արդյունքներով հենց ինքըª Արոնյանը, պարզ կդառնա մյուս մրցաշարերում նրա ելույթներից, իսկ Ցյուրիխի մրցաշարը կարելի է համարել Արոնյանական խաղի հերթական ձախողում: Թեեւ այստեղ նա մեկ ձեռքբերում այնուամենայնիվ ունեցավ. հայ գրոսմայստերը հաղթող ճանաչվեց կայծակնային խաղի մրցաշարում:
Նշենք նաեւ, որ ցյուրիխյան այս դասական մրցաշարն ավարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հաղթանակով: Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

