«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ «ԹԵՎԱՆԻԿՆ» ԻՍԿԱՊԵՍ ԹԵՎԵՐ ՈՒՆԵՆԱ»
Արխիվ 12-16«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ «ԹԵՎԱՆԻԿՆ» ԻՍԿԱՊԵՍ ԹԵՎԵՐ ՈՒՆԵՆԱ»
2014 թվականի նոյեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկե ֆիլմը` նվիրված Արցախյան ազատամարտին: Ցուցադրությանը հաջորդած լայն հանրության դրական արձագանքների շնորհիվ այս տարի փետրվարի 18-ին եւս մեկ անգամ ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում: Օրը, իհարկե, պատահական չէր ընտրված, քանի որ այն համընկնում է Արցախյան շարժման 27-րդ տարելիցի հետ, ուստի` «Նարեկացիի» ավանդական «Կինոչորեքշաբթին» այս անգամ նվիրված էր արցախյան ազատագրական պայքարի ապրող եւ մարտում ընկած հերոսներին:
Ի դեպ, ֆիլմի դիտման վերջում «Իրավունք» թերթի կողմից անակնկալ էր սպասվում ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ինչի մասին նշեց «Իրավունքի» մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. «Նախ ասեմ, որ երրորդ անգամ եմ դիտում ֆիլմը ու ամեն անգամ հուզվում եմ... Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»: Ապա հավելեց. «Գեղեցիկ
ավանդույթ ունի «Իրավունքե թերթն ու ամեն տարվա ավարտին որոշում է մշակութային ոլորտի տարվա լավագույն եւ վատագույն գործիչներին` իհարկե, ընթերցողների կարծիքը հաշվի առնելով: Եվ այս տարի պատվոգրի է արժանացել նաեւ Ջիվան Ավետիսյանը` 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում իր «Թեւանիկ» ֆիլմը լավագույնը ճանաչվելու կապակցությամբ` Արցախյան ազատամարտի մասին գեղարվեստական արտացոլումը լավագույնս ներկայացնելու եւ հայ ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար»:
Ընդունելով մրցանակը` ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասաց. «Անկեղծորեն, չգիտեմ`
որտեղից սկսեմ, որովհետեւ ամեն ֆիլմի ցուցադրություն, կարծես թե, առաջին անգամ լինի եւ հույզերդ, զգացմունքներդ ապրում ես մեկ այլ` նորացված ձեւով: Անկեղծ ասեմ` ֆիլմի ծափահարություններին ես ամենաքիչն եմ արժանի, իմ կողքին եղել են շատ մեծ ու նվիրված աջակիցներ` իմ ընկերները, պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբը, շատ լավ դերասանական կազմը եւ այլք: Շնորհակալություն ձեզ, որ դուք այստեղ եք, որովհետեւ առանց ձեր գնահատականների եւ վերաբերմունքի, դժվար կարելի է շարունակել առաջ գնալ: Իսկապես, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ նաեւ «Նարեկացի» արվեստի միությանը, որ արդեն թվով հինգերորդ ֆիլմն եմ ցուցադրում այստեղ, իսկ «Թեւանիկը»` երկրորդ անգամ: Կրկնակի
շնորհակալ եմ «Իրավունք» թերթին` նման հնարավորության համար»: Խոսելով ֆիլմի մասին` ռեժիսորը շարունակեց անկեղծանալ. «Թեւանիկը» համարում եմ կենդանի էակ, որովհետեւ հնարավոր չէ անշունչ առարկային այդքան սիրել, ինչպես սիրում է Մասիս Բաղդասարյանի կողմից ստեղծված «Թեւանիկ» ակումբը, Արցախի ողջ ժողովուրդը, ֆիլմի ստեղծագործական խումբը... Չէր կարող այդքան մարդ սիրեր, այդքան մարդ աղոթեր, այդքան մարդ ցավար այս ֆիլմի համար, ու արդյունքը հանկարծ մեկ այլ բան լիներ: Դրա համար միշտ երազում եմ, որ «Թեւանիկն», իսկապես, թեւեր ունենա եւ կարողանա ինձնից անկախանալ, ուղղակի լինել յուրաքանչյուրինդ, որովհետեւ ցանկացած ցուցադրությունից հետո, համարում եմ, որ «Թեւանիկն» այլեւս իմը չէ, այլ ձերն է: Այն տասնյակ երկրներում ցուցադրվեց ու յուրաքանչյուրինը դառնալով` շարունակում է դեռ դառնալ շատերինը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

