«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՄԸ ՉԷ, ԱԶԳԻՆՆ Է, ԵԿԵՂԵՑՈՒՆՆ Է ՈՒ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՄԸ ՉԷ, ԱԶԳԻՆՆ Է,
ԵԿԵՂԵՑՈՒՆՆ Է ՈՒ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ»
Հունվարի 28-31-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթը տեղի է ունեցել ռուս մեծանուն կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում` Տիխվինում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային եւ օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել են 15, իսկ օպերային բաժնի համար 44 մասնակից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Չինաստանից: Հայաստանից Հովհաննես սարկավագ Ներսիսյանի հետ միասին մրցույթին մեկնել էր նաեւ օպերային թատրոնի երգչուհի Ջուլիետա Ավետիսյանը, ով նույնպես մրցույթից դատարկաձեռն չվերադարձավ Հայաստան, այլ 2-րդ մրցանակով: «Իրավունքի» հետ զրույցում Հովհաննես սարկավագ Ներսիսյանը մանրամասնեց:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ,
ՈՐ ՕՏԱՐ ԲԵՄՈՒՄ ՀՆՉԵՑՆՈՒՄ ԷԻ ՀԱՅԵՐԵՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ»
- Հունվարին Հայաստանում էր Ռուսատանի Դաշնության, Ուկրաինայի եւ Օսեթիայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Գերգիեւան, ով այս մրցույթի հենց անմիջական կազմակերպիչն է ու հանձնաժողովի նախագահը, հետեւաբար, ինքն էր անցկացնում հավաքական առաջին փուլը եւ Հայաստանից ինձ եւ Ջուլիետա Ավետիսյանին հրավիրեց միանգամից մասնակցելու մրցույթի 2-րդ եւ 3-րդ փուլին: 2-րդ փուլում կատարեցի Ջ.Վերդիի «Մակբեթ» օպերայից «Բանկոյի» արիան, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից` «Դավիթ Բեկի» արիան: Ինձ համար շատ կարեւոր էր այդ փաստը, որ օտար բեմում հնչեցնում էի հայերեն եւ հատկապես հոգեւոր երգեր` շարականներ, որի առիթն ունեցել եմ քանիցս: Ուստի` հպարտ եմ: Իսկ 3-րդ կատարումս եղավ հենց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հեղինակած «Սադկո» օպերայից`«Վայրագ հյուրի երգը»: Արդեն 4-րդ օպերային ստեղծագործությունը եղավ Մ. Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայից «Իվան Սուսանին» արիան` նվագախմբի նվագակցությամբ: Հետո ժյուրին անցավ արդյուքները քննարկելու ու հայտարարվեց, որ առաջին մրցանակային տեղը ես եմ զբաղեցնում, իսկ երկրորդը` Ջուլիետան: Գրան պրիին արժանացավ չինացի տենորը, որն ի տարբերություն բոլոր մասնակիցների` բավականին մեծ փորձ ունի օպերային արվեստում:
«ԱՌՈՂՋ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ»
- Ի՞նչը խանգարեց Գրան պրիին հասնելու համար:
- Ոչինչ, ուղղակի նրա փորձն ավելին էր: Ինքս չեմ նեղվում նման բաներից` սրանք կյանքում փուլեր են, որ պիտի անցնես, ոչ բոլոր տեղերում պիտի լինես հաղթող: Այսինքն` առողջ գիտակցությամբ պետք է մոտենալ ամեն ինչին:
- Այսօր կարծես հայ հանդիսատեսը կրկին դեմքով շրջվել է դեպի դասական արվեստը, եւ դահլիճները, կարելի է ասել, արդեն խտանում են:
- Չեմ ասում, որ միանշանակ ամենուր պետք է հնչի դասական երաժշտություն, մյուս ժանրերն էլ են պետք, ամեն բնագավառում միապաղաղություն չի կարող լինել: Բայց եւ այնպես չի կարող սահմաններից դուրս լինել, ամեն ինչի մեջ կա սահման: Ինչը վերաբերում է ռաբիսին, որն ընդհանրապես մեր ժողովրդին հոգեհարազատ չի եղել եւ չի էլ կարող լինել, ինչ-ինչ պատճառներով մտել է մեր կենսակերպ, բայց, կարծում եմ` շուտով քիչ-քիչ դուրս կգա: Ամեն ինչում էլ, սկիզբն այդպես է, նույնը` եւ հավատքի մեջ: Չնայած շատերը քննադատում են այդ երեւույթը, բայց մարդը կարող է թեկուզ եւ ձեւական սկզբում գալ եկեղեցի, մասնակցել պատարագներին, եւ 1-2 տարի հետո այն իրոք կդառնա իր կենսակերպը:
«ԳՆԱ՛, ՀԱՂԹԻՐ՛ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԴ ՆՎԻՐԻՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ԱԶԳԻՆ»
-Լինելով Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր` ինչպե՞ս եք կարողանում համատեղել եկեղեցին եւ օպերան:
- Փառք Աստծո, պիտի խոստովանեմ, որ իմ վերեւում ունեմ մի սքանչելի ղեկավար` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով ուղղակի մշտապես իր աջակցությունը, օրհնությունը եւ զորակցությունն է բերում ինձ` այս արվեստին մոտ լինելու եւ ընդհանրապես այս տեսակ մրցույթներին մասնակից լինելու համար: Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում սրբազան հորը, ում հոգեհարազատ է դասական արվեստը, քանի որ նա այս արվեստի մեծ գիտակ է, ուստի` սրբազան հայրը բարձր է գնահատում արվեստը եւ ուզում է, որ ես էլ մոտ լինեմ դրան: Երբեք չեմ մոռանում իր խոսքերը, երբ 2013 թվականին, հատկապես առաջին անգամ էի մեկնում միջազգային մրցույթի, որտեղ 3-րդ տեղը գրավեցի: Ամեն անգամ մեկնելիս` սրբազան հայրն ինձ հորդորում է` գնա՛, հաղթիր՛ եւ հաղթանակդ նվիրիր եկեղեցուն ու ազգին, ես հենց այդպես էլ փորձում եմ անել: Այս հաղթանակը իմը չէ, ազգինն է, եկեղեցունն է ու մեր ժողովրդինը:
«ՈՒՂՂԱԿԻ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
- Տարին լավ եք սկսել, իսկ առաջիկայում ի՞նչ մրցույթների հրավերներ ու նոր ծրագրեր ունեք` կապված երգարվեստի հետ:
- Այո, տարին լավ եմ սկսել եւ կփորձեմ այդպես էլ ավարտել: Իսկ ընդհանրապես մրցույթների մասին պետք է մտածել, թե որ մրցույթին կարելի է գնալ, եւ որին ենք պատրաստ, քանի որ չես կարող հանպատրաստի վեր կենալ ու գնալ մրցույթի` միայն ուժերդ փորձելու համար: Երբ անցյալ տարի փետրվարին Կրասնոդարում մասնակցեցի «Օպերան առանց սահմանների» միջազգային մրցույթին եւ 3-րդ տեղը զբաղեցրի, ժյուրիի նախագահը Լարիսա Գերգիեւան էր, նա ինձ հրավեր ուղարկեց` սովորելու Մարինյան թատրոնին կից երիտասարդ օպերային երգիչների ակադեմիայում: Այս անգամ եւս վերաթարմացվեց հրավերը: Պարզապես մի քանի դժվարություններ կան` լքել հայրենիքը, ընտանիքը, եկեղեցին: Ուսումը տեւելու է 2 տարի, բայց չեմ կարծում, որ 2 տարի անց պիտի անմիջապես վերադառնամ Հայաստան եւ շարունակեմ գործունեությունս: Մի կողմից արտիստի համար անմտություն կլինի գնալ այնտեղ սովորել ու վերադառնալ Հայաստան, բայց նաեւ ինձ համար շատ կարեւոր է հայրենիքի գաղափարը, որտեղ ապրել, աշխատել, արարելն ինձ համար կարեւոր է: Ուղղակի, դժվարանում եմ լքել հայրենիքը: Ամեն ինչ առջեւում է, չեմ ուզում հստակ խոստումներ տալ եւ չեմ էլ ուզում որեւէ մեկին մեղադրել նրանում, որ երբեւէ կգնան կամ էլ գնացել են երկրից: Իմ կողմից մեղադրելի են այն մարդիկ, ովքեր կհեռանան հայրենիքից ու կքննադատեն հայրենիքը` իրենց գտնված վայրից:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

