"ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է"
Արխիվ 12-16"ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԸ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՆ Է"
Հյուսիսային համալսարանը նշում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 146-ամյակը
Հյուսիսային համալսարանի համար Հ. Թումանյանի ծննդյան օրը պարզապես օրացուցային հերթական իրադարձություն չէ: Մեծ գրողի հիշատակի նկատմամբ բուհի ղեկավարության եւ աշխատակիցների վերաբերմունքն առանձնահատուկ է: Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանն առնչվող յուրաքանչյուր իրադարձություն այստեղ շուքով նշելու հաճելի առիթ է, նաեւ պարտավորվածություն, քանի որ բուհի ղեկավարությունը համալսարանի հիմնադրման օրվանից իր առաջնահերթ խնդիրներից է համարել Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն ու կյանքի հիշարժան դրվագները նոր սերնդին հասու դարձնելը, թումանյանական ոգով կրթելն ու դաստիարակելը:
Փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 146-ամյակի առթիվ, բուհի ղեկավարությունը, ուսանողադասախոսական կազմն ու բազմաթիվ հյուրեր ծաղկեպսակ դրեցին մեծ գրողի հուշարձանին: Ողջունելով ներկաներին` բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց, որ գրողի ծննդյան 145-ամյակի առթիվ հայտարարվել էր թումանյանական տարի: Նա անդրադարձավ նախորդ մեկ տարվա ընթացքում բուհում իրականացված բազմաթիվ միջոցառումներին` գիտաժողովներ, շարադրության, կերպարվեստի մրցույթներ դպրոցականների շրջանում, գիտաժողովի նյութերի հրապարակում եւ այլն: "Ամփոփելով թումանյանական տարին` հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք արեցինք ամեն ինչ` մեծ գրողի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները հանրությանն առավել ճանաչելի դարձնելու համար":
Միջոցառմանը մասնակցում էին ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, Գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը, ճանաչված թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Հովհաննիսյանը, "Լոռվա ձոր" ՀԿ նախագահ Ս. Երիցյանը, դիվանագետ, հասարակական գործիչ Ա. Պապյանը, գրող Ս. Մուրադյանը, "Կրթություն" թերթի գլխավոր խմբագիր Գ. Մինասյանը եւ այլք: Ելույթ ունեցողներն առանձնակի ջերմությամբ ու հիացմունքով բնութագրեցին մեծ գրողի մարդկային կերպարն ու ազգանվեր գործունեությունը: Էդ. Միլիտոնյանը նշեց. "Մեծ պարգեւ է` ունենալ նման գրող: Թումանյանը մեզանում սերմանեց գրողական համահավաք գիտակցություն, եւ մենք պետք է շարունակենք այդ ոգին` դասեր քաղելով նրանից": Միջոցառման ավարտին Բ. Մակիչյանը Թումանյանի 145-ամյակի հուշամեդալով պարգեւատրեց ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանին, Ա. Պապյանին, Էդ. Միլիտոնյանին եւ Ս. Մուրադյանին: Հուշամեդալը բուհի կողմից տրվում է Հյուսիսային համալսարանում թումանյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության եւ աջակցության, ինչպես նաեւ թումանյանական ոգով գործունեություն ծավալելու համար: Չանտեսելով օրվա կարեւոր խորհուրդը` մասնակիցները գրքեր նվիրեցին միմյանց:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

