"ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ"
Արխիվ 12-16Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` H1N1 բարձր պաթոգեն վիրուսը, որն ավելի հայտնի է որպես խոզի գրիպ, վերադարձել է երկիր: Նշենք, որ 2009թ. մեծ աղմուկ հանած այդ վիրուսը ախտորոշվել է նաեւ Մոսկվայի երեք բնակչի մոտ: Թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում այդ առումով, եւ առհասարակ ինչ շնչառական վարակներ են այսօր տարածված մեզ մոտ, փորձեցինք զրուցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան ԼԻԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ անդրադառնալով ՌԴ-ում տարածված գրիպին` ասաց.
-Ճիշտ է, իրավիճակը ՌԴ-ում փոքր-ինչ լարված է, բայց մենք ամեն օր հետեւում ենք տեղեկատվական լրահոսին, կապը ապահովված է համապատասխան ծառայությունների հետ: Ավելին ասեմ` իրավիճակին հետեւում ենք նաեւ Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում եւ Թուրքիայում: Այս պահին Վրաստանում եւ Թուրքիայում սեզոնային ընթացք է դիտվում, իրավիճակն այսօր լարված է համարվում միայն ՌԴ-ում, այն էլ` ոչ մասսայական, այլ որոշակի քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, որտեղ նույնիսկ դպրոցներ են փակվել, քանի որ հիվանդացությունը շնչառական վարակներով գերազանցել է շեմը: Իսկ մեզ մոտ շեմի գերազանցում չի դիտվում, մենք գտվում են հիվանդացության շեմին:
- Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակների տարածվածության առումով ինչ իրավիճակ է հանրապետությունում:
- Նախորդ շաբաթների համեմատ` Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների որոշակի աշխուժացում է նկատվել: Ներկայումս հանրապետությունում հիվանդներից անջատվում է եւ գրիպի A H3, B, ինչպես նաեւ այլ պաթոգեններ (ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն), որոնց նկատմամբ հատկապես զգայուն են 0-ից 4 տարեկան երեխաները: Սուր շնչառական հիվանդությունների թիվը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 800-ով:
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդներ տվյալ պահին չկան, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ հիվանդացության աստիճանը նորման չի գերազանցում: Ներկայումս մեծահասակների շրջանում ծանր դեպքերով հոսպիտալացման, այդ թվում նաեւ վերակենդանացման բաժանմունքներում, դեպքեր` հետգրիպային բարդություններով չկան, սակայն նկատվում է ստացիոնար դիմելիության փոքրիկների աշխուժացում եւ, ըստ դիմելիության, նույնպես ծանր դեպքեր չունենք: Բոլոր դեպքերը միջին ծանրության են, որոնց նկատմամբ էլ համապատասխան բուժում է ապահովվում: Ամեն դեպքում, մոնիտորինգը շարունակվում է դպրոց-մանկապարտեզներում, եւ այն դպրոց-մանկապարտեզներում, որտեղ արձանագրվում են ջերմային ռեժիմի ցածր ցուցանիշներ, անմիջապես տեղեկացվում է տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Շտապօգնության կանչերի վերլուծությունը նախորդ տարվա համեմատ` այդ թվում եւ թոքաբորբի կանչերը, բավականին նվազ են արձանագրվում, քան ունեցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Չնայած դրան, անցկացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է հայտնաբերել հիվանդությունների առավել տարածված հարուցիչները, գնահատվում է ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:
Ամեն դեպքում, մրսածության եւ գրիպի սեզոնը շարունակվում է, եւ պետք է հագնվել եղանակին համահունչ, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ հետեւել հիգիենային: Այս ամենը կօգնի կանխել հիվանդությունը: Իսկ եթե դուք, այնումենայնիվ, հիվանդացել եք, խորհուրդ չի տրվում աշխատանքի կամ դասի հաճախել` սեփական ինքնազգացողությունը չվատթարացնելու եւ ուրիշներին չվարակելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

