"ԱՄՈՒՍԻՆՍ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ Է, ԼԱՐՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ"
Արխիվ 12-16"ԱՄՈՒՍԻՆՍ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ Է, ԼԱՐՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ"
- Ամուսինս դյուրագրգիռ է, լարված եւ անհանգիստ: Նա 35 տարեկան է, մենեջեր: Նա ունենում է արյան զարկերակային բարձր ճնշում: Այս լարված վիճակը թոթափելու համար խորհուրդ են տալիս այցելել մերսումների, կարելի՞ է:
Հարցին պատասխանել է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.
-Նախեւառաջ, եկեք ճշտենք, թե ինչ մասնագետի մոտ պետք է այցելի ձեր ամուսինը: Մասնագետը պետք է պարտադիր ունենա բժշկական կրթություն: Նամակի մեջ նշել եք, որ ձեր ամուսինն արյան զարկերակային բարձր ճնշում է ունենում: ճնշման բարձրացման պատճառները տարբեր են: Պատճառ կարող են դառնալ հենց նույն դյուրագրգիռ վիճակը, սրտի եւ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի պարանոցային հատվածի ախտահարումները, երիկամների եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները եւ այլն:
Արյան գերճնշման դեպքում նաեւ պետք է հաշվի առնել գենետիկ նախատրամադրվածությունը:
Բուժական մերսումն, ինքնին օգտակար է նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի (ՆՑԴ), նյարդային համակարգի գրգռվածության, մկանային լարվածության, անքնության եւ այլ դեպքերում:
Ճիշտ կատարված բուժական մերսումը կարող է բարենպաստ անդրադառնալ զարկերակային ճնշման կարգավորմանը:
Եթե հիվանդության պատմության մեջ նշվում են դեպքեր սրտի հետ կապված վիրահատություններ, տարած իշեմիկ ինֆարկտներ, ինսուլտներ, ապա պարտադիր առաջ է գալիս մասնագետի խորհրդատվությունը: Եվ այդ դեպքում բուժումը պետք է իրականացվի շատ զգույշ` հաշվի առնելով տվյալ պացիենտի առողջական վիճակը: Առաջին այցելության դեպքում, եթե նկատվում է առողջական վիճակի վատթարացում, դադարեցվում է բուժումը:
Բուժական մերսում չի իրականացվում, եթե հիվանդության պատմության մեջ առկա են չարորակ գոյացություններ, մաշկային խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում... Պարտադիր պետք է հաշվի առնել նաեւ հիվանդի տարիքը:
Բուժական մերսումներին այցելել հակացուցված է բարձր ջերմության դեպքում:
Ի դեպ, հարկ է ուշադիր լինել նաեւ այն պացիենտների նկատմամբ, որոնց մոտ առկա են ողնաշարի կոտրվածք, աճառային սկավառակի ճողվածքներ, նյարդարմատաբորբ, ինչպես նաեւ նշում են, որ պարբերաբար նկատվում է գլխապտույտ, տեսողության մթագնում, հավասարակշռության խախտումներ:
Հարգելի նամակագիր, Ձեր ամուսնու առողջական վիճակը բարելավելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին հրաժարվել վնասակար սովորություններից. ծխախոտ, ալկոհոլ, ճարպոտ սննդամթերք, սակավաշարժ կենսակերպ:
Բարերար ազդեցություն ունի լողով զբաղվելը: Ցանկալի չէ շոգեբաղնիք այցելությունները:
Հարցին պատասխանել է նաեւ "Էրեբունի" ԲԿ առիթմոլոգիական բաժանմունքի սրտաբան ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ.
-Հարգելի նամակագիր, նախ, հարկ է պարզել` ինչ հաճախականությամբ է բարձրանում արյան զարկերակային ճնշումը, ինչ թվեր են արձանագրվում: Ճիշտ խորհուրդ տալու համար, պետք է նվազագույն հետազոտություններ անցկացնել` Էխոսրտագրություն, Էլեկտրասրտագրություն, ինչպես նաեւ կատարել որոշակի լաբորատոր քննություններ, եւ, եթե, վերոնշյալ քննությունների արդյունքում չհայտնաբերվեն լուրջ օրգանական խնդիրներ, ապա նոր կարելի է մտածել մերսումների մասին:
Իսկ եթե Ձեր ամուսինը ունենում է բարձր ճնշում` անկախ արտաքին ազդակներից, ապա դա դիտվում է որպես հիպերտոնիկ հիվանդություն: Այս դեպքում բժշկի կողմից նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում: Ինչ վերաբերում է դյուրագրգիռ եւ լարված վիճակների հետեւանքով առաջացած արյան զարկերակային գերճնշմանը` խորհուրդ է տրվում հաճախակի զբոսնել մաքուր օդին, այցելել լողավազան, կարգավորել սննդակարգն ու հնարավորինս զերծ մնալ սթրեսային իրավիճակներից:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

