ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Դեռ նոր էր սկսել թեժանալ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցային համալիրից մարմանավաճառների բերման ենթարկելու թեման, երբ հայտարարվեց որ նման մեկ այլ պատմություն էլ կապված է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի "օբյեկտի" հետ: Մերուժան Սիմոնյանին պատկանող "Քարավան" հյուրանոցային համալիրի մասին է, որտեղից, ըստ պաշտոնական տվյալների, մարմնավաճառներ են հրավիրվել ոստիկանության Կապանի բաժին:
Նրանք բացատրություն են տվել, որ 2013թ. հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից շահադիտական նպատակներով նրանց պարբերաբար տրամադրվել են սենյակներ եւ վերջիններս էլ զբաղվել են մարմնավաճառությամբ: Դեպքի վերաբերյալ նախաքննություն է ընթանում: Բայց մի կողմ թողնելով ԲՀԿ-ին` նկատենք, որ մեր բազում մեծամեծներ իրենց հերթին ունեն նմանատիպ օբյեկտներ, որոնցից շատերն անգամ մի թեթեւ "տնտղելով"ª հնարավոր կլինի "գիշերային թիթեռնիկների" ամբողջական պարսեր հավաքել: Եվ միամտություն կլինի ասել, թե այդ բոլոր "օբյեկտների" տերերը այն միամիտներն են, որ պատկերացում անգամ չունեն, թե ինչի են վերածվել իրենց հաստատությունները: Այսինքնª կա խնդիր, այն միանգամայն լուրջ եւ խորն է եւ պահանջում է համալիր մոտեցում: Այս թեմային առաջիկայում դեռ անդրադառնալու առիթներ կունենանք: Բայց նախ փորձենք պարզել, թե նմանատիպ դեպքերի հետ կապված` ովքե՞ր իրավական առումով պետք է պատասխանատվություն կրեն, կամ, առհասարակ, օրենքը պատասխանատվություն նախատեսո՞ւմ է, թե հարցը միայն բարոյական հարթությունում պետք է դիտարկել: Այս առնչությամբ փաստաբան Հայկ Ալումյանը տվեց նման մեկնաբանություն. - Իրավական հետեւանքները կկրի սեփականատերը այն դեպքում, եթե ինքը իմացել է, որ իր հյուրանոցը օգտագործվում է որոշակի նպատակներով: Կամ տնօրենը, ով իմացել եւ թույլ է տվել, որպեսզի իր տնօրինած հյուրանոցը օգտագործվի նման նպատակներով: Իսկ կոնկրետ դեպքերով, որքանով ինձ հայտնի է, սեփականատերերը այլ փաստարկ են ներկայացնում, որ իրենք պարտավոր չեն եւ իրավունք էլ չունեն պարզելու, թե այցելուները միմյանց հետ ինչ կապի մեջ են: Բայց, ամեն դեպքում, եթե գործի նյութերով պարզվի հակառակը, ապա իհարկե պետք է պատասխանատվություն կրեն սեփականատերերը կամ տնօրենները: Իսկ եթե քննությամբ այդպես էլ չպարզվի, բոլոր մեկնաբանված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ կասկածյալի: