"ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ ԽԱՆԳԱՐՈՂ ԿՈՂՄՆ Է"
Արխիվ 12-16"ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ
ԽԱՆԳԱՐՈՂ ԿՈՂՄՆ Է"
Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական այցով եղան Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում: Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համանախագահներին հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է լուրջ բանակցություններ սկսել Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ, մասնավորապես, խաղաղության համաձայնագրի մշակման հարցում: Դա կարո՞ղ է հուշել, թե արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ, թե՞ սա էլ հերթական "պարապ" հայտարարությունն է:
"Իրավունքը" հայաստանյան վերլուծաբաններից փորձեց ճշտել այդ հարցի պատասխանը:Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ընդգծեց.
-Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հայտարարել էր, որ պատրաստ է գնալ բանակցությունների: Ըստ էությանª նման հայտարարությամբ Ադրբեջանն իրականում մոլորություն է ստեղծում թե՛ միջնորդների մոտ, թե՛ ընդհանրապես Արցախի հիմնահարցով զբաղվող մասնագետների: Այսպիսով, նրանք ցանկանում են բանակցությունները սկսել հակառակ ծայրից` պահանջում են տարածքային զիջումներ, հայկական զորքերի դուրսբերում Արցախից, հետո կարգավիճակի քննարկում Ադրբեջանի կազմում: Բնականաբար, նման մոտեցում նշանակում է միակողմանի շահերի ներկայացում: Այսօր Ադրբեջանը բանակցային գործընթացի միակ խանգարող կողմն է: Այն, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, կապված է Ադրբեջանի կոշտ դիրքորոշման հետ, այսինքն` պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստեց.
-Ադրբեջանի արտգործնախարարը հայտնի է իր "կառուցողական" հայտարարություններով: Մենք բոլորս արդեն գիտենք, որ երբ Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, դրանից անմիջապես հետո սահմանին իրավիճակը հերթական անգամ լարվում է, եւ ես չեմ զարմանա, եթե Ադրբեջանը կրկին դիմի ռազմադիվերսիոն գործողությունների: Ինչ վերաբերում է խաղաղ բանակցություններին, ապա պետք է ասեմ, որ քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունն ուղիղ բանակցությունների մեջ չի մտել հակամարտության անմիջական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ, ապա երբեւիցե պետք չէ ակնկալել, որ խաղաղ կարգավորման հարցում կլինեն նշանակալից արդյունքներ: Ադրբեջանը միշտ էլ ձգտել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ հակամարտության կողմը հանդիսանում է Հայաստանը, եւ մեր երկիրը պատկերում է զավթիչի դերում: Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը չպետք է տրվի խաղաղ բանակցությունների վերաբերյալ նման ստահոդ հայտարարություններին եւ կոչերին:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ մեկնաբանեց.
-Հնարավոր է որոշ փոփոխություններ սպասել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նավթի գների անկումը լուրջ ազդեցություն է թողել Ադրբեջանի տնտեսության վրա: Չի բացառվում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանն իր հոխորտալից հայտարարությունները մի փոքր ավելի կմեղմացնի կամ կպակասեցնի, որովհետեւ պարզ է դառնում, որ նավթադոլարներով սնվող տնտեսությունը բավականին ծանր իրավիճակում է հայտվել: Այս դեպքում նման տրամադրությունները տարածվում են նաեւ պաշտոնատար անձանց հայտարարությունների վրա: Չեմ բացառում, որ առաջիկայում եւս նման հայտարարություններ լինեն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է գնալ խաղաղ բանակցությունների:
1. Պետք չէ հավատալ Ադրբեջանի "լուրջ" հայտարարություններին, քանի որ պատերազմի հրադադարից մինչեւ օրս Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է բանակցությունների- 89 %:
2. Ադրբեջանը միգուցե արդեն ստիպված լինի գնալ որոշակի իրավիճակային փոփոխությունների, քանի որ համոզվեց, որ ռազմական լուծման գնալ չի կարող, իսկ ժամանակը միայն նրա դեմ է աշխատում- 6%:
3. Դժվարանում են պատասխանել- 5%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

