ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԿԱՄ` БЕЙ ЧУЖИХ, ЧТОБЫ СВОИ БОЯЛИСЬ»
Արխիվ 12-16Փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը պետք է անկյունաքարային համարել: Ըստ էության, հանրապետությունը փակում է իր պատմության հերթական էջը` ազդարարելով 2000-ականների սկզբներին ձեւավորված օլիգարխիկ համակարգի կրախը: Նախագահի ելույթն ու հաջորդած քայլերը վաղուց էին սպասված, քանզի տնտեսությունը կլանած օլիգարխիան, հասնելով իր հզորության գագաթնակետին, պատրաստվում է հաջորդ ցատկին, այն է` ամբողջապես յուրացնել պետական կառավարման համակարգը:
Ներկայիս գործընթացի քաղաքագիտական գնահատականը մեկն է` ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ: Այս համակարգը կայացել է 2000-ականների սկզբներին, երբ ժամանակի իշխանությունը ուժային ոլորտի վրա հենվելուց զատ` ստեղծեց նաեւ օլիգարխիկ հենասյունը: 2004-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում օլիգարխիան ամբողջ կազմով հայտնվեց պառլամենտում` ժամանակի իշխանությանն անվերապահ հավատարմության եւ առանց "նազ ու տուզի" օրենքների դակման դիմաց` ստանալով նորանոր տնտեսական մենաշնորհներ: Արդեն 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ օլիգարխիան պետական կառավարման համակարգ է ներթափանցել նաեւ ինստիտուցիոնալ իմաստով: Հավաքած ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ն դրա վառ ապացույցն էր:
ԲՀԿ-ի ստեղծումով Ռոբերտ Քոչարյանը, փաստացիորեն, որոշել էր շարունակել մասնակցությունը քաղաքական գործընթացներին` իր իսկ ստեղծած իստիտուցիոնալ օլիգարխիայի խողովակով: Մեկ օլիգարխի կերպարի շուրջ ստեղծված "Բարգավաճ Հայաստանը" դարձավ Քոչարյանի քաղաքական մասնակցության գլխավոր երաշխիքը: Հավանաբար ինչ-որ պահից Քոչարյանին սկսեց չբավարարել իշխանության մեջ ներգրավվածության չափաբաժինը կամ էլ վտանգ զգաց, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու գործում իշխող կոալիցիայում հարմար տեղավորված ԲՀԿ-ի ապագան` որպես հետագա գործընթացներին մասնակցելու խողովակ եւ իշխանության վերադառնալու պլացդարմ, խիստ մշուշոտ է, ուստի սկսվեց "ընդդիմադիր-այլընտրանք" ձեւաչափով խաղը:
Իր մեջ շանտաժի հստակ տարրեր պարունակող այս խաղի ավարտը կարելի է համարել 2015-ի փետրվարի 12-ը, երբ նախագահ Սարգսյանը հստակ ազդակներ հղեց առ այն, որ օլիգարխիկ համակարգը, կրկեսային քաղաքականությունը եւ բուտաֆորիկ իրավիճակն այսուհետ տեղ չեն ունենալու քաղաքական գործընթացներում: Ըստ էության, վերացնելով "Ծառուկյան Գագիկ" պրոյեկտը` նախագահն ազդարարում է նոր իրողությունների մասին: Բացատրությունները կարող են տարբեր լինել: Ստեղծված աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակը, Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականության մեծացումը եւ Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան տնտեսական սանկցիաների հետեւանքով Հայաստանում սպասվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի լարվածության մեծացումը ստիպում են պետական իշխանությանը` պատրաստվել լուրջ մարտահրավերների: Անկասկած, այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ներկայիս քաղաքական համակարգը ոչ մի լուրջ ռեսուրս չունի, որովհետեւ համակարգի ընդդիմադիր հատվածի ղեկավարը Ծառուկյան Գագիկն է` այստեղից բխող հետեւանքներով: Ղարաբաղում պատերազմը հաղթեց մի իշխանություն, որի ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն էր: Ադրբեջանը տանուլ տվեց պատերազմը, որովհետեւ Աբուլֆազ Էլչիբեյի ընդդիմությունը կիրովաբադցի մեծահարուստ Սուրեթ Հուսեյնովն էր, ով ինչ-որ պահի որոշեց, որ չարժե պատերազմը շարունակել Ղարաբաղում, Ստեփանակերտում չէ փողը, այլ` Բաքվում, եւ իր շարասյուները Ղարաբաղի հյուսիսից շրջեց դեպի Ափշերոնի թերակղզի: Հետեւանքը եղավ այն, որ օգտվելով Բաքվում ստեղծված քաղաքական քաոսից` հայկական ուժերն ազատագրեցին Արցախը շրջապատող 5 շրջաններն ու Ադրբեջանին զինադադար պարտադրեցին:
Բացի դրանից, ակնհայտ է, որ ներկայիս օլիգարխիկ տնտեսական մոդելը փակուղում է: Մենաշնորհների արդյունքում մի քանի ընտանիքի հաշիվների վրա կուտակված կապիտալը կամ արտասահման է հոսում, կամ էլ վերածվում է շքեղության` թանկարժեք առանձնատների ու մեքենաների շարասյուների տեսքով: Եթե անկեղծ` ապա այսպես շարունակվելու դեպքում` Հայաստանի տնտեսության կրախի օրը շատ հեռու չէ: Անհրաժեշտ է տնտեսությունն ազատականացնել, որի առաջին քայլը քաղաքական համակարգից ինստիտուցիոնալ մակարդակով մենաշնորհային կապիտալի պահապաններին դուրս մղելն է: "Գագիկ Ծառուկյանն այս երկրի համար չարիք է" արտահայտությունը պետք է հասկանալ ոչ թե անձնական, այլ տեսակային առումով: ՀՀԿ-ում էլ կան "Ծառուկյան գագիկներ", եւ բոլորի համար պարզ է նախագահի ելույթի նաեւ "ստորջրյա հատվածը", այն է` «ոպռ փցՋՌւ, փՑՏո րՉՏՌ ոՏÿսՌրՖե: Կասկածից վեր է` օլիգարխիայի մայրամուտը շուտվանից էր հասունացել: Լինելով պետական գործիչ` Սերժ Սարգսյանը լավ է հասկանում պետականության առջեւ ծառացած խնդիրների լրջությունը: Ուստի եւ "Ծառուկյան Գագիկ" պրոյեկտից ձերբազատվելը ինքնաբերաբար հանգեցնելու է օլիգարխիայի մայրամուտին: Ամենայն հավանականությամբ, մաքրված քաղաքական դաշտում դերակատարություն կստանան գաղափարական ուժերը, որոնց քաղաքական մոտիվացիան պայմանավորված չի լինի միայն տնտեսական մենաշնորհների պահպանմամբ ու ավելացմամբ: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը Հայաստանի համար պատմական նշանակության քայլ է անում` վերացնելով ինստիտուցիոնալ օլիգարխիան, ազդարարելով տնտեսությունն ազատականացնելու սկիզբն ու հանուն տնտեսական շահերի` պետականությունը կլանելու փորձերի ավարտը:
ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ` ՀՀԿ խորհրդի անդամ

