"ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ` ՄԱՐԴԻԿ ՓՈԽՎԵԼ ԵՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ"
Արխիվ 12-16"ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ` ՄԱՐԴԻԿ ՓՈԽՎԵԼ ԵՆ,
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ"
ՀՀԿ-ԲՀԿ լարված իրավիճակը, ինչպես հայտնի է, հանդարտեցրեց ՀՅԴ-ն, այսպես ասած, ստանձնելով "քավորի" ու միջնորդի դեր, որպեսզի կայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Երկու կողմերին հաշտեցնելու համար Ռուսաստանից Հայաստան էր ժամանել Սամվել Կարապետյանը: Շատերի համար անսպասելի, բայց ոմանց համար էլ սպասելի էր, որ հաշտություն կլինի եւ նախապես պլանավորած հեղաշրջումը հօդս կցնդի: Եվ չէր էլ կարող կայանալ` հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու մի շարք ՀՀԿ-ականների կողմից ԲՀԿ առաջնորդի մասին ներկայացված կոշտ ու տեղին հայտարարությունները: Արդյո՞ք ՀՅԴ-ի այս քայլից հետո Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կկազմի կոալիցիա, որի մասին վերջերս մամուլը գրում է: Եվ երկրորդ` մի ոտքը ընդդիմությունում, մի ոտքը կոալիցիայում` Դաշնակցությունը կարողացա՞վ իր այդքան բաղձալի սահմանադրական բարեփոխումների համար անարգել ճանապարհ հարթել: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Մինասյան, կարծիք կա, որ ՀՅԴ-ն, ստանձնելով միջնորդի կամ քավորի դեր ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցման հարցում, երկու խնդիր լուծեց` առաջին. ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդիրը լուծվեց, երկրորդ` սահմանադրական բարեփոխումների համար ճանապարհ հարթվեց:
– Երկու ենթադրություններն էլ չեն համապատասխանում իրականությանը: Մեր նպատակադրումը շատ պարզ էր` երկրում թույլ չտալ արյունահեղություն: Մեր սկզբունքային մոտեցումներից է նաեւ հաղթահարել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ցանկացած հարցի վերաբերյալ փորձում ենք գտնել ելքեր` հանդուրժողականության մթնոլորտում:
– Սահմանադրական բարեփոխումների ճանապարհը վերջնական հարթվեց Դաշնակցության այս քայլով:
– Սահմանադրական բարեփոխումների մասով մնում ենք մեր դիրքորոշմանը: Դիմում ենք քաղաքական բոլոր ուժերին եւ փորձում ենք ներգրավել բովանդակային քննարկման մեջ, այն է` մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հաղթահարել սահմանադրական բարեփոխումների միջոցով:
– Դուք 100%-ով բացառո՞ւմ եք, որ կոալիցիա կկազմեք ՀՀԿ-ի հետ:
– Ոչինչ հնարավոր չէ բացառել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երեւույթը չի բացառվում: Բայց մենք քանի անգամ պետք է ասենք, որ կոալցիան այն ժամանակ է կոալիցիա, երբ անհրաժեշտ է լինի 51%: Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցությանը, բազմաթիվ ձեւեր կան, որոնք կոալիցիայի հետ կապ չունեն:
– ՀՅԴ-ից ո՞վ կոնկրետ առաջարկեց միջնորդի դեր ստանձնել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ:
– Լավ էլի: Դա թողնենք այլ հարթության վրա: Շատ բաներ կայացնում են ամպագոռգոռ ձեւերով: Մենք չենք ցանկանում հերոսական կեցվածք ընդունել, քանի որ հերոսություն չենք համարում դա: Մենք մեր պատկերացումներն ենք արել:
– Պարոն Մինասյան, իսկ հեշտությա՞մբ հաջողվեց հաշտեցնել երկու կողմերին: Կարծիք կա, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ի մի մասը չէին ցանկանում, որ կայանա այդ հաշտությունը:
– Ես չեմ կարող ոչինչ ասել երկու կողմերի փոխարեն: Կարեւորը արդյունքն է: Մենք ունենք արդյունք, որը երկու կողմի խոհեմության դրսեւորումն էր:
– Չեք ուզում խոսել` էթիկայից ելնելո՞վ:
– Ոչ: Ի՞նչ կարեւոր է` ինչ են քննարկել, կամ քննարկե՞լ են, թե` ոչ:
– Մինչ հաշտությունը` ընդդիմադիր նեղ շրջանակներում մտավախություն կար, որ եթե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի ելույթից հետո փողոց դուրս չգա, ապա իշխանափոխության հույսը մնում են արտաքին ուժերը:
– Իշխանափոխություն պետք է լինի սահմանադրական փոփոխությունների միջոցով` ընտրական համակարգի հենքի վրա: Իշխանափոխություն ասելով` հասկանում ենք համակարգի փոփոխություն, որը պետք է բերի մարդկանց ու իշխանության որակի փոփոխություն: Մարդափոխությունն իշխանափոխություն չէ: Կյանքը ցույց է տվել` մարդիկ փոխվել են, իշխանության որակը չի փոխվել:
– Եթե ՍամվելԿարապետյանը չժամաներ Հայաստան, արդյո՞ք հաշտություն կլիներ:
– Ես չգիտեմ, էդ հարցին չեմ կարող պատասխանել:
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
ՍԻՄ-Ի ԿՈՉԻՆ
–ՀՅԴ-ն կմիանա՞ ՍԻՄ կուսակցության այն կոչին, որով առաջարկվում է փետրվարի 15-ից, Մեծ պահքի սկսվելու օրվանից մինչ ապրիլի 24-ը հայտարարել ազգային միասնության օրեր, եւ գոնե այս ժամանակահատվածում վերջ դնել ներքին գզվռտոցներին:
– Գաղափարը ինքնին լավն է: Պետք է ուսումնասիրենք, որպեսզի որոշենք ձեւաչափը:
– Վերջերս ԵԽԽՎ-ում 22 պատգամավոր նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկել հետապնդում սկսել "Իրավունք" թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ: Արդյոք այս նախաձեռնությունը չի՞ հակասում Եվրոպայի կողմից պարբերաբար թմբակահարվող խոսքի ու մամուլի ազատության դրույթին:
– Ամեն ինչ հակասում է: Ճիշտն ասած` նախաձեռնությանը ծանոթ չեմ: Բայց հարցադրումը, որը դրվում է, արդեն հակաժողովրդավարական է:
– Նկատի ունեք` հետապնդում սկսե՞լը:
– Այո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

