ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐԻ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐԻ
Կառավարության երեկվա նիստում հաստատված որոշման նախագծի համաձայն, որը զեկուցեց ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդի կազմում կընդգրկվեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: Կառավարության նիստից հետո հաջողվեց նոր կազմավորվող խորհրդի մասին զրուցել Հ. Մանուկյանի հետ.
-Մենք փորձել են նոր ձեւավորվող խորհրդի կազմն ավելի ներկայացուցչական դարձնել եւ քաղաքացիական հասարակության ներկայությունն ապահովել, ինչպես նաեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերին ներգրավել այս գործընթացում:
Եվ փորձել ենք այս հանձնաժողովի գործունեության մեխանիզմներն ավելի արդյունավետ ու ճկուն դարձնել եւ հնարավորություն տալ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել: Նաեւ փորձագիտական հանձնախումբ պիտի գործի, որպեսզի այս խորհուրդը կարողանա օբյեկտիվ ու ճիշտ վերլուծություններ կատարել եւ համապատասխան որոշումներ ընդունել, որոնք հետագայում պետք է ռեալիզացվեն համապատասխան իրավական ակտերի` մասնավորապես ՀՀ վարչապետի, կառավարության որոշումների տեսքով:
- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության նախորդ փորձերն անհաջողությամբ պսակվեցին, որ հարկ եղավ այդ ուղղությամբ մի նոր խորհուրդ ստեղծելու:
- Եթե դուք հիշում եք կառավարության գործունեության ծրագիրը, ապա այնտեղ հատուկ դրույթներ կան նաեւ այս ուղղությամբ: Մասնավորապես, կետ կա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասություններն ու գործիքակազմն ընդլայնելու տեսակետից: Եվ սա հնարավորություն կտա արդյունավետ բացահայտելու չհիմնավորված հարստացման եւ շահերի բախման երեւույթները վեր հանելուն, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման, գնահատման եւ դրանց դեմ համապատասխան գործողություններ իրականացնելու կարեւորագույն գործիք է:
- Ինչո՞ւ կառավարությունն այսօր որոշեց քաղաքական կամք դրսեւորել ու կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ պայքար ծավալել:
- Այնուամենայնիվ, կառավարությունը եւ նրա առանձին անդամներն ունեն քաղաքական պատասխանատվություն այս ուղղությամբ, որն ինչ-որ ձեւով վաղն արտահայտվելու է: Եվ մենք պետք է վաղը հանրությանը պատասխան տանք: Մասնավորապես, ես եւ ընդհանուր կառավարությունը պարտավոր ենք քաղաքական կամք դրսեւորել, այդ պատճառով այս գործողություններն իրականացնում ենք: Թե ինչ արդյունք սա կունենա, հույս ունեմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

