"ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ"
Արխիվ 12-16"ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ"
Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարության մասին "Իրավունք" առաջինն է անդրադարձել: Հիշեցնենք` վերոնշյալ հասցեում պատվիրատու "Վան" մոթելի տնօրեն Վահագն Վանցյանի կողմից կառուցվում է ինչ-որ օբյեկտ: Մեզ հետ զրույցում պատվիրատուն հավաստիացնում էր, թե "կուրսի" չէ, որ նախկինում տարածքը կանաչապատ ու ծառածածկ է եղել: Սակայն մեր հրապարակած լուսանկարները, որոնք հանրությանը ներկայացվեց նաեւ "Արմենիա" հեռուստաընկերության "Սուր անկյուն" հաղորդաշարի կողմից, փաստում են հակառակը:
Ի պատասխան մեր գրավոր հարցման` քաղաքապետարանը եւս հաստատել էր, որ ի սկզբանե տարածքը կանաչապատ ու ծառածածկ չի եղել: "Իրավունքը" նորից գրավոր հարցում ուղարկեց քաղաքապետարան` պարզելու` կոնկրետ հասարակական ի՞նչ օբյեկտ է կառուցվում: Եվ եթե Եզնիկ Կողբացի 50/2 հասցեն կանաչապատ ու ծառածածկ չի եղել, ապա ի՞նչ են վկայում մեր լուսանկարները:
Պատասխան այդպես էլ չստացանք: Դրա փոխարեն` քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը մեր դիտարկմանը, թե գրավոր մեր հարցի պատասխանը չենք ստացել, արձագանքեց. "Դուք ստացել եք ձեր հարցի պատասխանը (նկատի ունի նախորդ գրավոր հարցման պատասխանը-խմբ.)":
Հստակեցրինք` քաղաքապետարանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել: Հանկարծ Արթուր Գեւորգյանն այսպես արձագանքեց. "Դուք անձնական ի՞նչ շահագրգռվածություն ունեք":
Ի՞նչ շահ պետք է ունենանք, պրն Գեւորգյան, մենք մեր հարցի պատասխանն ենք ուզում ստանալ: Փաստորեն, քաղաքապետարանը իր գործառույթը կատարելու` այսինքն հնգօրյա ժամկետում մեր հարցին պատասխանելու փոխարեն, անձնական ինչ-որ շահագրգռությունների մասին է խոսում լրագրողի հետ: Հետեւաբար, հարց է առաջանում` իսկ դո՞ւք ինչ անձնական շահագրգռվածություն եք տեսնում, կամ ունե՞ք, որ խուսափում եք մեր փաստերին եւ գրավոր հարցերին պատասխանելուց: Կամ, միգուցե, որոշ չինովնիկներ վերոնշյալ տարածքում փայաբաժին ունեն: Կենտրոնի թաղապետարանից եւս փորձեցինք պատասխան ստանալ, որտեղից խնդրեցին մեզ հարցը գրավոր ուղարկել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս շինարարության մասին անդրադարձել է նաեւ "Սուր անկյուն" հաղորդաշարը` հղում տալով մեր կողմից հրապարակված լուսանկարներին: Սակայն անգամ դա չի սթափեցրել պատկան մարմիններին, եւ շինարարությունն ակտիվ շարունակվում է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

