ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԱՆ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ՀԿԿ-Ի՞Ն
Վերջին ներքաղաքական զարգացումների, հատկապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, "եռյակի" նախատեսված ու չկայացած հանրահավաքի, ինչպես նաեւ այս իրավիճակում ՀԿԿ-ի դերի մասին "Իրավունքը" փորձեց կապ հաստատել ու զրուցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն մեր հարցադրմանն ի պատասխան` ստացանք կարճ մեկնաբանություն.
"Իրադարձությունները շարունակվեցին այնպես, ինչպես Կոմկուսն իր ընդունած հայտարարության մեջ ասել էր, որովհետեւ ոչ մի բան ժողովրդի շահերից ու Արցախի շահերից վեր չէ: Ուստի` կողմերը պարտավոր են նստել սեղանի շուրջ եւ հարցին տալ այնպիսի լուծում, որը չազդի ո՛չ ժողովրդի, ո՛չ Արցախի, ո՛չ մեր հիմնական խնդիրների վրա": Երբ փորձեցինք անդրադառնալ "Բարգավաճ Հայաստան"-ՀԿԿ հարաբերություններին, մասնավորապես նրան, որ ընկեր Սարգսյանը վերջերս մասնակցել էր ԲՀԿ խորհրդաժողովին ու ելույթ ունեցել, Կոմկուսի առաջին քարտուղարը ԲՀԿ-ի անունը լսելուն պես` նշեց, որ ժողովի է... ու այլեւս չկարողացանք կապ հաստատել նրա հետ: Ինչեւէ, հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմը տարածել էր հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն. "Հանրապետության ներքաղաքական կյանքում ստեղծված լարվածությունը լրջորեն մտահոգել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներին եւ համախոհներին: Մենք գտնում ենք, որ այդպիսի կտրուկ հակամարտությունը` Եղեռնի 100-ամյակին նախօրեին, խիստ բացասական ազդեցություն կունենա պետության եւ ժողովրդի համար, որից անմիջապես կօգտվեն մեր թշնամիները: Այս լարվածությունը կարող է ամենաողբերգական կերպով ազդել նաեւ Արցախի հետագա ճակատագրի վրա: Մենք կոչ ենք անում` գիտակցելով մեր հայրենիքի ներկա եւ հետագա վիճակի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը, գտնել խնդրի խաղաղ եւ ճիշտ լուծում: Հայաստանի կոմկուսի Կենտկոմը պատրաստ է հնարավորինս նպաստել ստեղծված լարվածության թուլացմանը եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը":