Ահա եւ մեր ընդդիմություն կոչվածի իրական դեմքը եւ կարելի է ասել` անփառունակ վախճանը: Եթե նրանք նույնիսկ իրենց շարքերում չեն կարողանում միասնականություն ապահովել, ապա ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ կամ ընդհանրապես ինչո՞ւ են սուտ խոստումներով սնում եւ խաբում իրենց միամտաբար հավատացած զանգվածին: Ծառուկյանը հանկարծակի որոշում է թունդ ընդդիմադիր-հեղափոխական դառնալ, նույնիսկ կարողանում է որոշ մարդկանց ոգեւորել եւ միանգամից հետ է կանգնում` հերթական անգամ հիասթափեցնելով իր համակիրներին եւ հերթական անգամ կորցնելով մեծ թվով համակիրներ:
ԼՏՊ-ն գործի է դնում իր խորամանկությունը եւ հասկանալով, որ "եռյակ" կոչվածն ամեն դեպքում պարտվելու է այս խաղում, իսկ ինքն էլ որպես քաղաքական դիակ` իր զրոյացած վարկանիշը բարձրացնելու շանս չունի, Սերժ Սարգսյանին համագործակցելու առաջարկ է անում` փորձելով գոնե այդպես իր համար ինչ-որ նոր իրավիճակ ստեղծել եւ թեկուզ իշխանությունների հետ համագործակցության ֆորմատով դաշտում թպրտալու մի փոքր շանս ստանալ: Րաֆֆին էլ հակադրվելով "եռյակի" մյուս երկու լիդերներին` որոշում է գնալ ու մի քանի հոգով հանրահավաք անել` մոռանալով, որ իր նախորդ հացադուլա-հանրահավաք-հեղափոխությունն ավարտվեց Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքով: Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ իրենք ծիծաղելի են, այն էլ` երեւի արդեն ոչ բոլորի համար, որովհետեւ ծաղրածուն էլ կարող է ժամկետանց դառնալ: Իսկ իրենք արդեն ժամկետանց են, իրենց համակիրներն էլ` խաբված: ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ