ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱՎՈՐ
ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՄԱՐ
Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական երկրորդ ուժի` ԲՀԿ-ի հետ, դժվար է բնութագրել այլ կերպ, քան քաղաքական փլուզում: Ճիշտ է, զուտ հեռացած պատգամավորների քանակի տեսակետից կորուստը այնքան էլ մեծ չէ, սակայն առկա պատգամավորական քվեների ռեսուրսը` որպես այդպիսին, պահպանվում է զուտ մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունները: Փլուզումը վերաբերում է վարկանիշային ցուցանիշին` այլեւս ոչ ոք եւ երբեք ԲՀԿ-ին չի ընկալի որպես իշխանափոխություն իրականացնող, կամ ընդհանրապես իշխանությանը հակառակվող ուժ:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է
ՀՀ նախագահի եւ ԲՀԿ առաջնորդի հանդիպումը, որը բազում քննարկումների առարկա է, անկախ նրանից` ում հաղորդած տեղեկատվությունը ճիշտ է, իսկ ումը` սուտ, որպես կարեւորագույն արդյունք ունի այն, որ երկրում վերացավ օլիգարխիկ ռեսուրսով Մայդան կազմակերպելու սպառնալիքը: Միջնորդի, հաշտարարի դափնիները հասան ՀՅԴ-ին, ինչն անշուշտ կբարձրացնի դաշնակների վարկանիշը, քանզի մեր երկրի բնակչության շատ նշանակալի շերտ անթույլատրելի է համարում ներքին ցնցումները եւ կարեւորագույն արժեք է համարում ներքին կայունությունը:
Սակայն այստեղ կարեւորն այն է, որ այլեւս ոչ ոք բազմահազարանոց զանգվածների ճնշումը եւ ներխորհրդարանական սկանդալային ակցիաները չի ծառայեցնելու սահմանադրական բարեփոխումները վիժեցնելու գործին: Ըստ էության, նաեւ Ռոբերտ Քոչարյանը գործնականում զրկվեց ստվերային քաղաքական ճնշումներ բանեցնելու հնարավորությունից, ու թերեւս նա այդպես էլ մնա "ՀՀ ամենաերիտասարդ թոշակառու": Ավելին, եթե դիտարկենք ԲՀԿ-ի հետագա հեռանկարը, ամենեւին էլ չպետք է բացառել ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա (ի դեպ` այդպիսի զարգացում չի բացառում եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը)` լինի դա պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես: Նաեւ հավանականություն կա, որ ԲՀԿ-ն նույնպես կլծվի սահմանադրական բարեփոխումները առաջ տանելու գործին` հիշենք, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում առկա է խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու դրույթը: Պարզապես, այս վերջին շրջանում իրականացվում էր գործելակերպ` թող մենք հասցնենք սեփական նախագահ ընտրել այսօրվա լիազորություններով, նոր միայն բարեփոխենք Սահմանադրությունը, ու այդ գծի հետեւում պարզորոշ ուրվագծվում էր Ռոբերտ Քոչարյանի ստվերը:
Այժմ, կարծես թե, այլեւս ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանի ասած` հանրային լայն համախմբմանը` սահմանադրական բարեփոխումների շուրջ: Բացի ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից, շատ հնարավոր է, որ ուրիշներն էլ միանան այդ գծին, քանզի անկախ հռետորաբանությունից` մեր քաղաքական ուժերն ու գործիչները սիրում են հաղթող կողմում լինելը, առավել եւս, որ սահմանադրական բարեփոխումներին աջակցելը ամենեւին էլ չի խանգարում այլ հարցերում ընդդիմանալ իշխանությանը:
Ինչ մնում է տարատեսակ գունավոր հեղաշրջումներին, ապա նման է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի բերած թխվածքաբլիթները բաժին են հասել միայն գրանտածիծ կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր մասնակցել են նոր դեսպան Միլսի եւ Նուլանդի հետ փակ գաղտնի հանդիպմանը: Թե ինչ է այդտեղ քննարկվել, եւ արդյոք այդ քննարկման մասնակից շպիոնօնիկները ենթակա չեն պատասխանատվության` որպես գործակալներ, դա առանձին խնդիր է: Պարզապես, ակնհայտից ակնհայտ է, որ տարիներով` որպես գրանտ, Հայաստան բերված կանաչ թղթադրամների դեզերը պիտանի չեղան սպասարկելու վարչակարգ փոխելու գործընթացը: Ճիշտ է, բնակչության գլխին հսկայական քանակով տեղեկատվական աղբ լցվեց, հաջողվեց ստեղծել երիտասարդ լիբերաստների շերտ, որն ամբողջովին դավաճանել է ավանդական արժեքները, սակայն գրանտածիծներից հեղափոխական չի ստացվել ու չի էլ ստացվի: Դրանք ընդամենը փող ուտող եւ ռիսկերի գնալու նեղության տակ չմտնող գրասենյակային կոնտինգենտ են: Ի դեպ, նույնը կարելի է ասել եւ Գագիկ Ծառուկյանի միջոցներով ստեղծված "համաժողովրդական շարժման" շտաբներում ներգրավվածների մասին` հաճույքով երդվում էին ԲՀԿ-ի առաջնորդի անունով, ծավալում էին ինչ-ինչ գործողություններ այնքան ժամանակ, քանի դեռ հետապնդվելու ռիսկերի տակ չէին ընկնում:
ՈՎՔԵՐ ԵՆ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ԲՀԿ-Ի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Պարզ է, որ ԲՀԿ-ն կորցրեց իր քաղաքական կապիտալի առյուծի բաժինը, որը ձեռք էր բերվել` շնորհիվ ԼՏՊ-ի "քաղաքագիտական վերլուծության" եւ ՀԱԿ-ԲՀԿ խաղերի արդյունքում տեղի ունեցած բողոքավոր ընտրազանգվածի վերաբաշխման` հօգուտ ԲՀԿ-ի: Ինչ վերաբերում է ֆինանսական կապիտալին, ապա չպետք է մոռանալ, որ դա առավելապես հենց Գագիկ Ծառուկյանի միջոցներն են, ուստի, եթե դե ֆակտո կամ դե յուրե Ծառուկյանը հանկարծ չշարունակի գլխաավորել ԲՀԿ-ն, այնտեղ փողաշատություն էլ չի լինի:
Իսկ հիմա` թե ովքեր են փորձում տիրանալ ԲՀԿ-ի` անտեր մնացած քաղաքական կապիտալին, այսինքն` բողոքավոր զանգվածի համակրանքին: Այն բանից հետո, որ ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը, հանկարծ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ թաքստոցից եւ հայտարարեց, որ Ազատության հրապարակում չկայացած հանրահավաքի ժամին անցկացնելու է "բացօթյա ասուլիս": Պարզ է, որ ներկաների սակավությունը նա անմիջապես դուրս է գրելու մյուսների վրա, նախեւառաջ` ԲՀԿ-ի, մասամբ էլ` ՀԱԿ-ի: Մինչ ԱԺ ընտրությունները, "Ժառանգությունը" փորձելու է ինչքան հնարավոր է ավելացնել սեփական բաժինը, որպեսզի 2017-ի ընտրություններին գրանցի ավելի լավ արդյունքներ:
Ինչ վերաբերում է ԼՏՊ-ին, ապա ԲՀԿ-ի քաղաքական աղետի զորությամբ` ՀԱԿ առաջնորդին բաժին հասավ թիվ 1 ընդդիմադիրի կարգավիճակը: Ծեր աղվեսը ճիշտ ժամանակին դավաճանեց մինչ այդ իր կողմից անչափ գովաբանված Ծառուկյանին, խուսափեց չկայացած հեղափոխության համար ստացվելիք իշխանական հարվածներից, ու այժմ պաշտպանում է "քաղաքական հալածանքների ենթարկվող" շարքային ԲՀԿ-ականներին, բայց ոչ ԲՀԿ առաջնորդին: Բնականաբար, Լեւոն Ակոպիչը նույնպես փորձելու է հնարավորինս ավելացնել իր տոկոսները` մինչ 2017-ի ԱԺ ընտրությունները:
Պարզ է, որ նոր խաղացողներն էլ կփորձեն իրենց բաժինը փախցնել անտեր մնացած ընդդիմադիր ընտրազանգվածից: Խոսքը արտախորհրդարանական կուսակցությունների մասին է, եւ ով ինչքան հասցրեց "պռճոկել" մինչեւ 2017-ը` իր օգուտն է: Բայց արդյո՞ք ինչ-որ մեկին, ով այժմ չկա ԱԺ-ում, կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը: Միգուցե առկա, սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում կարողանա քաղաքականապես վերակենդանանալ լուսանցք դուրս մղված Կոմունիստական կուսակցությունը, եթե, իհարկե, կողքից ստանա եւ ռեսուրսային աջակցություն: Դա իր հերթին նաեւ կախված է գլոբալ աշխարհաքաղաքական մարտերի ընթացքից:
Բայց միանգամայն հնարավոր է, որ հաշվի առնելով առկա քաղաքական առաջնորդների վարկաբեկվածությունը, դաշտում նոր ուժ հայտնվի: Թերեւս, հարմար քաղաքական դրոշը, որը դեռ իր հետեւից մեծ զանգվածներ չի առաջնորդել, դա ազգայնականությունն է: Գումարած դրան, նա, ով կկարողանա վերցնել եւ համոզիչ ձեւով առաջ տանել ազգայնական դրոշը, միգուցե մի փոքր բաժին էլ կարողանա տանել ազգային պահպանողական կողմնորոշում ունեցող ընտրողներից, ովքեր հակված են քվեարկել ՀՀԿ-ի օգտին, եւ ավանդաբար ՀՅԴ-ին քվե տվողների մի մասը: Բայց դա էապես չի ազդի ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվեների վրա, առավել եւս, որ այդ կուսակցություններն էլ որոշ չափով իրենց մոտ կտանեն ԲՀԿ-ի այն ընտրազանգվածին, որը լրիվ ապաքաղաքականացված է եւ ի դեմս ԲՀԿ-ի` տեսնում էր զուտ ֆինանսական ինչ-որ փոքր բարիք փախցնելու աղբյուր:
Ինչեւէ, ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածից հետո գոյացած քաղաքական վակուումը երկար չի կարող մնալ որպես այդպիսին, այն լցվելու է: Եվ լցնելու ձգտողներն արդեն իսկ երեւում են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

