ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ`ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ». ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ`ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ». ՖՈՏՈՇԱՐՔ
Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարության մասին «Իրավունք» առաջինն է անդրադարձել:
Հիշեցնենք`վերոնշյալ հասցեում պատվիրատու «Վան» մոթել տնօրենի Վահանգ Վանցյանի կողմից կառուցվում է ինչ-որ օբյեկտ: Մեզ հետ զրույցում պատվիրատում հավաստիացնում էր, թե «կուրսի» չէ, որ նախկինում տարածքը կանաչապատ ու ծառածածկ է եղել: Սակայն մեր հրապարակած լուսանկարները, որոնք հանրությանը ներկայացվեց նաեւ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի կողմից, փաստում են հակառակը:


Ի պատասխան մեր գրավոր հարցման` քաղաքապետարանը եւս հաստատել էր, որ ի սկզբանե տարածքը կանաչապատ ու ծառածածկ չի եղել: «Իրավունքը» նորից գրավոր հարցում ուղարկեց քաղաքապետարան պարզելու` կոնկրետ հասարակական ինչ օբյեկտ է կառուցվում: Եվ եթե Եզնիկ Կողբացի 50/2 հասցեն կանաչապատ ու ծառածածկ չի եղել, ապա ի՞նչ են վկայում մեր լուսանկարները:
Պատասխան այդպես էլ չստացանք: Դրա փոխարեն քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը մեր դիտարկմանը, թե գրավոր մեր հարցի պատասխանը չենք ստացել, արձագանքեց. «Դուք ստացել եք ձեր հարցի պատասխանը (նկատի ունի նախորդ գրավոր հարցման պատասխանը-խմբ.)»:
Հստակեցրինք` քաղաքապետարանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել: Հանկարծ Արթուր Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Դուք անձնական ի՞նչ շահագրգռվածություն ունեք»:
Ի՞նչ շահ պետք է ունենանք, պրն Գեւորգյան, մենք մեր հարցի պատասխանն ենք ուզում ստանալ: Փաստորեն, քաղաքապետարանը իր գործառույթը կատարելու` այսինքն հնգօրյա ժամկետում մեր հարցին պատասխանելու փոխարեն, անձնական ինչ-որ շահագրգռությունների մասին է խոսում լրագրողի հետ: Հետեւաբար, հարց է առաջանում` իսկ դո՞ւք ինչ անձնական շահագրգռվածություն եք տեսնում, կամ ունե՞ք, որ խուսափում եք մեր փաստերին եւ գրավոր հարցերին պատասխանելուց: Կամ միգուցե որոշ չինովնիկներ վերոնշյալ տարածքում փայաբաժին ունեն:
Կենտրոնի թաղապետարանից եւս փորձեցինք պատասխան ստանալ, որտեղից խնդրեցին մեզ հարցը գրավոր ուղարկել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս շինարարության մասին անդրադարձել է նաեւ «Սուր անկյուն» հաղորդաշարը` հղում տալով մեր կողմից հրապարակված լուսանկարներին: Սակայն անգամ դա չի սթափեցրել պատկան մարմիններին, եւ շինարարությունն ակտիվ շարունակվում է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

