ԵԶԴԻԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵԶԴԻԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ
Օրերս եզդիական պատվիրակությունը Հնդկաստանում էր. աշխարհի տարբեր երկրներից եզդի հասարակական գործիչներ, ակտիվիստներ Հնդկաստանի Հանրապետություն էին ժամանել եզդի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու ակնկալիքով, ստեղծելու և զարգացնելու եզդիա-հնդկական հարաբերությունները, բարձրաձայնելու եզդիների ցեղասպանության խնդիրը, համագործակցելու ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունների հետ՝ կազմակերպելով հումանիտար օգնություն Իրաքում ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված եզդի փախստականների համար, ինչպես նաև մասնակցելու հնագույն արժեքների պահպանման միջազգային կոնֆերանսին` այդպիսով ներկայացնելու եզդիների ազգային կրոնը, մշակույթը, ավանդույթները և այլն:
Եզդիական պատվիրակության անդամներն էին՝ Խդր Հաջոյան (Հայաստան), Գուլե Խալաֆ (ԱՄՆ), Լեյլա Խուդեդա (ԱՄՆ), Բարֆո Թամոյան (Ֆրանսիա), Քամալ Դայա (Կանադա), Միրզա Իսմայիլ (Կանադա), Մարլին Քուչակ (Շվեդիա), Դարվեշ Խատարի, Թալալ Հասկանի, Շեհաբ Սոսո, Ֆիրաս Կաիդի, Ռաադ Ալտախտոր, Հիշամ Միլհիմ, Նաժիմ Ալհասկանի, Կանաան Նաամո (Իրաք):
Եզդիական պատվիրակության առաջին հանդիպումը Դելիում էր դոկտոր պրոֆեսոր Լոկեշ Չանդրայի հետ (Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր 1974-1986 թթ.), ապա եղան հանդիպումներ Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջի, Նավթի և Բնական գազի հարցերի նախարար Շրի Դհարմենդրա Պրադհանի,
հոգևոր առաջնորդ, խաղաղության դեսպան, Նորին Սուրբ Մեծություն Շրի Շրի Ռավի Շանկարի, Կարնատակայի նահանգապետ Վաջուբհաի Վալայի հետ: Այնուհետև Մայսոր քաղաքում Եզդիական պատվիրակությունը մասնակցեց Հնագույն ազգերի 5-րդ միջազգային գիտաժողովին, որում ներկայացված էին 70-ից ավելի ավանդույթներ 40-ից ավելի երկրներից, գիտաժողովում առաջինը ներկայացվեց՝ եզդիների ազգային մշակութային առանձնահատկությունները, կրոնը, պատմությունը և եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունների պատմությունը: Ծրագրի ընթացքում եզդիական պատվիրակության անդամները հանդիպեցին աշխարհում ամենամեծ և հզոր, մոտ 6 միլիոն անդամ ունեցող «ՌՍՍ» Հնդկական կամավորական հասարակական կազմակերպության ղեկավար՝ Մոհան Բհագուատի հետ` քննարկելով և ներկայացնելով եզդիների խնդիրները և ցեղասպանության հարցը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

