ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված տրանսֆերային "խառնաշփոթը" ունեցավ շատ պարզ հանգուցալուծում: Թեեւ շատերը ցանկանում էին հայ ֆուտբոլիստին տեսնել, օրինակ, Բունդեսլիգայում կամ Անգլիայի առաջնությունում, բայց Մովսիսյանը նախընտրեց մնալ հարազատ թիմում: Մովսիսյանը երկարաձգել է Մոսկվայի "Սպարտակի" հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի կայքը: Յուրա Մովսիսյանը "Սպարտակ" էր տեղափոխվել ռուսական "Կրասնոդարից" 2013 թվականին, սպարտակցիների կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 8 խաղիª դառնալով մեկ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականըª տարեկան 2 միլիոն դոլար աշխատավարձով: Նոր գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվում:
"Սպարտակի" գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն պայմանագրի ստորագրումից հետո խոսել է ձեռք բերված համաձայնության մասին. "Շատ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը: Սա Մովսիսյանիª "Սպարտակի" հանդեպ վերաբերմունքի հերթական ապացույցն է, մեր թիմի մարզաշապիկով խաղալու եւ հաջողության հասնելու նրա ցանկությունը: Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել "Սպարտակի" հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան",- նշել է Ասխաբաձեն: Գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո Մովսիսյանը նույնպես կիսվել է տպավորություններով. "Երբ տեղափոխվեցի "Սպարտակ", գիտեի, որ տեղափոխվում եմ Ռուսաստանի լավագույն ակումբ, եւ ամեն օր ավելի եմ համոզվում դրանում: Այդ պատճառով ցանկանում եմ ապագաս կապել հենց այս թիմի հետ: Շատ էին իմ տեղափոխության եւ տարբեր առաջարկների մասին խոսակցությունները, սակայն այդ լուրերից ոչ մեկը ճիշտ չէր: Մամուլում միշտ հայտնվում են տարբեր սպեկուլյացիաներ, սակայն ես իրոք ցանկանում եմ հանդես գալ "Սպարտակում", որն ունի հիանալի երկրպագուներ: Այժմ հեշտ օրեր չեն ակումբի համար, բայց ես վստահ եմ, որ ամեն բան կկարգավորվի, մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաջողությունը գա հնարավորինս շուտ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր, անկախ ամեն ինչից, շարունակում են աջակցել թիմին եւ ինձ",- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է թիմի կայքը:
ՌԴ ֆուտբոլային միության էթիկայի հանձնաժողովի անդամ Անդրեյ Սոզինը եւս անդրադարձել է Մովսիսյանի ու "Սպարտակի" նոր պայմանագրին` նշելով. "Բոկետին եւ Տինո Կոստան հեռացել են թիմից: Օզբիլիսը դեռ ապաքինվում է, Ձյուբան այլեւս դժվար թե խաղա Յակինի թիմում: Այդ ամենի շնորհիվ "Սպարտակը" հնարավորություն ստացավ գումար տնտեսել եւ ֆինանսական ավելի լավ պայմաններ առաջարկելովª երկարաձգել պայմանագիրը գլխավոր ռմբարկու Յուրա Մովսիսյանի հետ: Այդ քայլն ակումբի կողմից տրամաբանական էր: Չնայած Մովսիսյանն այժմ չի ցուցադրում իրեն բնորոշ խաղը, սակայն նախորդ մրցաշրջանում թիմի առաջատարն էր",- Սոզինի խոսքը փոխանցում է sport express-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

