ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16Մեր զրուցակիցը "Լոռվա ձոր" հայրենակցական միության նախագահ, "Հայկական ներկապնակ" ծրագրի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ է:
-Պարո՛ն Երիցյան, ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա վաղը, ի՞նչ է իրենից ներկայացնելու:
- Ցուցահանդեսը բավականին ներկայացուցչական է` ավելի քան 60 նկարիչներ` 8 երկրներից, 150 նկարներ: Բնականաբար, նկարների ընտրության հարցում կողմնորոշիչ եղավ "Վերածնունդ" խորագիրը: Վերածնունդը հայ ժողովրդի ու մի բուռ հայոց հողի, ուր 100 տարի առաջ ապաստանեցին Հայոց ցեղասպանությունից փրկված բեկորները, ովքեր կարողացան անցնել Արաքսը եւ փրկվել` միշտ իրենց ու գալիք սերունդների հիշողություններում թողնելով հայրենի եզերքը, կարոտը հող հայրենիի նկատմամբ:
- Այսինքն, գեղանկարիչները գնացել են հենց ա՞յդ ուղիով:
- Անկասկած, մեր ամեն մի փառատոն նվիրված էր մեկ կամ երկու տարածաշրջանի եւ մարդկանց: Նկարիչները երբեք չէին մոռանում այդ թեման: Եվ այդ ամենի արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում "Հայկական ներկապնակ" ծրագրի շրջանակներում նկարիչները եղել են Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, որտեղ ապրում են Մեծ եղեռնից մազապուրծ եղած մարդկանց սերունդները եւ շառավիղները, ովքեր ծաղկեցրին հող հայրենին, ոտքի կանգնեցին, երկիր ստեղծեցին ու շենացրին:
- Անկասկած, տարբեր են թեմատիկ ուղղությունները: Դրանք նկարիչնե՞րն են ընտրել:
- Իսկապես, բազմազան են թեմատիկ նախընտրությունները, որ ունեցել են գեղանկարիչները ստեղծագործելիս: Հին ու նոր քաղաքային միջավայր, բնության գողտրիկ անկյուններ, հայկական եկեղեցիներ, մարդկանց ինքնատիպ կերպարներ: Եթե Լոռվա աշխարհում նրանց գրավում էին բնության հրաշք-կերտվածքները, ապա Գյումրիում ուշադրության կենտրոնում էին հին ու նոր քաղաքային միջավայրերը, Տավուշում` մարդու ստեղծած ձեռակերտ արժեքները, Վայոց ձորում` մարդու եւ բնաշխարհի ներդաշնակությունը, Արցախում` մարդու անհատականացված կերպարը: Եվ այս ամենի արդյունքում ստացվում է այն, ինչ կոչվում է "Վերածնունդ", այլ խոսքով` այն հող ու ջրի, այն շենացնող մարդու կերպարի անդրադարձը` ինքնատիպ վրձնահարվածներով, բնորոշ գույներով ու երանգներով:
- Որքան հասկացա, նկարիչներն ազատ ստեղծագործական երեւակայություն են ունեցել: Դրանք ինչպե՞ս են արտահայտել իրենց ստեղծագործություններում:
- Շատ լայնորեն: Նկարիչները ձգտել են շփվել բնականի, իրականի հետ եւ այդ ամենն արտահայտել վրձնահարվածներով: Այսինքն, ավելի հաճախ նկարչի որոնումները անսպասելի են եղել` ասենք, Արցախի տարբեր հատվածներում, երբ նկարիչները ձգտել են հասկանալ ոչ միայն հնամենի հողը, այլեւ այնտեղ ապրող մարդկանց կերպարները: Իսկ կերպարային լուծումների ավելի շատ դիմել են տարբեր երկրներից, առանձնապես Ռուսաստանից եկած արվեստագետները, քանի որ նրանց հետաքրքրել են վերածնված երկրի մարդիկ:
- Եթե չենք սխալվում, օրինակ, հետաքրքիր էր Սոս Սարգսյանի կերպարային լուծումը:
- Փառատոներից մեկի ժամանակ երջանկահիշատակ Սոս Սարգսյանը այցելել էր Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Ամառ էր, կեսօրին մոտ: "Կարծիք" ստեղծագործական խումբը տեսագրում էր նրան` իր մեծ հայրենակցի հարկի տակ: Մի քանի նկարիչ փորձ էին անում ստեղծել նրա դիմանկարը: Չգիտեմ ում, ինչ հաջողվեց: Բայց մի նկարի վերաբերյալ մեծ վարպետն արտահայտվեց. "Սա ոնց որ ես եմ, ծանոթ կերպար է կամ այսպիսին կդառնամ": Վարպետին դուր էր եկել դիմանկարը, իսկ կերտողը ռուսաստանցի նկարիչ էր` Պյոտոր Ռեյխետը:
- "Հայկական ներկապնակի" փառատոնային օրերը սկիզբ են դրվել ստեղծագործական լուրջ կապերի եւ կամուրջների` տարբեր երկրների արվեստագետների հետ:
- Արդեն մեր նկարիչները հրավիրում են իրենց գործընկերներին ոչ միայն Հայաստան գալ, այլ իրենք են սիրով մեկնում Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան` համանման փառատոների: Եվ այդ շփումների արդյունքում այն խոր զգացողությունն է, որ իր աշխատանքում ունեցավ լեհ նկարիչ Բենեդիկտը` ստեղծելով հայաստանյան իրականության իր մեկնաբանությունը` հետաքրքիր խորհրդանիշների եւ դրանց զուգորդումների միջոցով: Այնպես որ, "Վերածնունդ" ցուցահանդեսը բազմաթիվ հաճելի անակնկալներ ունի, որոնց բացահայտելու համար պետք է այցելել ու հասկանալ իսկապես հայկական վերածննդի գեղարվեստական դրսեւորումները:
Զրուցեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ
Հ.Գ. ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ նկարիչների միության, "Փյունիկ" հիմնադրամի եւ "Լոռվա ձոր" հայրենակցական միության կազմակերպած "Վերածնունդ" խորագիրը կրող եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս. թ. փետրվարի 19-ին, ՀՀ նկարիչների միության ցուցասրահում, ժամը 16:00-ին:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 3-ը:

