"ՀՊԱՐՏ ԿԼԻՆԵԻՆՔ, ՈՐ ՈՐԴԻՍ ՍԱՀՄԱՆԻՆ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ ԶՈՀՎԵՐ..."
Մեր երեկվա համարում անդրադարձել էինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի մանրամասներին: Մասնավորապեսª զրուցել էինք Հայկազի սպանության մեղադրանքով կալնավորված չորս համակուրսեցիներից մեկի` գնդապետի որդու` Գնել Թեւոսյանի ¥հիմնական մեղադրյալի¤ փաստաբանի հետ, ով, հասկանալի է, փորձում էր արդարացնել իր պաշտպանյալին, թե նա դեպքի վայրում անգամ չի եղել:
Ավելին, որ սուտ են այն խոսակցությունները, թե իր պաշտպանյալը ցանկացել է իր "կարգերը" հաստատել ինստիտուտում, իսկ Հայկազին էլ սպանել է` չենթարկվելու պատճառով: Եվ ահա մեր այդ հրապարակմանն արձագանքեց Հայկազ Բարսեղյանի հայրըª խնդրեց, որ իր տեսակետը եւս հրապարակենք: Սպանված կուրսանտի հայրը համոզված է, որ հենց Գնելն է եղել այդ սպանության վերեւում կանգնած. - Էդ Գնել Թեւոսյանի փաստաբանը, որ էդչափ համառորեն փորձում է արդարացնել իր պաշտպանյալին, ինչի ինքը չգիտի՞, որ Գնելը հենց էդ "խարոշի տղերքի" խումբը ստեղծողն է: Դուք գնացեք ինստիտուտ ու կուրսանտներից հարցրեք, թե ով է գնդապետի որդի Գնել Թեւոսյանը: Գնացեք, հետաքրքրվեք ու իմացեք, թե չորս ամսվա մեջ էդ տականքները` Գնելի գլխավորությամբ, ինչ տեռորի են ենթարկել ինստիտուտը, մասնավորապեսª հրետանային զորքերի առաջին կուրսին: "Յան"-ով ազգանուն կրելը դեռ չի նշանակում հայ լինել, նրանք տականքներ են, ովքեր դաժանաբար սպանել են որդուս: Ես Ձեզ մի բան ասեմ, ես եւ Հայկազի մայրը հպարտ կլինեինք, որ որդիս սահմանի վրա` թուրքի դեմ պայքարելով զոհվեր` թուրքի ձեռքով: Բայց հիմա ի՞նչ ասեմ, ինչո՞վ հպարտանամ, որ մի քանի թուրքից վատ տականք հայերի ձեռքով է էդքան բանը եղել: Այն էլ` ռազմական ինստիտուտում, որտեղ պետք է բարձր մակարդակի սպաներ պատրաստվեն եւ ուղարկվեն սահմանամերձ շրջաններ: Տղայիս հետ Երեւանում արեցին նույն բանը, ինչ տարիներ առաջ Բուդապեշտում` Գուրգեն Մարգարյանի հետ... Փաստաբանը ասում է Գնելը դեպքի վայրում չի եղել, բայց էդ օրը լավ էլ եղել է: Ես Ձեզ ավելին ասեմ` ինքը ամեն գիշեր քաղաքացիական հագուստով գնում էր տանը քնելու, առավոտյան գալիս էր, մեքենան կանգնեցնում անցակետի մոտ եւ մտնում ինստիտուտ: Բայց սպանության գիշերը տուն չի գնացել, իսկ ինչի համար. պարզ է, որովհետեւ ծրագիր ուներ` վերացնել Հայկազին: