ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԹԵԹԵՎ ՎՆԱՍ ՉԷԻՆ ՊԱՏՃԱՌԵԼ, ԲԱՅՑ ՍՊԱՆԵԼ ԷԻՆ...
Արխիվ 12-16ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԹԵԹԵՎ ՎՆԱՍ ՉԷԻՆ ՊԱՏՃԱՌԵԼ,
ԲԱՅՑ ՍՊԱՆԵԼ ԷԻՆ...
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը սահմանում է անձի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դիսպոզիցիան (նկարագրությունը) եւ սանկցիան (պատիժը): Արամ Մկրտչյանն ու Վահե Թաթոյանն արդարացվել են այդ մեղադրանքով, բայց դատապարտվել են անձին մահ պատճառելու համար:Իսկ թե ինչպես է այդպես լինում, կամ ինչպես դա չէր կարող լինել` փորձեք հասկանալ քրեական գործի ու կայացված դատավճռի վերաբերյալ մեղադրող ու պաշտպանության կողմերի դիրքորոշումներից:
ԳՈՐԾԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ ԷՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈ՞ՒՄ
2012 թվականի օգոստոսի 11-ին, Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 46 շենքի կից այգում, Արամն ու Վահեն հարձակվել էին Հակոբ Միհրանյանի վրա: Ավազակների ավարը կազմել էր 61.000 դրամ եւ "Նոկիա" մոդելի հեռախոսը: Ավազակային այդ հարձակումը կատարելուց հետո Արամն ու Վահեն շուրջ 9 ամիս գտնվել էին ազատության մեջ, թեեւ նրանց արարքը լավ էլ ձգում էր` նրանց կալանավորելու համար: Դատեք ինքներդ. ըստ մեղադրական եզրակացության` "Հակոբ Սիմոնյանին դիմադրությունից զրկելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկաներով` փայտերով եւ ապակյա շշերով, ծեծի են ենթարկել, պատճառել մարմնական վնասվածքներ` քթոսկրի, աջ այտոսկրի, վերին ծնոտի, ձախից` 7-8-րդ կողոսկրերի կոտրվածքների ձեւով":
Ոստիկանների համբերության բաժակը լցվել էր 2013-ի ապրիլի 14-ին, երբ, ըստ քրեական գործի` խմած Վահեն ու Արամը "խմբի կազմում միասնական դիտավորությամբ, Ոստիկանության Զեյթունի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում իրենց դեմ բացատրություն տալու, ինչպես նաեւ գործով վկա Բենիամին Մարգարյանի հետ ընկերական հարաբերություններ ունենալու պատճառով, Կոմիտասի շուկայի հարակից տարածքում, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Աշոտ Հովսեփի Թորոսյանի գլխին, դեմքին եւ մարմնի տարբեր մասերին եւ փակ, բութ գանգուղեղային վնասվածքներ պատճառելով, գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման ձեւով պատճառել են վերջինիս առողջությանը ծանր վնաս, որոնք անզգուշությամբ առաջացրել են Աշոտ Թորոսյանի մահը": Այդ դեպքից էլ 4 օր անց, ապրիլի 18-ին, Վահեն ու Արամը` "Երեւան քաղաքի Կոմիտաս 40 շենքի բակում, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Զաքար Գասպարի Զաքարյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով քթի, մեջքի, ճակատային թմբկության, ձախից այտային շրջանների քերծվածքների, քթի, մեջքի պատռված վերքի, քթոսկրերի քիչ տեղաշարժումով կոտրվածքի, ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդի ձեւով, պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ": Իրավապահների համբերությունը դրանից հետո բաժակից թափվել էր, եւ Վահեն ու Արամը ձերբակալվել էին:
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ...
ՌՈԲՈՏՆԵ՞Ր ԷԻՆ
Հենց այսպիսի եզրակացության ես հանգում` կարդալով վերաքննիչ բողոքների առաջին իսկ տողերը: Իսկապես, քրեական վարույթն իրականացնողները Վահեի եւ Արամի մեղադրական եզրակացությունները "քոփի-փաստ" էին արել մեկը մյուսից: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, թե մեղադրյալներն էլ իրենց մեղսագրված արարքների ընթացքում կատարել էին միեւնույն գործողությունները:
Իհարկե` ոչ, հետեւաբար, պետք է եզրակացնել, որ վարույթն իրականացնողներն իրենց առաջ խնդիր չէին դրել պատասխանատվության ենթարկել կոնկրետ մեղադրյալին` նրա կողմից կատարված կոնկրետ արարքի համար: Իսկ այն հանգամանքը, որ երկու մեղադրյալներին էլ պաշտպանում էր նույն փաստաբանը, բացառում է, որ հանցանքի անհատականացման թեզն ուղղված է մեկի հաշվին մյուսի մեղքը մեղմացնելը:
ՏՈՒԺԱԾԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Գործով թիվ 1 տուժողը` Հակոբ Միհրանյանը, ում մոտից իբր հափշտակվել էին 61 հազար դրամ եւ հեռախոս, "հիշել էր", որ իրեն ծեծել ու թալանել էին Վահեն ու Արամը` դեպքից շուրջ 8 ամիս անց, երբ նրա մասին "հիշել էին" քննչական մարմինները: Իսկ դեպքի օրը հիվանդանոց եկած ոստիկաններին նա հայտնել էր, որ ինքը թափառաշրջիկ է: Այդ օրը նա իր "գործընկերոջ" հետ` աղբամաններից հավաքած շշերը հանձնելուց առաջացած գումարով գնել էր սպիրտ, խմել էր այն, հարբել, վայր ընկել ու ստացել վնասվածքները: Հետաքննիչներն էլ արձանագրել էին, որ հանցագործություն տեղի չէր ունեցել: Իսկ ամիսներ անց, այդ անձին հաջողվել էր համոզել, թե ինքը ունեցել էր զգալի գումար եւ ձեռքի հեռախոս…
Ինչպե՞ս է այդպես ստացվում: Ավելի ճիշտ. ինչո՞ւ է այդպես ստացվում…
ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց մեղավոր չէին ճանաչել: Վահե Թաթոյանը դատաքննության փուլում ցուցմունք էր տվել, որ ապրիլի 22-ին իրեն մեքենայով տարել են բաժին եւ ձերբակալել, սակայն ինքը առաջադրված մեղադրանքների հետ որեւէ առնչություն չունի:
Արամ Մկրտչյանն էլ խոստովանել էր, որ ծեծել էր Սամվել Համբարձումյանին, իսկ մյուս մեղադրանքները շինծու են:
Դատարանը սակայն նրանց դատապարտել էր 7 եւ 8 տարվա ազատազրկման: Պաշտպանը վերադաս ատյանից պահանջել է իր երկու պաշտպանյալների արդարացումը:
ՈՉ ԴԱՏԱԿԱՆ "ՄԱՆՐՈՒՔՆԵՐ"
Այս գործով վերջնական դատական ակտը կայացնելուց հետո անշուշտ անհրաժեշտ կլինի անդրադառնալ այն հանգամանքներին ու փաստերին, որոնք պետք է բացահայտեին թե՛ հանցագործությունները, եւ թե՛ դրանց իրական հանգամանքները: Դա կլինի լրագրողական "խորացված" հետաքննություն, կլինեն բացահայտումներ, որոնք թե դատական եւ թե լրագրողական էթիկայից ելնելով` դատավարության այս փուլում հրապարակելը ճիշտ չի լինի: Առայժմ դրանք թողնենք Վերաքննիչ դատարանի խղճին, միայն հավելելով, որ եթե Աշոտ Թորոսյանին մահ պատճառողները Վահեն ու Արամը չեն, ապա քրեական գործում կան բավականին թափանցիկ ակնարկներ` հավանական իրական մարդասպանի անձի վերաբերյալ: Նշեմ միայն, որ իր վախճանից օրեր առաջ Աշոտը վաճառել էր իր… երիկամը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

