«ՀԿ-ՆԵՐԸ ԳՐԱՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՎ` ՊԱՌԱԿՏԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՏԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՀԿ-ՆԵՐԸ ԳՐԱՆՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՎ`
ՊԱՌԱԿՏԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ՏԱՆՈՒՄ»
«Աղանդների դեմ միասնական պայքարի կոչը եւ դրան հաջորդող քայլերը» թեմայով երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որից հետո բանախոսներից «Սոցիալիստական շարժման» ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ զրուցեց «Իրավունքը»:
-Պարոն Ահարոնյան, գաղտնիք չէ, որ որոշ հասարակական, կրոնական կազմակերպություններ կոնկրետ ազգադավ գործունեություն են իրականացնում, մինչդեռ շատերը դեռ չեն պատկերացնում` ինչպիսի վտանգներով հղի կարող է լինել այս երեւույթը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մեր ազգը պառակտվեց եւ գնում է դեպի անդունդ: Բոլորը զբաղված են քաղաքական եւ հասարակական գործունեությամբ, բոլորի ուղվածությունն այս պահին «Բարգավաճ Հայաստան»-Հանրապետական հարաբերություններն են, բայց Հայաստանում մի քանի այլանդակ երեւույթներ կան, որոնք ավելի վտանգավոր են ու հակաառաքելական քարոզչություն են իրականացնում: Հետաքրքիրն այն է, որ լինելով կոմունիստ, լինելով սոցիալիստ` մեզ միշտ մեղադրել են, թե աթեիստ ենք, բայց մենք առաջին հերթին քրիստոնյա հայեր ենք եւ ոչ մի կերպ չենք ընդունի, որ մեր միասնությունը` Հայ առաքելական եկեղեցու շուրջ, պառակտվի: Եվ սրա համար մեղադրում եմ ե՛ւ Ազգային ժողովին, ե՛ւ Արդարադատության նախարարությանը, որ հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են դրսից` ստանալով գրանտներ, պառակտիչ աշխատանք են տանում Հայաստանում: Պետք է դրանք արգելվեն: Միգուցե, սրա համար մարդու կեղծ իրավունքների պաշտպանները կասեն, թե Ահարոնյանը ստալինիզմի կողմնակից է: Այո՛, ստալինիզմի կողմնակից եմ ու գտնում եմ, որ ամենախիստ ձեւով պետք է արգելվեն Հայաստանում պառակտում հրահրող հասարակական եւ քաղաքական կազմակեպությունները, այդ թվում «Եհովայի վկաների» գործունությունը:
- Մենք գիտենք, որ Դուք միացել եք «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սեւան Աղաջանյանին եւ կոնկրետ պայքար եք տանում` ընդդեմ «Եհովայի վկաների»: Ի՞նչ է ենթադրում այդ պայքարը:
-Ամեն մեկս առանձին-առանձին պայքար էինք տանում «Եհովայի վկաների» եւ գենդերային հավասարության դեմ: Եթե իշխանությունները, ներքին գործերը չեն ընդունում, որ պետք է արգելվի դա, մենք, ինչպես եւ Սեւանը, որտեղ տեսնում ենք «Եհովայի վկա», ամենակոպիտ ձեւով փորձում էինք դեմն առնել: Արդյունքում` մեզ եւ իրենց տանում էին ոստիկանություն, քանի որ մենք գործ տվող չենք, «Եհովայի վկաները» գործ էին տալիս, թե մենք իրենց խանգարում ենք, մենք էլ ստիպված գրում էինք, որ իրենք օրենք են խախտում: Չէ՞ որ դպրոցների մոտ, որտեղ սովորում են անչափահաս երեխաներ, քարոզչություն են իրականացնում եւ ոտնահարվում են յուրաքանչյուր քրիստոնյա մարդու իրավունքները, փորձում են գեղեցիկ գրքեր նվիրելով` երեխաներին ներգրավել իրենց շարքերը, իսկ դա հակապետական քայլ է: Սակայն, ամեն անգամ ոստիկանությունը տալիս էր մերժում, թե` կներեք, իրենք օրենքով են գործում: Իսկ եթե իրենք «օրենքով են գործում», ապա մենք ընտրում ենք պայքարելու ամենակոպիտ եւ դաժան ձեւը: Եվ հիմա որտեղ մեզ տեսնում են, փախչում են մեզնից: Կոչ եմ անում ժողովրդին, որ ում համար թանկ է Հայ առաքելական եկեղեցին, ով իրեն համարում է քրիստոնյա, ով իրեն համարում է հայ, այնտեղ, որտեղ չեք կարողանում նրանց դեմն առնել, որտեղ պետությունը մեզ չի պաշտպանում, դիմել մեզ: Երեւի վախենում են, թե Եվրամիությունն ու ամերիկյան ուժերը կասեն` վայ, ձեր մոտ դեմոկրատիան կոտնահարվի, դրա համար էլ պատկան մարմինները լռում են: Բայց ավելի լավ է դեմոկրատիան մեզ մոտ ոտնահարվի, քան թե մեր ազգը լինի պառակտված:
- Ի դեպ, քանի որ անդրադարձաք եվրակառույցին, նշեմ, որ վերջերս ԵԽԽՎ-ում 22 եվրապատգամավոր բանաձեւ էին ստորագրել ընդդեմ «Իրավունքի», որտեղ հորդորում են ՀՀ իշխանություններին հետապնդումներ սկսել թերթի դեմ, քանի որ այն մշտապես հանդես է գալիս` համասեռամոլների լոբբիստների վերաբերյալ բացասական կարծիք արտահայտելով: Ինչպես եք վերաբերվում այս երեւույթին, երբ ակնհայտ ճնշումներ են գործադրվում Արեւմուտքից` ընդդեմ խոսքի ազատության:
- Ամեն քաղաքական, հասարակական գործիչ, որն այսօր եվրոպական քայլերից վախեցած` կլռի, ուրեմն` իրավունք չունի հայ կոչվելու ընդհանրապես: Մենք պետք է կարողանանք ամեն ձեւով այն, ինչ որոշում են եվրոպական կառույցները` նմաններին պաշտպանելու համար, դրան հակառակն այստեղ անել: Ամենամեծ խնդիրն այն է, որ այդ եվրոպական գաղափարները մեր ժողովրդի մի մասն ընդունում է, բայց փոքր մասն էլ ավելանում է, որն այսօր դեմ է կանգնում դրան:
- Տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը հաշվի առնելով` հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ՍԻՄ կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 24-ը համարվեն Ազգային միասնության օրեր: Միանո՞ւմ եք այս նախաձեռնությանը:
- Ողջունում եմ ՍԻՄ-ի նախաձեռնությունը: Ցավով ուզում եմ ասել, որ մենք պետք է կարողանանք դեմն առնել ե՛ւ ժիրայրսեֆիլյանների, որոնք ազգի դավաճաններ են այս պահին, եւ գագիկծառուկյանների, ե՛ւ մյուսների, որեւէ լարվածություն ստեղծելը 100-րդ տարելիցի շեմին, չմտածված քայլ է: ՍԻՄ-ի նախաձեռնությանը միանում եմ եւ ինչով կարող եմ պատրաստ եմ օգտակար լինել, պատրաստ եմ պայքարել, որ մենք մինչեւ ապրիլի 24-ն առաց ցնցումների անցկացնենք: Չէ՞ որ 100 տարի սպասել ենք այս օրվան եւ միգուցե ինչ-որ մի հարց կարողանանք լուծել հանուն ժողովրդի: Բայց կրկնում եմ` ցավում եմ, որ չի ստացվում, քանի որ կան պառակտիչներ ու պրովակատորներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

