«ԳՈՆԵ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՊԻՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵՆ»
Արխիվ 12-16«ԳՈՆԵ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՊԻՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵՆ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցի սկիզբը կարդացե՛ք ստորեւ տեղադրված հղումով:
«ՈՒԶՈՒՄ ԵՔ ՔԱՈ՞Ս ՍՏԵՂԾԵԼ` ՄԻՆՉԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ»
- Պարոն Զոհրաբյան, չե՞ք կարծում, որ ներքին որոշակի ուժեր 100-րդ տարելիցին ընդառաջ` ինչ-որ ուղղորդված սադրանքներ են իրականացնում` սկսած Ժիրայր Սէֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունից մինչեւ քաղաքական նման մեծ ու փոքր շոոուները:
- Թուրքիան ձեռք ու ոտք է ընկել եւ տասնյակ միլիոններ է ծախսում, որպեսզի կարողանա արժեզրկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Հենց նույն Ժիրայր Սէֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը նպաստում է թուրքերի ջրաղացին ջուր լցնելուն: Նրանք ասում են` տեսե՛ք, դուք ասում եք մենք վատն ենք, բայց դուք մեզնից վատն եք, քանի որ ձեզ մոտ կան քաղաքական ուժեր, հասարակության որոշակի շրջանակներ, ովքեր ձեզ ասում են հեռացե՛ք: Անդրադառնամ նաեւ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքներին. Ցեղասպանության 100-ամյակին մնացել է ընդամենը ամիսուկես, չէ՞ որ Թուրքիան միջազգային արենայում օգտագործելու է սա մեր դեմ, թե տեսեք` իրենք իրենց ներսում չեն կարողանում կառավարել, իրենց հասարակությունը համաձայն չէ իշխանությունների հետ, մինչդեռ համահայկական հռչակագիր են ներկայացնում: Չեմ ասում, թե թուրքական գործակալներն այստեղ շատ են, բայց նրանք իրենց միջնորդավորված գործակալների միջոցով, որովհետեւ կան նաեւ իրենց բարեկամ-դաշնակից պետությունների գործակալներ, մարդկանց, քաղաքական ուժերի դրդում են ոտքի կանգնել: Սա շատ բարդ գործընթաց է, որը միանգամից չի երեւում: Բայց արդյունքը տեսանելի է. Սէֆիլյանը թույլ էր, չկարողացավ, ու հիմա ընդդիմությունն է փորձում: Բա ամոթ չէ՞, 100-րդ տարելիցի նախաշեմին բարձրացնել իշխանափոխության, արտահերթ ընտրությունների հարց: Ուզում եք քաո՞ս ստեղծել` մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ»
-Ի դեպ, քանի որ անդրադարձաք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին` նշեմ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակասահմանադրական է համարել ողջ հայության անունից հռչակագիր հրապարակելը...
- Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը` որպես ընդդիմություն, քանի որ ինքը չի այդ հռչակագիրը կարդացել, պիտի նման բաներ խոսի: 1990 թվականին նա նույնիսկ դեմ էր, որ անկախության հռչակագրում Ցեղասպանության մասին նշում լիներ, մի կերպ դա մտցվեց, որն այսօր, որպես իրավական հիմք, օգտագործում ենք, ուր մնաց, թե սրան համաձայնի: Երբ քաղաքական գործիչը ընդդիմադիր դիրքերից ելնելով` նսեմացնում է ամեն ինչ, նա այլեւս գործիչ չէ: Չեմ համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական գործիչ, նա խանդ, թշնամություն է առաջարկում հասարակությանը: Ամոթալի երեւույթ է փրփուրներից կառչելը: Ինչ վերաբերում է հռչակագրին` այո, այն համազգային է, որովհետեւ համաձայնեցված է Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Եվ, իհարկե, այն պետք է հրապարակեր Հայաստանի Հանրապետությունը` որպես իրավական, ժողովրդավարական, ճանաչված անկախ պետություն: Եվ այս դեպքում, անկախ պետությունն է հայտարարում պահանջատիրության, Հայ դատի եւ Ցեղասպանությունը ճանաչելու մասին, իսկ արդյունքում փուլ առ փուլ գնալու ենք Թուրքիայի ապօրինի գրաված տարածքները հետ վերադարձնելու, ապօրինի պայմանագրերը հերքելու ուղղությամբ: Ինչեւէ, գոնե Ցեղասպանության հարցում բոլորը պիտի միասնական լինեն:
- Հենց Հայոց ցեղասպանության հարցում միասնական լինելու գաղափարին է միտված ՍԻՄ կուսակցության նախաձեռնությունը, որով առաջարկվել է փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 24-ը ընդունել որպես Ազգային միասնության օրեր:
- Լիովին ճիշտ գաղափար է, անձամբ համաձայն եմ: Հանրապետական կուսակցության անունից չեմ կարող ասել, որովհետեւ պետք է քննարկենք, բայց կարծում եմ, որ մենք կողմ կլինենք նման հայտարարությանը: Իսկապես կան վտանգներ, որ թուրքական քարոզչությունը հենց ներսում որոշ ուժերի միջոցով փորձում է նսեմացնել ու փչացնել 100-րդ տարելիցին նվիված միջոցառումները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի սկիզբը կարդացե՛ք այստեղ`

